Արսեն ԳԱՍՊԱՐՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԵՏ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս փուլում, երբ Հայաստանի գլխին վտանգ է կախված, շատ կարևոր է զարգացնել հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները, և ոչ թե փչացնել դրանք։ News.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում նման կարծիք է հայտնել Ex Oriente Հայաստանի արևելագետների միության համահիմնադիր, քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը։
«Ռուսաստանը և Իրանը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են։ Չի կարելի ուրիշների հետ հարաբերություններ զարգացնել այս երկու երկրների հետ հարաբերությունների հաշվին։ Նրանք, ովքեր ասում են, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից, Ռուսաստանին հարցրե՞լ են՝ հեռանո՞ւմ է․․․ Ի վերջո, խոսքը միջուկային գերտերության մասին է։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում պահպանվում է մի քանի դար, այդ թվում՝ այժմ։ Վրաստանում (Աբխազիայում և Հարավային Օսիայում) այդպես է, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, Էրեբունի օդանավակայանը և սահմանապահ ուժերը, Ադրբեջանի տարածքում ևս կա ռուսական ռազմական ներկայություն՝ Արցախում՝ ի դեմս ռուս խաղաղապահների, այժմ այդ հարցը Մոսկվայի և Բաքվի միջև է միայն։ Ինձ թվում է՝ Հայաստանում խնդիր կա հասկանալու, թե ինչ են ուզում ռուսները։ Հայ-ռուսական երկխոսությունը ձախողվել է, պետք է մտածել, թե ինչպես վերականգնել հայ-ռուսական հարաբերությունները։ Հակառակ դեպքում հայ ժողովրդի համար լուրջ կլինեն հետևանքներ»,- նշել է Գասպարյանը։
ՀԱՊԿ-ի հետ կապված խնդիրները, նրա գնահատմամբ, կապված են այն բանի հետ, որ 5-6 տարի երկկողմանի մակարդակով Հայաստանի և կազմակերպության անդամ երկրների հարաբերություններում առաջընթաց չի գրանցվել։
«Շատ կարևոր է, որ խորհրդարանական ընդդիմությունն այս երկրներում Հայաստանի նախկին և ներկա դեսպաններին հրավիրի Ազգային ժողով և բացատրություններ ստանա ստեղծված իրավիճակի հետ կապված։ Սրան զուգահեռ գործում է ԵԱՏՄ-ն։ Սա նշանակում է, որ բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր աշխատել են այս կառույցներում, ձախողել են իրենց աշխատանքը։ Սա դիվանագիտության ձախողում է»,- ասաց Գասպարյանը։
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքը, և վերջինը Հարավային Կովկասը տեսնում է որպես Թուրքիայի ապագա ազդեցության գոտի՝ Ռուսաստանի ազդեցության թուլացման հեռանկարով, ուստի, հայ-թուրքական սահմանը ոչ միայն երկու երկրների, այլև ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի սահմանը։
Գասպարյանի դիտարկմամբ՝ այժմ Ռուսաստանի շահերը մի շարք հարցերում համընկնում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի հետ, բայց չի բացառում, որ ռուս-թուրքական հարաբերությունների բնույթը կարող է փոխվել ժամանակի ընթացքում և որոշակի հանգամանքներում։
«Ռուսաստանը չի մոռանա Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը, ինքնաթիռի խոցումն ու օդաչուի սպանությունը, սրանք հարվածներ են, որոնք պետությանն են հասցվել, և պետությունները պատասխան հարված հասցնում են, երբ դրա ժամանակը գալիս է։ Մյուս կողմից, սակայն, Հայաստանը չպետք է սրա վրա խաղա։ Հատկապես Արցախի կորստից հետո մենք պետք է կենտրոնանանք ներքին խնդիրների լուծման վրա, որոնք շատ են։ Հայաստանին պետք է իշխանություն, որը կարող է գործարքներ կնքել՝ ելնելով հայ ժողովրդի շահերից։ Ինչո՞ւ կորցրինք Արցախը՝ որովհետև Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գործարքի չգնաց Ռուսաստանի հետ, իսկ Արցախի բանալիները Մոսկվայում էին, եթե Պեկինում լիներ, կասեի՝ գնացեք Պեկին․․․ Պետք էր հասկանալ, թե ինչից կարելի է հրաժարվել, ինչ կարելի է ձեռք բերել։ Եթե Հայաստանն այս անգամ էլ չկարողանա գործարքի գնալ Ռուսաստանի հետ իր անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, դա կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների։ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը, որը մղվում է Ուկրաինայում, կարող է պրոյեկտվել Կովկասում, և եթե մենք այս խաղը ճիշտ չխաղանք, կարող են լուրջ հետևանքներ լինել»,- շեշտեց նա։
Գասպարյանի համոզմամբ՝ Սյունիքի և այնտեղով անցնելիք հնարավոր ճանապարհի հարցում Հայաստանը պետք է գործարքի գնա Ռուսաստանի և Իրանի հետ, իսկ թե ինչ է ասում Արևմուտքնը, կարծում է, այդքան էլ կարևոր չէ։
«Եթե Իրանում մտահոգություններ կան Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, դա նշանակում է, որ հայկական դիվանագիտության մեջ իրանական գծի հետ կապված թերացում կա։ Արևմուտքին պետք է բացատրել Թեհրանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը»,- նկատեց Գասպարյանը՝ անդրադառնալով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայաստանցի գործընկերների հետ հանդիպումներում վերջին ամիսներին հնչեցվող հայտարարություններին առ այն, որ արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը Հարավային Կովկասում լուրջ հետևանքներ կունենա։