ԳԱԱ նախագահ. ՀՀ ԳԱԱ-Ի ՄԱՍԻՆ ՀԱՐԳԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ Է ԱՄԵՆՈՒՐԵՔ, ՄԵԿ ԵՐԿՐԻՑ ԲԱՑԻ
Արտասահմանում շատ բարձր կարծիք է ձևավորվել հայկական գիտության և Հայաստանի Գիտությունների ակադեմիայի հանդեպ։ Այս մասին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ապրիլի 3-ին ասել է ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը։ Ժողովի օրակարգում քննարկվել է պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է միավորել պետական բուհերը և գիտահետազոտական ինստիտուտները հետևյալ կլաստերներում՝ տեխնոլոգիական, կրթական, արվեստի, սպայական, դասական և բժշկական։ Առաջին չորսը կգտնվեն Ակադեմիական քաղաքի տարածքում, մյուս երկուսը առայժմ կգտնվեն Երևանում։
«Բարձր կարծիք է ձևավորվել և հարգալից վերաբերմունք ամենուրեք, բոլոր երկրներում, բացի մի երկրից»,- ասել է Աշոտ Սաղյանը։
Նա հիշեցրել է, որ կառավարությունը նախկինում կողմնակից էր այն մոտեցմանը, որով առաջարկվում էր ստեղծել կենտրոններ ակադեմիայի կազմում, բայց այդ օրենքը շարունակություն չունեցավ։
«Սկզբում խոսքը բուհերի ամրապնդման և ակադեմիայի ինստիտուտների ինտեգրման մասին էր։ Մեր առաջարկած տարբերակը ենթադրում է գիտության և կրթության ինտեգրում։ Դա նշանակում է խոշոր գիտական կենտրոնների ստեղծում ակադեմիայի համակարգում»,- նշել է Սաղյանը։
ԳԱԱ նախագահը հայտնել է, որ 2023թ. հունվարին հայտարարվել է, որ իրականացվելու է լրացուցիչ քննարկում։ «Վարչապետը երեք անգամ նշել է, որ վերջնական որոշում դեռ ընդունված չէ, ուստի կառավարության որոշումը դեռ չկա։ Դրանից հետո ԳԱԱ բոլոր ինստիտուտները ներկայացրել են իրենց դիրքորոշումը, և մենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ենք ուղարկել փաստաթուղթ։ Դրանից հետո ստացել ենք ահազանգեր ինստիտուտների տնօրեներից։ Մեզ մեղադրում են, որ նախագահությունը թողել է ինստիտուտները, ամեն բան ինքնահոսի մատնել։ Ուստի մենք գումարել ենք այս ժողովը»,- ընդգծել է նա։
Սաղյանը համաձայն չէ, որ գիտությունների ակադեմիան վատ է աշխատում։
«Գուցե ակադեմիան այնքան էլ ակտիվ չի աշխատում։ Չեմ կարծում, որ բուհերը կամ գերատեսչություններն ավելի լավ են աշխատում։
Խնդիրն այն է, որ պահանջվում են բարեփոխումներ նախագահությունում, համակարգում։ Դա կապված է օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության հետ։ Մենք 4 անգամ դիմել ենք այս հարցով։ Բայց մեր բոլոր առաջարկները շարունակություն չեն ստացել։ Ո՞վ է մեղավոր։ Բոլորդ գիտեք։
Բացի այդ, արդեն 9 տարի ակադեմիայի համակարգում ԳԱԱ անդամների ընտրություններ չեն կատարվում։ Երեք տարի մենք դիմել ենք այս հարցով։ Ակադեմիայի անդամների թիվը կրկնակի նվազել է, նրանց միջին տարիքը՝ կտրուկ ավելացել»,- ամփոփել է նա։