Անդրանիկ ԻՍՊԻՐՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ԿՓՈԽՎԻ՞ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չի բացառվում, որ Թուրքիան կշարունակի ոչ միայն խրախուսել, այլև մասնակցել Հայաստանի դեմ ռազմական ագրեսիային, սակայն վերջին ընտրություններում թուրքական իշխանությունների պարտությունը կարող է որոշակի զսպող գործոն դառնալ, այն առումով, որ Արևմուտքը գուցե Անկարային նման քայլերից ձեռնպահ մնալու կոչ անի: Դրա մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

 

Թուրքագետի գնահատմամբ՝ այս համատեքստում թուրքական իշխանությունները կարող են հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ հաշվի առնելով ներքին աջակցության բացակայությունը։

Ինչպես հիշեցրել է Իսպիրյանը, Թուրքիայի պատմությունը ցույց է տալիս, որ ռազմական իրադարձությունների ժամանակ իշխող ուժի շուրջ համախմբում է տեղի ունենում. թշնամի է պետք, որի դեմ ժողովուրդը կհամախմբվի ու կպայքարի։

Իսպիրյանը նշել է, որ բացի ռազմական բաղադրիչից, ժողովրդին համախմբելու և իր վարկանիշը բարձրացնելու նպատակով Էրդողանը հավանաբար կփորձի փրկել Թուրքիայի տնտեսական իրավիճակը։

«Անցած ընտրությունները հանգեցրին վերջին 22 տարում իշխող կուսակցության առաջին նման ջախջախիչ պարտությանը, միաժամանակ՝ վերջին 47 տարում՝ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջին հաղթանակին։

Վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընդդիմությունը պարտվել է 15%-ի տարբերությամբ, մինչդեռ այս անգամ հաղթել է 2% առավելությամբ։ Սա Էրդողանի երկար տարիների տնտեսական քաղաքականության արդյունքն է»,- ընդգծել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ նախորդ տարի նախագահական ընտրություններում ընդդիմությունը համակերպվել է իր պարտության հետ։

«Սա պայմանավորված է նրանով, որ 2023-ի ընտրությունները տեղի ունեցան աշխարհաքաղաքական լուրջ իրադարձությունների, ռուս-ուկրաինական հակամարտության հետնապատկերին, երբ Թուրքիայի կշիռն աշխարհում, հատկապես մեր տարածաշրջանում, մեծացավ։

Թուրքերը սեփական մաշկի վրա զգացին դրա արդյունքը, քանի որ Թուրքիան օգուտ քաղեց Արևմուտքի և Ռուսաստանի կողմից սահմանված փոխադարձ պատժամիջոցներից և նրանց միջև տարանցիկ կողմ դարձավ։ Թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից Թուրքիային օգուտ բերելու Էրդողանի ունակությունը գնահատվել է թուրքական հասարակության մեջ:

Բացի դրանից, թուրքական իշխանությունները Արցախի բռնազավթումը համարեցին իրենց, այլ ոչ թե Ադրբեջանի վաստակը, և դա օգտագործվեց նաև նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Սակայն հիմա այլ է իրավիճակ է ստեղծվել. ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Բացի դրանից, պարզվեց, որ այդ հակամարտությունից նյութական օգուտը թուրքերի համար ժամանակավոր դուրս եկավ։

Արտաքին ագրեսիվ քաղաքականության պատճառով Թուրքիայի բյուջեի զգալի մասն ուղղվում է ռազմական ծախսերին։

Երկրում գործազրկության մակարդակն աճել է, եկամուտներն անհավասարաչափ են բաշխված, «միջին խավ» հասկացություն Թուրքիայում գործնականում գոյություն չունի, իսկ գնաճը ներկայում շատ բարձր մակարդակի է։

Այս ամենը չէր կարող ընտրողներին անտարբեր թողնել։ Նույնիսկ այն գավառները, որտեղ Էրդողանի դիրքերը նախագահական ընտրությունների ժամանակ ուժեղ էին, քվեարկեցին Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության օգտին»,- հավելել է Իսպիրյանը։

Ըստ նրա՝ վտանգ կա, որ իշխող կուսակցությունը նախագահական ընտրությունների գնալու դեպքում կպարտվի, ուստի Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այդ քայլի չեն դիմի։

«Դեռ շատ ժամանակ կա մինչև հաջորդ ընտրությունները, և Էրդողանը հնարավորություն ունի մտածելու, թե ինչպես ապահովի իր հաղթանակը։

Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաջորդ նախագահական ընտրություններում կարող է դառնալ նրա մրցակիցը, սակայն Էրդողանը ընտրությունների կգնա միայն եթե հասկանա, որ նախորդ անգամից ավելի շատ ձայն է ստանալու:

Թուրքիայում Էրդողանից բացի միակ գործիչը, որը կարող էր մրցել Իմամօղլուի հետ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարն է։

Վերջինս ավելացրել է իր կշիռը, երբ թուրքական անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ադրբեջանին՝ Արցախի դեմ ագրեսիայի համար, իսկ Ուկրաինային՝ Ռուսաստանի դեմ։ Պետական ռեսուրսների օգնությամբ նա կարող է մրցել Իմամօղլուի հետ»,- ընդգծել է թուրքագետը։

Իսպիրյանը հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետության ամբողջ պատմությունը ցույց է տալիս, որ երկրում իշխանափոխությունը թշնամի երկրների հարցում դիրքորոշման արմատական փոփոխությունների չի հանգեցրել։

«Իմամօղլուն դրական վերաբերմունք է դրսևորում պոլսահայության հանդեպ և ուշադրություն է հատկացնում հայկական մշակույթին։ Բայց նա ներկայացնում է այն կուսակցությունը, որն էլ որոշում է Թուրքիայի քաղաքականությունը։

Նա չի կարող կուսակցությանը դեմ գնալ ու ասել, որ հայերին պետք է սիրել։ Հռետորաբանության մեջ, իհարկե, մեղմացում կլինի, բայց հայկական հարցում արմատական փոփոխություններ ակնկալել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, Հայաստանին Թուրքիայի ղեկին ավելի ձեռնտու կլիներ տեսնել ոչ թե Էրդողանին, այլ Իմամօղլուին»,- եզրափակել է Իսպիրյանը։

News.am