ԱՊՐԻԼ- 2016: ԻՆՉՈ՞Ւ ՉՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ «ՄԱՈՒԶԵՐԻՍՏԱ ԱՆԴՈՅԻ» ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ

2018 թվականի ապրիլի 23-ին իշխանության ձգտող «հեղափոխականների» հերթական հանրահավաքի ժամանակ բարձրախոսը հանձնեցին ոմն տարեց մարդու, որը ներկայացավ իբրև Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկ։ Ապրիլյան պատերազմից անցել էր ընդամենը 2 տարի, և արևաշող տղայի՝ Ռոբերտի ու նրա ծառայակիցների փառքը դեռ թնդում էր Հայաստանով մեկ: «Պապիկը» շատ զգացված հայտնեց, թե իբր՝ երազում տեսել է թոռանը, և նա խնդրել է իրեն պայքարել հանուն ազատության և չհանձնվել։

Այդ օրը ոչ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ դա լկտի սուտ է։ Այդ մարդը ոչ մի կապ չուներ Ռոբերտի հետ, մարդկանց հրամցրեցին ընդամենը ցինիկ շոու, որը կազմակերպել էր փաշինյանական ոհմակը՝ ամբոխի հույզերն ու տրամադրությունները շահարկելու նպատակով։

Ուղիղ մեկ տարի անց Հայաստանի «առաջին տիկինը» կմատուցի իր առաջին «մարգարիտը». «Մեր տղաները Ղարաբաղում զոհվել են հանուն ոչնչի» Ստորության և զազրելիության աստիճանով աննախադեպ այս խոսքերը, անշուշտ, վերաբերում էին նաև Ապրիլյան պատերազմին և դրա ընթացքում զոհված հերոսներին: Այն ժամանակ այդ հայտարարությունը ցնցեց նույնիսկ նրանց, ովքեր գիտակցում էին Նիկոլի ու ընկերախմբի կառավարման ողջ կործանարարությունը Արցախի և Հայաստանի համար։ Այսօր, ահռելի կորուստների և հայ հասարակության բարոյական ու արժեքային կողմնորոշիչների աներևակայելի, հիրավի ֆանտաստիկ դեգրադացիայի խորապատկերին կա փաշինյանական հանցախմբի հակահայկական քաղաքականության գիտակցված և հետևողական բնույթի հստակ ըմբռնում։

Այդ հետևողականության մեջ, «հեղափոխության» տիկնիկավարների մտահղացմամբ, հատուկ տեղ էր հատկացված Ապրիլյան պատերազմին։ Եվ, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, բնավ ոչ պատահականորեն։ Հիմնական նպատակադրույթը լիովին համապատասխանում էր Արցախում հայ զինվորների զոհվելու «անիմաստության» մասին Հակոբյանի «ծրագրային» հայտարարությանը։ Այդ նպատակադրույթը ամեն կերպ ապացուցելն էր, թե հայկական կողմը, և առաջին հերթին Արցախի Պաշտպանության բանակը, որտեղ, հիշեցնեմ, այն ժամանակ ծառայում էին նաև ՀՀ բնակիչները, պարտվել է։ Այստեղից էլ գլխավոր հետևությունը. դիմադրելն անօգուտ է, Հայաստանը չի կարող պայքարել Ադրբեջանի դեմ, առավելևս՝ հաղթել։

Մենք ամենևին չենք պատրաստվում վերլուծել այդչափ բարդ թեմայի բոլոր քաղաքական, ռազմական, բարոյական և այլ տեսանկյունները. դա անհնար է լրագրային մեկ հոդվածում։ Մյուս կողմից, այսպես ասած՝ այն պարտվողականության փիլիսոփայության, բացարձակ խոնարհության, իբր հանուն պատրանքային խաղաղության՝ թշնամու ցանկացած պահանջներն ու քմահաճույքները կատարելու հնազանդ պատրաստակամության հիմքը, որ այսօր բացահայտ դավանում են իշխանությունները և պարտադրում ժողովրդին, դրվել է հենց 2018 թվականին։ Եվ Ապրիլյան պատերազմի ամենասիրված հերոսի «պապիկի» հետ կապված ցինիկ «պերֆորմանսը» այդպիսի մոտեցման առաջին դրսևորումն էր, այլ ոչ թե սիրո ու խոնարհման ցուցաբերումը հայ զինվորի նկատմամբ:

