ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին

Կրասնոգորսկում տեղի ունեցած ողբերգության նախօրեին ԱՄՆ-ը ահաբեկչության սպառնալիքի մասին Ռուսաստանի Դաշնությանը հստակ և մանրամասն տեղեկություն է տրամադրել։ Դրա մասին լրագրողներին առցանց ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական կապերի համակարգող Ջոն Քիրբին։

Նա նշել է, որ իրականում Միացյալ Նահանգները փորձել է օգնել կանխելու այս ահաբեկչությունը։

«Մարտի 22-ի հարձակման նախօրեին ԱՄՆ-ը հստակ և մանրամասն տեղեկություն է տրամադրել Ռուսաստանի իշխանություններին Մոսկվայում մարդկանց հոծ բազմության և համերգներում ահաբեկչական սպառնալիքի առնչությամբ»,- ասել է Քիրբին։

Մարտի 7-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:15-ին, ԱՄՆ կառավարությունը, ըստ բնականոն ընթացակարգերի, բազմիցս օգտագործվող սահմանված ուղիներով գրավոր նախազգուշացում է ուղարկել Ռուսաստանի անվտանգության ծառայություններին։

Քիրբին հավելել է, որ հաջորդ օրը՝ մարտի 8-ին, Միացյալ Նահանգների կառավարությունը հրապարակել է նախազգուշացում ԱՄՆ քաղաքացիների համար՝ հորդորելով նրանց Մոսկվայում հեռու մնալ մարդկանց կուտակումների վայրերից և չմասնակցել համերգներին:

Քիրբիի պնդմամբ՝ Միացյալ Նահագներն այս տեղեկությունը տրամադրել է Ռուսաստանին, քանի որ ԱՄՆ-ը շատ լուրջ է վերաբերվում զգուշացումներին վերաբերող իր պարտավորություններին։

«Երբեք չենք ցանկացել ահաբեկչական հարձակումների ժամանակ տեսնել անմեղ մարդկանց մահը: Եվ սա զանազան սպառնալիքների մասին բազմաթիվ նախազգուշացումներից մեկն է, որն ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանին 2023 թվականի սեպտեմբերից ի վեր»,- հավելել է Սպիտակ տան աշխատակիցը։

«Ու թեև մեր դեսպանատան հրապարակային հանձնարարականները կարող էին ահաբեկիչներին հետ պահել մարտի 8-ի հարձակումից՝ Ռուսաստանի կառավարությանն ու հանրությանն ուղղված մեր նախազգուշացման մեջ պարզորոշ նշված էր Մոսկվայի համերգներում ահաբեկչական սպառնալիքի մասին, այդուհանդերձ Իսլամական Պետությունն ամբողջությամբ պատասխանատու է այս հարձակման համար:

Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից, երբ իմանա նախապատրաստվող ահաբեկչությունների մասին», - հավելել է Քիրբին։

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ ռուսական կողմը «փորձում է մեղքը բարդել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլոց վրա»։

News.am