Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԻՐ ՇԱՀԵՐԸ ԵՎ ԻՐԵՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԼԻՆԻ, ԹԵ ՈՉ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արևմուտքին պետք է ժամ շուտ այստեղ լինի խաղաղության պայմանագիր։ Իրեն ընդհանրապես չի հետաքրքրում՝ Հայաստանի որ տարածքով»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը։

 

Նրա խոսքով, Արևմուտքի մոտիվացիան առավել քան հստակ է՝ նրա նպատակն է ՌԴ ազդեցությունը հնարավորինս մինիմիզացնել, հնարավորության դեպքում զրոյացնել տարածաշրջանում։

«Ի՞նչ է պետք դրա համար։ Կոնֆլիկտ չլինի։ Հիմա այդ կոնֆլիկտը չլինելը իր հետ կբերի՝ մի կողմն էլ չլինի, դա Արևմուտքի համար կարմիր գիծ չէ և կարևոր չէ։

Հաջորդ փուլում Արևմուտքը դնելու է խնդիր՝ պետք է չունենանք կոնֆլիկտային ոչ մի վիճակ Թուրքիայի հետ։ Թուրքիան հարկադրանքով ինչեր կստիպի, այս նույնի ավելի խորը, ավելի կոշտ պատկերն ենք ունենալու, որովհետև ամեն ինչին գումարած, նաև, ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է ու իրենց հիմնական գործընկերն է տարածաշրջանում։

Այդ ժամանակ ինչ ենք տալու, ինչքան ենք տալու, ում ենք տալու... Դրանով արդեն ռուսների գոյությունը մեր երկրում, տարածաշրջանում դառնում է որևէ կերպ չմոտիվացված»,- ասել է Կարեն Բեքարյանը։

Դիտարկմանը՝ Հայաստան չի մնում, նա պատասխանել է. «Դա իրեն չի հետաքրքրում։ Այդ մարդիկ իրենց շահերն այդպես են հաշվարկել և իրենց շահերն են առաջ մղում»։

Panorama.am