ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ ԱՄՐՈՑՆԵՐ ԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՎԱՆՔԵՐ

Տավուշում հաղորդակցության ուղիների վերակառուցումը բնավ միայն հողերի կորուստ չէ

Ադրբեջանը 2021-2022 թվականներին բռնազավթել է, ամենահամեստ հաշվարկներով, Հայաստանի շուրջ 220 քառ.կմ տարածք Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում։ Սակայն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ 29,8 հազար քառակուսի կիլոմետր (արդեն ավելի քիչ) տարածքով երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության այսպես կոչված կողմնակիցը, հայտարարեց, որ չի բացառում Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման մեկնարկը հենց Տավուշից։ Ոչ Սյունիքից, ոչ Վայոց Ձորից, ոչ էլ Գեղարքունիքից։ Այլ հենց Տավուշից։

ԴԱ, ԸՍՏ ԵՐԵՎՈՒՅԹԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՀԱՆՋՆ Է։ Իսկ ինչո՞ւ պիտի ցանկանային սկսել, ասենք, Սյունիքից, որ հետո էլ ասեինք՝ այ, դուք մտել եք մեր տարածք, իսկ հիմա հետ քաշվեք։ Հասկանալի է, որ ադրբեջանցիներին հենց Տավուշն է ձեռնտու։ Բայց մենք հո կարող էինք չհամաձայնել ու ասել, որ սահմանազատման գործընթացը պիտի սկսվի ամենահյուսիսային հատվածից, իսկ հետո մետր առ մետր, ճշտելով հասնեինք վերջնական արդյունքին։ Բայց ոչ, մենք պատրաստ ենք համաձայնել այն ամենին, ինչ պահանջում է ադրբեջանական կողմը»,- մեզ հետ զրույցում ասաց տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ ՔՈՉԻՆՅԱՆԸ։

Եվ այսպես, դատելով Փաշինյանի հայտարարություններից, գործող իշխանությունները ծրագրում են Տավուշում կառուցել ճանապարհների նոր հատվածներ, որոնք դուրս են գալիս Հայկական ԽՍՀ սահմաններից: Խոսքը, մասնավորապես, դեպի Վրաստանի սահման տանող Իջևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհի մասին է, որը, ինչպես պարզաբանեց տրանսպորտի և կապի նախկին նախարարը, ի սկզբանե, դեռևս խորհրդային տարիներին, կառուցել է հայկական կողմը։ Դրա պահպանման, նորոգման և շահագործման բոլոր ծախսերը նույնպես կրել է հենց Հայաստանը։

«Մենք ենք կառուցել դա, մենք էլ շահագործել ենք։ Եվ ճանապարհի կառուցման պահից ի վեր ու առ այսօր մենք ենք հոգացել ճանապարհի վերանորոգման և պահպանման բոլոր ծախսերը»,- պարզաբանեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարություններին Տավուշի այն շրջաններում կոմունիկացիաների վերակառուցման կարևորության մասին, որոնք դե յուրե գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս՝ հնարավոր խնդիրները կանխելու համար, ապա, նախկին նախարարի համոզմամբ, նման քայլը, հակառակը, կհանգեցնի հայկական կողմի համար առավել քան լուրջ խնդիրների։

«Սևքար գյուղից սկսած մինչև Ջուջևան գյուղ ճանապարհն այդ հատվածներում շատ մոտ է ադրբեջանական սահմանին։ Եվ եթե կոմունիկացիաները վերակառուցվեն՝ այդ հատվածում տեղափոխելով ճանապարհը դեպի հետ, ապա մեր որոշ հողատարածքներ անմշակ կմնան, քանի որ գյուղացիները չեն համարձակվի մշակել իրենց հողատամասերը ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ։ Սա վերաբերում է Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց, Աճարկուտ գյուղերին։ Այնտեղ կարող է առաջանալ նաև մեկ այլ խնդիր, որի մասին հիմա ոչ ոք չի մտածում։ Կա հանրապետական ճանապարհ, որը Բաղանիս գյուղից գնում է դեպի Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան գյուղեր։ Ահա ուրեմն, այդ ճանապարհը հաղորդակցության ուղիների վերակառուցման դեպքում պարզապես կիպ կմոտենա ադրբեջանական սահմանին՝ անվտանգության լուրջ խնդիր ստեղծելով այդ երեք գյուղերի բնակիչների համար»,- բացատրեց Հ.Քոչինյանը։

Նրա խոսքերով, այսօր էլ Ոսկեպարից հետո ճանապարհի մոտ 3-4 կմ-ը մենք գրեթե չենք օգտագործում՝ շրջանցելով այդ հատվածը անմիջականորեն գյուղի միջով։ Իսկ եթե մյուս հատվածներում էլ ճանապարհը խորք բերվի, ապա կստացվի, որ այժմ օգտագործվող հիմնական ճանապարհն այլևս չի շահագործվի և հարկ կլինի կառուցել նորն ու երթևեկել դրանով:

