Իրանը և ԵՄ-ն ընդգծել են պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների շարունակման կարևորությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարտի 25-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր, ինչպես նաև Իրանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների վիճակը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից:

Երկուստեք ընդգծվել է հակաիրանական պատժամիջոցների չեղարկման նպատակով բանակցությունների և հանդիպումների շարունակման կարևորությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ի սկզբանե հստակ դիրքորոշում է որդեգրել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, և մենք պարզորոշ հայտարարել ենք, որ պատերազմի դիմելը լուծում չէ», - ասել է Ամիր Աբդոլլահիանը:

Իրանի ԱԳ նախարարն Ուկրաինայի դեմ օգտագործման համար իրանական զենքի մատակարարումների վերաբերյալ հայտարարություններն անվանել է «ձանձրալի և անհիմն»:

Հեռախոսազրույցի մասին X սոցիալական հարթակում հայտնել է նաև Ժոզեպ Բորելը։ Նա նշել է, որ Իրանի արտգործնախարարի հետ քննարկել է պահվող անձանց ազատ արձակման և միջուկային լարվածությունը սրելուց խուսափելու անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը։ Բորելը կարևոր է համարել, որ Իրանն իր տարածաշրջանային ազդեցությունն օգտագործի իրավիճակի ապաէսկալացման համար։