Միրզա ԴԻՆԱՅԻ. ՊԵՏՔ Է ԼՈՒՐՋ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր Politik.am-ը զրուցել է անվանի իրավապաշտպան, հեղինակավոր «Ավրորա» մարդասիրական մրցանակի դափնեկիր Միրզա Դինայիի հետ։

 

- Հարգարժա՛ն Դինայի, մենք գիտենք, որ «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը բանտարկված է Բաքվում։ Դուք ինչպե՞ս եք որակում Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի առևանգումը և բանտարկումը։

- Շնորհակալ եմ հարցի համար։ Պետք է ասել, որ հարգարժան Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը մեծ վնաս էր մարդու իրավունքների ընկալմանը։ Ռուբեն Վարդանյանն աշխարհի համար միայն հայ գործիչ չէ, նա միջազգային մակարդակի բարերար և մարդասեր էր, և իր տասնյակ տարիների աշխատանքով, որն իր ընտանիքով արել է, արել է առանց տարբերության, թե ում են ուղղված այդ բարեգործական ծրագրերը։ Իր բարեգործական ծրագրերի շահառուները տարբեր ազգերի և կրոնների ներկայացուցիչներ էին։ Մենք հուսով էինք, որ Ադրբեջան պետությունը չպետք է այն որակումով նայեր Ռուբեն Վարդանյանին, որով նայում է։ Սա մեծ հարված էր աշխարհի մարդասերների համայնքին։ Այս պատճառով մարդասիրությամբ, մարդու իրավունքներով զբաղվող ցանկացած մեկի մոտ դժգոհություն է առաջացրել այս գործողությունը։

- Ստացվեց այնպես, որ մարդասիրական «Ավրորա» մրցանակի հիմնադիրը, ով, ինչպես դուք ասացիք, աշխարհում աջակցել է միլիոնավոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային, կրոնական պատկանելությունից, այժմ գտնվում է Բաքվի բանտում և օգնության կարիք ունի։ Ի՞նչ կարելի է անել նրան օգնելու համար:

- Իրականում պետք է ասենք, որ միջազգային կառույցները Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցածի մասով այնքան էլ գոհացնող աշխատանք չեն տարել։ Պետք է նկատել նաև, որ պետությունների կողմից վարվող քաղաքականությունը պայմանավորված չէ այդ երկրներում գործող իրավապաշտպանների գործունեությամբ, և այսօր մենք աշխարհի շատ երկրներում տեսնում ենք իրավապաշտպանների նկատմամբ ապօրինի գործողություններ, բայց ես կարծում եմ, որ Ռուբեն Վարդանյանի մասով պետք է առավել ուժեղացնենք մեր ջանքերը, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը մարդասիրություն դրսևորի։ Այս առումով «Ավրորա» մարդասերների համայնքը ևս իր անելիքներն ունի, և արվել են որոշ քայլեր՝ մենք նականեր են ուղարկել, ուղերձներ հղել, բայց գտնում եմ, որ ավելին կարող ենք ու պետք է անենք, հատկապես քաղաքական իմաստով։

- «Ավրորա» համայնքը քայլեր ձեռնարկու՞մ է: Այստեղ՝ Հայաստանում, մեզ թվում է, թե համայնքը պասիվ է։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Կարծում ենք, որ գոնե «Ավրորա» համայնքը կարող է միջազգային շարժում սկսել և աշխարհին ցույց տալ, որ Արցախի ժողովրդի հետ մեկ տարի ծանր պայմաններում անցկացրած մարդասիրական մրցանակի համահիմնադիրն ապօրինի է պահվում Բաքվում։

