Հայաստանը չի միացել ՀԱՊԿ ԽՎ-ի՝ «Կրոկուս»-ի ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը

Հայաստանը չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը, Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։

«Հայկական կողմին առաջարկվել է միանալ դիմումին, սակայն առաջարկը մերժվել է ՝ կազմակերպությունում երկրի մասնակցության սառեցմամբ պայմանավորված», - պարզաբանեց Ղուլյանը:

Նա ընդգծեց, որ միանալուց հրաժարվելը պայմանավորված է բացառապես ՀԱՊԿ գործոնով ։ Ինչ վերաբերում է բուն ողբերգությանը, ապա խորհրդարանի խոսնակն իր տելեգրամյան ալիքում արդեն ցավակցություն է հայտնել, իսկ խորհրդարանի փոխնախագահը Ժնևում ունեցած ելույթում դատապարտել է ահաբեկչությունը:

Հավելենք, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի հայտարարությունում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները խստորեն դատապարտել են «դաժան և ցինիկ ահաբեկչական հարձակումը, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի մարզում և հանգեցրել է բազմաթիվ զոհերի խաղաղ քաղաքացիների շրջանում»։