Լեմկինի ինստիտուտ․ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳԸ ՏԱՐԱԾՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել Հայաստանի համար։

Կառույցը կարմիր դրոշի ահազանգ է տարածել` հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու տարածքային պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա վերջին հարձակումները։

«Տավուշի մարզում Ադրբեջանի տարածքային նկրտումները և տարածքային վեճի արդարացի կարգավորմանը հասնելու դժկամությունը, ինչը զուգորդված է սահմանագծման և Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացիայի հետ, մեծ տագնապ են առաջացնում: Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել ընթացիկ իրադարձություններով։ Անհրաժեշտ են անհապաղ միջազգային գործողություններ` հետագա ագրեսիան կանխելու և Հայաստանի ժողովրդին պաշտպանելու համար։ Մենք կոչ ենք անում համաշխարհային առաջնորդներին միջամտել և աջակցել միջազգային իրավունքին` կանխելու հերթական հումանիտար աղետը»,– ասված է հայտարարությունում։

Նշվում է, որ Ադրբեջանի նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային։

Հաղորդագրությունում նաև ասվում է, որ Ադրբեջանը, կարծես, Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն է վարում։

Վերջին անգամ ինստիտուտը նման SOS ահազանգեր էր տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար:

Sputnik Արմենիա