Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով

«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։ Դատախազը բողոքարկել էր վճիռը։

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,– ասաց Աթանեսյանը։

Հիշեցնենք` Նարեկ Մալյանը 2023 թվականին ձերբակալվել էր «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը Ազատության հրապարակում բեմադրելու փորձի մեղադրանքով, ապա ազատ արձակվել:

Նույն տարվա սեպտեմբերին նա կրկին կալանավորվեց, բայց այլ մեղադրանքով։ Նա մեղադրվում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու մեջ։ Մալյանը մինչ օրս կալանքի տակ է։