ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՍԿԵՊԱՐՈՒՄ, ՈՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է 33 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՄՈՆԻ ԿՈՂՄԻՑ

Հունական «Greek City Times» թերթը հրապարակել է հոդված հայկական Ոսկեպարի մասին՝ ներկայացնելով 90-ականների պատմական իրադարձությունները և ականատեսների հիշողությունները։

1991թ. մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը խորհրդային զորքերի 4-րդ բանակի ստորաբաժանումները, որոնք տեղակայված էին Խորհրդային Ադրբեջանի տարածքում, և ադրբեջանական օմոնը ուղղաթիռների, տանկերի և ծանր հրետանու կիրառմամբ փակեցին Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը և մտան գյուղ։

Նշվել է, որ գյուղ մտած խորհրդային բանակի ստորաբաժանումները և ադրբեջանական օմոնը պայթեցրել են մեկ ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել են երկու և ծանր վիրավորվել յոթ խաղաղ բնակիչներ։

Իմանալով Ոսկեպարում կատարվածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային ոստիկանության 20 աշխատակիցներ և երեք խաղաղ բնակիչներ փորձել են թափանցել գյուղ անտառով, որպեսզի պաշտպանեն բնակիչներին։ Նրանցից տասնմեկին գազանաբար սպանել են, իսկ մյուսները բռնվել են և տարվել Ադրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ մահացել են ևս երեքը։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գրավել և ադրբեջանցիներին են հանձնել նաև 45 հայ միլիցիոներների, որոնք գյուղում էին և պաշտպանում էին այն, նրանք ևս ենթարկվել են կտտանքների ադրբեջանական բանտում։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի գնդակոծության հետևանքով զոհվել են Ոսկեպար գյուղի ևս երեք խաղաղ բնակիչներ։

Ոսկեպար տանող ճանապարհն այսօր տարբերվում է անցյալից։ Արթնացող բնությունը՝ ծաղկող ծառերով, առատ կանաչությամբ և թեթև քամով, բնավ չի համապատասխանում այն մռայլ օրվա մթնոլորտին, երբ տարիներ առաջ կատարվեց հանցագործությունը։

33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի արշալույսին ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքը և նրանց երեք ընկերները ծուղակն ընկան, որը կազմակերպել էին խորհրդային բանակն ու ադրբեջանական օմոնը։

Պարբերականը մեջբերել է նաև ականատեսների հիշողությունները, որոնք պատմել են այդ ահավոր իրադարձությունների մասին։

News.am