Սերգեյ ԼԱՎՐՈՎ․ ԻՆՉՊԵՍ Է ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշման փոփոխության վերաբերյալ իր դիտարկումները՝ նրա ընդդիմադիր գործունեությունից մինչև երկրի կառավարման ներկա շրջանը։ 

Փաշինյանի ընդդիմադիր շրջանը

Լավրովը հիշեցրել է, որ ընդդիմություն եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում էր «Ելք» կարգախոսով շարժումը, որն ուղղված էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալուն: Այս շարժումը, Լավրովի խոսքով, կապեր ուներ Սորոսի հիմնադրամի հետ։ Այս կարգախոսով Փաշինյանը կարողացավ մոբիլիզացնել բնակչությանը, որպեսզի բողոքի ցույցերի մասնակցեն՝ պահանջելով վարչապետի ընտրություն անցկացնել։

«Այդ կարգախոսով նա ամբոխները փողոց հանեց, պահանջեց վարչապետի ընտրություն (նրանք խորհրդարանի ընտրություններ ունեն) և միաժամանակ հայտարարեց, որ եթե այս ընտրություններն ավարտվեն նրանով, որ իրեն չընտրեն, ինքը ոտքի է հանելու ժողովրդին։ Մի խոսքով՝ ժողովրդավարություն` իր ամենաբարձր դրսևորմամբ»,-նշել է Լավրովը։

Վարչապետ Փաշինյանն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները

Լավրովը հիշում է, որ վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը միանշանակ աջակցում էր Հայաստանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով դրանց կարևորությունը տնտեսական զարգացման և Հարավային Կովկասում Հայաստանի մեկուսացումը կանխելու համար։

«Ես շատ լավ հիշում եմ, որ Վլադիմիր Պուտինը բազմիցս հանդիպել է նրա հետ, ամեն կերպ ընդգծել է, որ մենք առաջնորդվելու ենք ոչ թե ինչ-որ նախկին փորձով, այլ նրանով, թե ինչպես կկառուցի հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ Եվրասիական տնտեսական միությունը կառույցներ են, որոնք սկզբունքային են Հայաստանի համար»,-ասել է Ռուսաստանի գլխավոր դիվանագետը։

Նա հավելել է, որ այդ ժամանակահատվածում՝ ընդհուպ մինչև 2020 թվականին Ադրբեջանի հետ հակամարտության սրումը, Ռուսաստանն ակտիվորեն մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման միջնորդությանն ու աջակցությանը:

Հակամարտությունն ու հետագա իրադարձությունները

2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության ժամանակ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին աջակցության համար՝ շեշտը դնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների և ՀԱՊԿ-ին անդամակցության կարևորության վրա:

Դրան ի պատասխան Ռուսաստանի նախագահը զգալի ջանքեր է գործադրել՝ օրուգիշեր աշխատելով, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ»,- ընդգծել է Լավրովը:

Այս գործընթացներում Ռուսաստանի ակտիվ դերի շնորհիվ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել սահմանազատման, տնտեսական կապերի վերականգնման, տրանսպորտային ուղիների բացման և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ` ներառյալ խաղաղության պայմանագրի ստորագրումը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ակտիվացրեց իր ջանքերը Հայաստանին և Ադրբեջանին իր ազդեցության ուղեծիր գրավելու ուղղությամբ, ինչի հետ Փաշինյանը համաձայնեց՝ նախընտրելով աշխատել ԵՄ-ի և ԱՄՆ-ի շրջանակներում: Արդյունքում, դա հարված հասցրեց Ռուսաստանում նախատեսված հանդիպումներին։

Լավրովն առանձնացրել է 2022 թվականի առանցքային պահը Պրահայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ Մակրոնի նախաձեռնած գագաթնաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղը ճանաչեցին Ադրբեջանի մաս: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Ռուսաստանն այդ որոշման մասին նախապես տեղեկացված չի եղել, ինչը զարմանք և հարցեր է առաջացրել հայկական կողմի գործողությունների վերաբերյալ:

«Երբ նա ճանաչեց, որ այդ տարածքը Ադրբեջանի մի մասն է, կարգավիճակի հարցը վերացավ։ Եվ երբ մարդիկ սկսեցին հեռանալ Ղարաբաղից, Նիկոլ Փաշինյանը հարցրեց Վլադիմիր Պուտինին. «Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ Դուք ինչո՞ւ ղարաբաղցիներին բախտի քմահաճույքին թողեցիք»։ Կներեք, ի սեր Աստծո, Դուք եք որոշել, որ նրանք քաղաքացի չեն կամ հավակնում են ինչ-որ Ադրբեջանի քաղաքացիության»,-հավելել է Լավրովը։

Լավրովը նշել է, որ ինքը նույնպես շփվել է Նիկոլ Փաշինյանի հետ, երբ տարբեր նիստերի համար եկել է Երևան, և իրեն թվացել է, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, հասկանում է Հայաստանի շահերը ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունները շարունակելուց, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխգործակցությունից:

Ժամանակակից փուլ

ՌԴ արտգործնախարարն ընդգծում է, որ այսօրվա դրությամբ, չնայած Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմական և բարեկամական կապերին, հայկական քաղաքական դիսկուրսում տեղաշարժ է նկատվում Եվրոպական միության հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, ընդգծում է ՌԴ արտգործնախարարը: Նման իրավիճակը մտահոգություն է առաջացնում Ռուսաստանում, քանի որ, Լավրովի կարծիքով, չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին և ռուս-հայկական հարաբերություններին:

«Այսինքն, ըստ էության, շրջանակը փակվում է, և հայկական ղեկավարության շրջանում սկսում են հնչել գաղափարներ՝ նման այն գաղափարներին, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը»,-ասել է Լավրովը:

Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումների վերափոխումը և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների էվոլյուցիան արտացոլում են Հարավային Կովկասի տարածաշրջանում միջազգային հարաբերությունների բարդությունն ու դինամիզմը:

Sputnik Արմենիա