- Առաջինն, իհարկե, պետք է արձանագրենք, որ «Ավրորան» մարդասիրական համայքն է, մենք քաղաքական նախաձեռնություն չենք, և այս իմաստով մեր քայլերն ավելի շատ քաղաքացիական դաշտում են, իսկ քաղաքական դաշտում շատ գործիքներ չունենք։ Առավել ազդեցիկ գործիքներ ունեն քաղաքական կառույցները։ Պետք է ասեմ, որ Ռուբեն Վարդանյանի հետ «Ավրորա» համայնքը 2020-ից սկսած մեծագույն մարդասիրական աշխատանք է արել՝ ի աջակցություն Արցախի հայերի։ Եվ այս իմաստով մեր «Ավրորան», կարծում եմ, ամենամեծ մարդասիրական աշխատաքն իրականացնողն է եղել։ Ասեմ նաև, որ այս գործին լծված են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, քանի որ «Ավրորան» միջազգային կառույց է, և այնտեղ միայն հայեր չեն։ «Ավրորայի» շահառուները, ինչպես արդեն ասացի, միլիանվոր մարդիկ են աշխարհի տարբեր երկրներից։ Քաղաքական պրոցեսների վրա ազդեցության առումով, կարծում եմ, առավել մեծ անելիքներ ունեն մարդու իրավունքների դրոշակակիր հանդես եկող այնպիսի միջազգային կառույցները, ինչպիսիք ենք Եվրոպական միությունը, Եվրոպական խորհուրդը, ինչպես նաև ՄԱԿ-ը։ Այս կառույցները զգալի ազդեցություն կարող են ունենալ պրոցեսի վրա։ Պետք է լրջագույն աշխատանք տարվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ «Ավրորան», ինչպես արդեն ասացի, մարդասիրական կառույց է, և քաղաքական կառույցների, պետությունների վրա ազդեցության առումով մեր ձեռքերն այդքան երկար չեն։

- Հարցս, իհարկե, այն մասին չէր, որ իրավապաշտպանները մեծ ազդեցություն ունեն միջազգային կառույցների որոշումների վրա, որտեղ անդամները պետություններ են։ Ես խոսում էի այն մասին, որ իրավապաշտպաններն ազդեն իրենց պետությունների կառավարությունների վրա։ Դուք, օրինակ, ապրում եք Իրաքում և հարգված իրավապաշտպան եք, գործունեություն եք ծավալում նաև Գերմանիայում։ Կարող եք չէ՞ դիմել ձեր կառավարությանը և տեղյակ պահել խնդրի մասին, որպեսզի կառավարություններն էլ իրենց գործիքներն օգտագործեն։

- Այո, ես արդեն ասացի, որ կա առավել մեծ աշխատանք իրականացնելու անհրաժեշտություն։ Կարող եմ նաև ասել, որ մենք, որպես մարդասիրական այս ընտանիքի անդամներ, երբ մասնակցում ենք մարդու իրավունքներին առնչվող որևէ միջազգային քննարկման, անպայման բարձրաձայնում ենք Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցողի մասին։ Նույնը անում ենք նաև մեր երկրների ներքին քննարկումների ժամանակ, սակայն սա բավարար չէ, քանի որ Ռուբեն Վարդանյանը ծանրագույն վիճակում է գտնվում և պետք է գործի դրվեն նաև ազդեցության այլ գործիքներ:

- Պարո՛ն Դինայի, եթե մենք ընթերցենք Ռուբեն Վարդանյանին վերագրվող ադրբեջանական մեղադրանքները, ապա ականատես կլինենք թատրոնի, քանի որ մարդու, ով համահիմնադիրն է մարդասիրական մրցանակի, մարդու, ով աջակցել է ահաբեկիչներց տուժած ժողովուրդների, մեղադրում են «ահաբեկչության ֆինանսավորման» և «ահաբեկչական խմբերի ստեղծման» մեջ։ Սա հատկապես աբսուրդ կլինի ձեր համար, քանի որ դուք պաշտպանում էիք ահաբեկիչներից տուժած եզդիների իրավունքները, և Վարդանյանն այս հարցով ձեզ աջակցողներից է։

