Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է «ՕՐԻՆԱԿԱՆ» ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.

1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական,

2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, և երկրի բնակիչներն իրեն չեն ենթարկվում, ուրեմն Ադրբեջանին մնում է ուժ գործադրել, և դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը,

3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից և նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է։

Արդյունքում Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլև այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել, կամ լիկվիդացնել: Փաստորեն, այդ անձը ՀՀ քաղաքացիներին կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է:

Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական և նա հայտարարվի օրենքից դուրս:

Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, նշանակում է, որ ՀՀ, այսպես կոչված, ղեկավարին և նրա խորհրդարանին, նրանց քաղաքականությունը համարում են Սահմանադրությանը համապատասխան և կիսում են պատասխանատվությունը»:

Aysor.am