«Այլընտրանքային ճանապարհը կանցնի անտառով։ Այսինքն Նոյեմբերյանից դեպի Իջևան, ճանապարհի աջ կողմով հարկ կլինի խորանալ անտառում և այնտեղ կառուցել նոր ճանապարհ, որի պահպանումը հետագայում չափազանց բարդ գործընթաց կլինի բնակլիմայական պայմանների պատճառով», - պատմեց մեր զրուցակիցը Տավուշում իշխանությունների ծրագրած կոմունիկացիաների վերակառուցման հետևանքների մասին։

НА ГРАНИЦАХ СТРОЯТ КРЕПОСТИ, А НЕ МОНАСТЫРИ

ԱՅԼ ԿԵՐՊ ԱՍԱԾ՝ ՓԱՍՏ ՉԷ, ԹԵ ԿԿԱՐՈՂԱՆԱՆՔ ՆՈՐՄԱԼ ՇԱՀԱԳՈՐԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ։ Բայց եթե անգամ ենթադրենք, թե այն կծառայի իր նպատակին՝ բացի ամենից ապահովելով նաև մեր անվտանգ երթևեկությունը, կառաջանա մեկ այլ խնդիր՝ արդեն տնտեսական բնույթի։ Օրինակ, այսօր Տավուշի այնպիսի խոշոր գյուղերում, ինչպիսիք են Կողբը և Բերդավանը, սեփականաշնորհված վարելահողերի զգալի մասը գյուղացիները չեն կարողանում օգտագործել, քանի որ դրանք գտնվում են ադրբեջանցիների գնդակոծության տակ։

«Հենց որ ցորենը հասունանա, նրանք այնտեղից սկսում են հրկիզել դաշտերը։ Եվ ահա, մարդիկ ցանեցին, բայց բերք հավաքել չկարողացան: Երկու տարի նույն բանն էր: Երրորդ տարում նրանք, բնականաբար, դադարեցին օգտագործել դաշտերը: Նույնը տեղի կունենա նաև մյուս գյուղերի հետ, եթե միջպետական ճանապարհը խորք բերվի։ Ճանապարհից այնկողմ մնացած հողերը ոչ ոք չի օգտագործի, և մենք հսկայական տնտեսական կորուստներ կկրենք։ Վերցնենք, օրինակ, Կոթիին հաջորդող Բարեկամավան գյուղը։ Եթե այնտեղ տանող ճանապարհը վտանգավոր դառնա, ապա գյուղում ոչ ոք չի մնա։ Թվում է, թե այդ տարածքը մերն է, բայց ընդ որում այն իսպառ կամայանա։ Չէ որ հարցը միայն որոշակի կիլոմետրեր կորցնելու մեջ չէ, այլև նրա, թե կկարողանանք արդյոք օգտագործել մեր վերահսկողության տակ մնացած հողերը»,- խնդրի էությունը շարադրեց տրանսպորտի և կապի նախկին նախարարը։

Մինչդեռ հայկական կառավարության ղեկավարը վախեցնում է մեզ նոր պատերազմով։ Օրերս, շփվելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, Փաշինյանը նշեց, որ եթե Երևանը չկատարի մի շարք սահմանամերձ գյուղեր Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջները, ապա պատերազմ կսկսվի: Այսինքն Հայաստանի վարչապետը համարում է, թե այդ գյուղերը պատկանում են ադրբեջանցիներին։ Եվ նրան բացարձակապես չի հուզում այն փաստը, որ Կիրանց գյուղի մոտակայքում կա միջնադարյան երկու վանք՝ 8-րդ դարի Կիրանց վանքը և 13-րդ դարի Առաքելոց վանքը։

«Ինչ եք կարծում, հայերը սահմանին վանք կկառուցեի՞ն։ Սահմաններին ամրոցներ են կառուցում, այլ ոչ թե վանքեր։ Կամ մեր մեկ այլ միջնադարյան եկեղեցին, որը կարելի է տեսնել Իջևանից Նոյեմբերյան տանող ճանապարհի աջ կողմում։ Այդ տարածքն ադրբեջանցիներն իրենցն են համարում։ Այդ ի՞նչ է, ստացվում է, որ 10-րդ դարում հայերը որոշել են հայկական եկեղեցի կառուցել Ադրբեջանի տարածքո՞ւմ։ Մենք շատ բան կարող ենք ապացուցել՝ հիմնվելով պատմական փաստերի վրա։ Քանզի դրանք բոլորը հայկական հողեր են, և ամեն մետրն այսօր պետք է պաշտպանել։ Մեր ողջ հասարակայնությունը հիմա պետք է ձայն բարձրացնի, բոլոր գիտնականները, պատմաբանները, քարտեզագրողները, Եկեղեցու ներկայացուցիչները, որոնք ունեն համապատասխան արխիվային փաստաթղթեր։ Բայց, ավաղ, անտարբերությունը համակել է մեր ժողովրդին։ Շատ վատ է, երբ անտարբեր ես դառնում ոչ միայն օտարների, այլև քո սեփական ճակատագրի, ավելին՝ Հայրենիքիդ ապագայի նկատմամբ: Եթե այդ անտարբերությունը մի քիչ էլ շարունակվի, տեղի կունենա անդառնալին»,- ամփոփեց մեր զրուցակիցը։