- Ես էլ Ձեզ պես շոկի մեջ եմ, երբ լսում եմ, թե ինչ «հանցագործություններ» են վերագրում Ռուբեն Վարդանյանին։ Ես ինքս էլ 2020-ին այցելել եմ Արցախ և ականատես եմ եղել մեծ աշխատանքի՝ ուղղված պատերազմից տուժած ժողովրդի աջակցությանը։ Ռուբեն Վարդանյանն այնտեղ էր իր ժողովրդի կարիքների համար, նրանց գոյության պայքարի համար։ Ռուբեն Վարդանյանն այնտեղ չէր ադրբեջանցիների դեմ թշնամության համար, նա այնտեղ էր, քանի որ իր ժողովուրդն աջակցության կարիք ուներ։ Ամոթալի է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այս անհիմն մեղադրանքը: Մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցները պետք է արձագանքեն սրան և առավել բարձր խոսեն Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցողի մասին։ Այո՛, իր մասին խոսում են, իր ազատ արձակվելու անհրաժեշտության մասին խոսում են, բայց դա բավարար չէ։

- Պարո՛ն Դինայի, արդյո՞ք Ռուբեն Վարդանյանի հետ տեղի ունեցածը նախադեպ չի կարող դառնալ, որը կնպաստի աշխարհի տարբեր կոնֆլիկտային գոտիներում գործունեություն ծավալող բարերարների, մարդասերների թիրախավորմանը: Կարող է չէ՞ կրկնվել իրավիճակն այլ բարերարների դեպքում ևս։

- Այո, սա շատ բացասական նախադեպ կարող է լինել, և թիրախում կարող են հայտնվել այլ մարդասերներ ևս։ Ու եթե Ռուբեն Վարդանյանի նման մարդու ապօրինի ձերբակալման թեմայով մարդու իրավունքներով զբաղվողները լռեն, ապա կստացվի, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ևս գործում են երկակի ստանդարտներ: Ռուբեն Վարդանյանին ես դիտարկում եմ մարդասիրության միջազգային սիմվոլ, և Չինաստանից մինչև ԱՄՆ, բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով, պետք է խոսեն Ռուբեն Վարդանյանի մասին։ Եկեք չմոռանանք նաև, որ Արցախում տեղի ունեցածով պայմանավորված՝ 100 հազարավոր հայերի իրավունքներ են խախտվել։ Նրանք մնացել են անտուն, դարձել են փախստական։ Լռությունն այս մասով հանցագործություն է, և լռողները դառնալու են հանցակից։

- Պարո՛ն Դինայի, դուք խոսե՞լ եք Ռուբեն Վարդանյանի հետ, երբ նա Արցախում իր հայրենակիցների հետ շրջափակման մեջ էր գտնվում։

- Ցավոք սրտի, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, Ռուբեն Վարդանյանի հետ անձնապես կապ պահելու հնարավորություն չկար, բայց ես «Ավրորայի» երևանյան գրասենյակի հետ էի մշտապես կապի մեջ։ Վերջին անգամ ես մեկ տարի առաջ հանդիպել եմ նրա կնոջը և տեղեկացել, որ վիճակն օրհասական է Արցախում։ Ես վստահ եմ, որ Ռուբեն Վարդանյանն ինքն էլ գիտակցում էր, թե ինչ վտանգի է ենթարկում իր անձը, բայց նա որոշեց միայնակ չթողնել աջակցության կարիք ունեցող իր ժողովրդին։ Նա իրեն զոհաբերեց մի պայքարի համար, որի ճշմարտացիության մեջ վստահ էր։ Ձերբակալությունից առաջ նա գիտեր, որ օր օրի իր վիճակը ծանրանալու է, բայց որոշեց մնալ իր ժողովրդի կողքին։

Շնորհակալ եմ, պարո՛ն Դինայի, մեր հարցերին պատասխանելու համար։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էի անվանի իրավապաշտպան, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դնայիի հետ։

Politik.am