Բանակի փառազրկման, վարկաբեկման և փաստացի ոչնչացման ճանապարհին հաջորդ քայլը «Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող» ԱԺ հանձնաժողովի ստեղծումն էր: Փաշինյանն այդ մասին հայտնեց 2019 թվականի մայիսի 20-ին՝ մեծադղորդ հայտարարելով. «Եկել է բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը... »։ Բայց բանիմաց մարդկանցից ու փորձագետներից քչերն էին, որ չէին հասկանում նրա հետապնդած բոլորովին այլ նպատակը. ապացուցել, թե Քառօրյա պատերազմն ավարտվել է հայերի պարտությամբ, դրանում մեղադրել այն ժամանակվա իշխանություններին և այդպիսով պատժել «նախկիններին»։

Հանձնաժողովի զավեշտալիությունն ու դրա ստեղծման իրական նպատակներն ակներև դարձան արդեն նրանով, թե ով նշանակվեց դրա ղեկավար։ «Պլինթուսից ցածր» հեղինակության տեր մարդը, որը սկանդալային համբավ ուներ դեռևս 80-ականների վերջին, երբ նրան ուղարկեցին երկրաշարժի գոտի՝ ստոր ավազակների ջոկատի գլուխ կանգնած, մարդասիրական օգնությունը թալանելու հստակ հանձնարարությամբ։ Նա, ով այսօր էլ շարունակում է մնալ փաշինյանական ոհմակի ամենախորշելի և նողկալի կերպարներից մեկը. «մաուզերիստ Անդո» մականունով հայտնի Անդրանիկ Քոչարյանը։

Միայն այս նշանակումը բավական էր հանձնաժողովի նկատմամբ համապատասխան վերաբերմունք ձևավորելու համար, որի կազմի մեծամասնությունն ընդ որում անհայտ և որևէ հանրային վստահություն չվայելող անձինք էին՝ ՔՊ-ական պատգամավորներ։ Իսկ չէ՞ որ դրա անդամներին հնարավորություն է տրվել ծանոթանալու երկրի պետական անվտանգության տեսանկյունից կարևոր ու գաղտնի փաստաթղթերին…

Առաջին նիստի օրը Ա.Քոչարյանը հայտարարեց, թե հանձնաժողովի աշխատանքը կտևի մոտ վեց ամիս, կընդգրկի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ մարտական գործողությունների ժամանակ հրամանատարների կայացրած որոշումները, ինչպես նաև զինված ուժերի պատշաճ մատակարարումն ու ապահովումը հետախուզական տեղեկատվությամբ: «Զոհերի ընտանիքները ոչ մի հարց չպետք է ունենան», - ոչ պակաս մեծադղորդ հայտարարեց լրագրողներին «մաուզերիստ Անդոն»:

Անցավ վեց ամիս, մեկ տարի, մեկուկես տարի ... Անցավ երկու սարսափելի տարի՝ 44-օրյա պատերազմով։ Բայց ո՛չ «զոհերի ընտանիքների» հարցերի պատասխաններ, ո՛չ բանակում պարենի և զինամթերքի պակասի մասին աղմկահարույց բաղահայտումներ, ո՛չ էլ զոհվածների թվաքանակի (բացի արդեն հրապարակվածից), տարածքային կորուստների, զինվորականների անձեռնհաս հրամանների և երրորդ կողմի (Ռուսաստանի) հետ իբր կնքված «դավադիր պայմանավորվածությունների» մասին ստույգ տվյալներ այդպես էլ չհայտնվեցին։ Ու թեև 2021-ի մայիսին Քոչարյանը հայտարարեց, թե հանձնաժողովը «պարզել է 2016-ին հայկական կողմի պարտության և ձախողումների խորքային պատճառները», այդուհանդերձ դրա աշխատանքի արդյունքները զեկույցի տեսքով այդպես էլ չներկայացվեցին հանրությանը։

