Սիմոնյան․ Ռուս սահմանապահներին հայ-թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել

ՌԴ սահմանապահներին հայ–թուրքական սահմանից դուրս բերելու խոսակցություն չի եղել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՌԴ սահմանապահները դուրս բերվեն նաև հայ-թուրքական սահմանային հատվածից։

«Նման խոսակցություն չի եղել, սա այդ դեպքը չէ,– պատասխանեց Սիմոնյանը և հավելեց,– խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ՌԴ սահմանապահները կկարողանան պաշտպանել մեր երկիրը»։

Սիմոնյանի խոսքով՝ «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու հարցն էլ Հայաստանի համար վերջնականապես որոշված է` ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» կմնան մինչև օգոստոսի 1-ը։

«Փորձ է արվում դա ներկայացնել որպես միջպետական համաձայնագրից դուրս գալու քայլ, բայց իրականում սա միջգերատեսչական համաձայնություն էր, որի նպատակն էր տվյալ հատվածում օգնել հայ սահմանապահներին, թեթևացնել նրանց բեռը։ Այլևս այդ բեռը թեթևացնելու կարիք չկա»,- ընդգծեց ԱԺ նախագահը` հավելելով, որ ռուսական կողմին շնորհակալություն են հայտնել օգնության համար։

Sputnik Արմենիա