ՀՀ-ում ընտանեկան բռնությունների դեպքերով քրգործերի քանակը 1 տարում ավելացել է 92,5%-ով

Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերով դատարան ուղարկված վարույթները 2023 թվականին ավելացել են, բացի դրանից տուժողներն էլ սկսել են ավելի շատ դիմել իրավապահ մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով նախորդ տարում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված քրեական վարույթների շարժընթացը։

«2023 թվականին ՔԿ-ի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քննվել է ընտանեկան բռնության դեպքերով նախաձեռնված 1848 քրեական վարույթ՝ 2022-ին քննված 960 վարույթի դիմաց։ Այսպիսով՝ ընտանեկան բռնությունների կամ նման առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ քննված քրեական վարույթների քանակը մեկ տարում ավելացել է 888-ով կամ 92,5 տոկոսով»,– ասված է հաղորդագրությունում։

Բացի այդ, վերջին շրջանում ընտանեկան բռնությունների վերաբերյալ դեպքերի մասին տուժողների կողմից իրավապահ մարմիններին դիմելու միտում է նկատվում, այսինքն` ոչ թե բռնությունների դեպքերն են ավելացել, այլ բացահայտումները։

ՔԿ–ն պարզաբանում է` վարույթների քանակական աճը պայմանավորված է հիմնականում 2022թ հունիսից ուժի մեջ մտած Քրեական դատավարության նոր օրենսգրքի պահանջներից բխող՝ քրեական վարույթներով վիճակագրության վարման նոր մեթոդաբանությամբ։

Դրան զուգահեռ արձանագրվել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակական աճ։ Դրանց 51%-ը վերաբերում է ֆիզիկական ներգործություն կատարելու (ծեծի) դեպքերին։ 2023-ին քննված 1848 վարույթից 338-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 341 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ 2022-ին դատարան է ուղարկվել 122 վարույթ՝ 126 անձի վերաբերյալ մեղադրանքով։

Մասնավորապես 343 վարույթներից 4-ը քննվել են սպանության հատկանիշներով (2022-ին սպանության դեպքերի վերաբերյալ դատարան է ուղարկվել 9 վարույթ), ևս 4-ը՝ սպանության փորձի, 1-ը՝ ինքնասպանության հասցնելու, 6-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 1-ը՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու, 3-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 2-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, 177-ը՝ ֆիզիկական ներգործության, 105-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների գերակշռող մասը եղել են ամուսնական կապի մեջ։ Մասնավորապես 349 մեղադրյալից 259-ը եղել են կին/ամուսին (74%), 35-ը` ծնողներ կամ տատ–պապ, 28-ը՝ քույր/եղբայր, 27-ը՝ զավակ/թոռ։ Դատարան ուղարկված վարույթներով 359 տուժողից 13-ը եղել են մինչև 12 տարեկան, 8-ը՝ 12-14 տարեկան, 6-ը՝ 14-18 տարեկան, 332-ը՝ 18-ից բարձր տարիքի:

608 վարույթ փոխանցվել է 2024 թվականին:

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած և գործող ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ որոշ հանցատեսակների պարագայում, օրինակ` սպանություն, առողջությանը ծանր, միջին կամ թեթև վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, հոգեկան կամ ֆիզիկական ներգործությունը և այլն, հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարելը, համարվում է ծանրացնող հանգամանք:

Sputnik Արմենիա