Այն հարցին, թե որն էր Ապրիլյան պատերազմի պատճառը և ով է դրա մեղավորը, հանձնաժողովի նախագահը չպատասխանեց՝ պատրվակ բռնելով, թե դա պետական գաղտնիք է։ Հենց դրանով նա բացատրեց նաև այն փաստը, որ զեկույցը հակիրճ ներկայացվեց միայն ԱԺ փակ նիստում, իսկ հետո ուղարկվեց արխիվ՝ փոշոտվելու։ Այդ ժամանակից ի վեր տվյալ փաստաթղթի մասին բոլորը մոռացան, փոխարենը մաուզերիստ Անդոյի գլխավորությամբ ստեղծվեց ևս մեկ հանձնաժողով՝ արդեն 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար։ Անցել է արդեն ավելի քան երկու տարի, բայց այդ հերթական շինծու կառույցի աշխատանքի մասին ձայն ու ծպտուն չկա։ Եվ դժվար թե լինի:

Ուրեմն ինչո՞ւ չհրապարակվեց Ապրիլյան պատերազմի վերաբերյալ զեկույցը, եթե դա ընդհանրապես կազմվել է։ Պատասխանը շատ պարզ է. որովհետև այդպես էլ չկարողացան գտնել որևէ բան, որ հնարավոր լիներ օգտագործել «նախկինների» դեմ պայքարում, ոչ մի այնպիսի բան, ինչում կարելի կլիներ մեղադրել Հայաստանի, Արցախի ղեկավարությանը, Պաշտպանության բանակի և ՀՀ ԶՈւ-ի հրամանատարությանը: Ոչ մի քրեական գործ չհարուցվեց, թեև սկզբում Քոչարյանը հայտարարում էր նման հնարավորության մասին։ Փաշինյանի ու իր հանցախմբի ջանքերը «փուստ անցան», և իրենց սպասումները չարդարացրած զեկույցը նրանք թաքցրեցին աչքից հեռու, որ բոլորը մոռանան դրա մասին։

Իսկ գլխավորը՝ նրանց չհաջողվեց ապացուցել, թե հայոց բանակը պարտվել է Ապրիլյան պատերազմում։ Որովհետև իրականում պարտություն չի եղել, եղել է հերոսական դիմադրություն թշնամուն, որը թույլ չտվեց Ալիևին իրականացնել Արցախը զավթելու իր ծրագրերը. արդեն ապրիլի 3-ին Բաքուն հրադադար խնդրեց։ Ի դեպ, կարևոր է նշել, որ հենց Ապրիլյան պատերազմում հայկական կողմը գերազանց աշխատեց նաև տեղեկատվական-քարոզչական դաշտում, ինչը հաստատել են օտարերկրյա բազմաթիվ փորձագետներ:

Այն ամենը, ինչ թուրքերը ծրագրում էին անել 2016-ի ապրիլին, նրանք արեցին ավելի քան 4 տարի անց, և միայն այն պատճառով, որ իշխանության ղեկին էր իրենց դրածոն ու համախոհը։ Եվ հենց այդ պատճառով էլ առ այսօր նրանց հաջողվում է հասնել իրենց ուզածին արդեն Հայաստանի պարագայում։

... Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո հայ փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է (https://www.golosarmenii.am/am/article/103554/karyen-vrthanyesyan--aprilyan-rrazmakan-gvortsvoghvothyvonnyere-qnnvogh-handznajvoghvove-hnaravvor-e-lini-thvorqiayi-hatvok-tsarrayvothyvonnyeri-hyetakhvozakan-opyeratsia), որ «ապրիլյան ռազմական գործողությունները քննող հանձնաժողովը հնարավոր է լինի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետախուզական օպերացիա»՝ ներկայացնելով իր վարկածի միանգամայն համոզիչ հիմնավորումներ։

Բայց այդ մասին՝ հաջորդ հոդվածում։