Ալեքսան ՄԻՆԱՍՅԱՆ․ ՄԵԶ ՊԵՏՔ Է ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏ ԲԱՆԱԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեր բանակի 80 տոկոսը պետք է փոխվի ստանդարտից դուրս. Մենք պատկերացնում ենք ստանդարտ բանակ, որը պետք է պատը պատին հանդիպի ու պատերազմ տանի, բայց հիմա այդպես չէ: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ռազմական գործիչ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի հիմնադիր, «Վերելք» կուսակցության ղեկավար Ալեքսան Մինասյանը:
«2020-ին մեր ռազմական բյուջեն եղել է 711 մլն, այն պարագայում, երբ Ադրբեջանինը եղել է 2 մլրդ 900 մլն դոլար, այսինքն 4 անգամ գերազանցել է մեր բյուջեն: Եթե մարդկային ռեզերվի հարցը նայենք, իրենք 3,7-3,8 անգամ գերազանցել են մեզ: Սա նշանակում է, որ մենք իրավունք չունենք ստանդարտ բանակով պայքարելու:
Բացի այդ, մենք չդրեցինք բանակի և ֆիդայու տարբերությունը: Ֆիդային ավելի ազատ է, նա որոշ գործողություններ անում է ինքնուրույն, իսկ զինվորը կատարում է հրահանգներ, մտածված շարժեր են կատարվում, որը ես այս անգամ չնկատեցի»,-ասաց նա:
Հարցին, թե ո՞րն է ոչ ստանդարտ բանակ ասվածը, Ալեքսան Մինասյանը պատասխանեց. «Ոչ ստանդարտ բանակ նշանակում է բանակ, որի ամեն մի անհատը պատրաստված է աշխատելու անգամ զույգերով, երեք հոգով: Բանակը պետք է պատերազմը տեղափոխեր թշնամու դաշտ, այսինքն սահմանից այն կողմ: Դա մեզ հնարավորություն կտար այնպես անել, որ նրանց ԱԹՍ-ները մեզ չխոցեին: Որովհետև երբ տեղափոխվում ես իրենց մեջ, ԱԹՍ-ն չի կարողանում հասկանալ՝ սա ադրբեջանցի է, թե հայ:
Թալիբները պետության տեր դարձան՝ չունենալով ոչ ԱԹՍ-ներ, ոչ ինքնաթիռներ, ոչ ծանր տեխնիկա: Իրենց մոտ լավագույն զենքը ծանր գնդացիրն էր: Մենք կարող էինք նույնատիպ պատերազմ մղել: Բացի այդ, առաջարկներ կային թնդանոթները դնել կարճ ռելսերի վրա, որ 15-20 մետր տեղաշարժվեին, ինչը թույլ է տալիս, որ ավելի ճկուն լինես և քիչ խոցվես:
Ոչ ստանդարտ բանակ նշանակում է ունենալ 2-3 հոգանոց պատրաստված խմբեր թշնամու թիկունքում: Նաև զինվորների մկանահոդային համակարգը պետք է փոխվի: Զինվորը դառնում է կիսամարզիկ, կիսազինվոր, ինչը հնարավորություն է տալիս շատ ճկուն գործելու, և այդ պարագայում հակառակորդը շատ մեծ խնդիրներ է ունենում»: