ՄԵԾ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՂՄՈՒԿ, ՄԻ ՊՍՏԻԿ ՊՐՅԱՆԻԿ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ
Եթե ՀՀ–ԵՄ–ԱՄՆ այս գագաթնաժողովն անցկացվեր այլ ժամանակաշրջանում, այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ հայ–ռուսական հարաբերությունները չէին վատթարացել, նույնիսկ դրական իրադարձություն կարելի էր համարել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Բրյուսելում անցկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։ Արդյունքում ԵՄ–ն 4 տարվա կտրվածքով ՀՀ–ի զարգացման համար 270 մլն եվրո, իսկ ԱՄՆ-ն` ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրեն։
«Երբ դիտարկում ես հանդիպման պլյուսներն ու մինուսները, ոչ մի արժեքավոր, դրական բան չես կարող ասել։ Այս գագաթնաժողովի անցկացման գինը ՀՀ իշխանության հակառուսական հռետորաբանությունն էր, հարաբերությունների վատթարացումն անշրջելիության կետի հասցնելն էր, նաև Ադրբեջանին արվող միակողմանի զիջումներն են։ Հանդիպումը միտված էր նաև ՌԴ-ի և Իրանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում»,– նշեց քաղաքագետը։
Ըստ նրա` մոտ 350 մլն դոլարն այն գումարը չէ, որ կարող է սպասարկել ՀՀ ստրատեգիական կողմնորոշման փոփոխությունը։
«Այս գործընթացը մեր պետականությանն ընդհուպ մինչև կոլապս կարող է սպառնալ։ Արևմուտքը հաշվել է ՀՀ–ի` հակառուսականության պոտենցիալը ու տվել դրա գինը»,– նկատեց Սուրենյանցը։
Նրա խոսքով` այս հանդիպումից գերդոզավորված սպասելիքներ առաջացրին հասարակության մեջ, համարյա փրկչական առաքելություն հաղորդեցին։ Մինչդեռ, ըստ քաղաքագետի` իրականում Ալիևն այս հանդիպումից չէր էլ սարսափում, ինչպես վստահեցնում էին իշխանամերձ հայտնի շրջանակները։
«Ալիեևը դիվանագիտության գրոստմայստեր չէ, սակայն ունի ռազմավարական հաշվարկ։ Նա համարեց, որ սա առիթ է, որ կկարողանա իր դերակատարությունը ֆիքսել։ Ադրբեջանի նախագահը, մի կողմից չմասնակցելով Բրյուսելի հանդիպմանը, փորձում էր օրակարգ թելադրել, ինչը նրան հաջողվեց, մյուս կողմից այդ գագաթնաժողովին ՀՀ մասնակցությունը նա փորձում է վաճառել Թեհրանի ու Մոսկվայի վրա` որպես ՀՀ անհավատարմության ցցուն դրսևորում։ Ըստ ամենայնի` երկու ուղղությամբ էլ Բաքուն որոշակի հաջողություն գրանցեց. նա ստիպեց, որ իր շանտաժներից հետո Բրյուսելից ու Վաշինգտոնից անընդհատ հավաստիացումներ հնչեն, որ քննարկվել են բացառապես տնտեսական հարցեր, ստիպեց նաև, որ գագաթնաժողովից անմիջապես առաջ Բլինկենն ու ֆոն դեր Լյայենը զանգեն ու իր հետ զրուցեն։ Ու դեռ հարց է` այդ զանգերում են արժեքավոր բանակցություններ եղե՞լ, թե՞ այսօրվա հանդիպմանը»,– ընդգծեց Սուրենյանցը։
Նա այն կարծիքին չէր, որ գագաթնաժողովն ի սկզբանե ուղղված էր Ադրբեջանի դեմ, ինչպես հավաստիացնում էին ՀՀ իշխանությունները, քանի որ Արևմուտքը որևէ շահ չունի համագործակցել ՀՀ հետ ընդդեմ Ադրբեջանի։
«Աշխարհաքաղաքական որևէ կենտրոն Հարավային Կովկասի որևէ երկրի դաշնակից չի լինելու մյուսի դեմ։ Աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներին տարածաշրջանը միասնական է պետք. այնտեղ իրենք չեն կարող ազդեցություն տարածել, եթե բաժանարար գծեր են քաշում ներսում»,– վստահեցրեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում է որպես օգնություն տրված գումարներին, ապա Սուրենյանցը կլարծում է, որ դրանք տրվել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը սոցիալական ծառայությունների միջոցով ՀՀ–ում փակի դժգոհ հասարակական խավերի բերանը, որոնք դժգոհելու են Ադրբեջանին արվող միակողմանի զիջումների համար, ինչպես նաև մեղմի հայ–ռուսական հարաբերությունների ճգնաժամից առաջացող մարտահրավերները։
«Հիմա շատ տխուր պատկեր է ձևավորվում. մի կողմից գերդոզավորված սպասելիքներ են ձևավորվում Արևմուտքի հանդեպ, ինչը Ադրբեջանին մղում է ՀՀ–ին հարվածներ հասցնելու գայթակղության, իսկ դրա դիմաց մենք ստանում ենք չնչին մի պրյանիկ։ Մեծ քարոզչական աղմուկ, մի պստիկ պրյանիկ ու Ադրբեջանի ագրեսիվություն»,– կանխատեսում է Սուրենյանցը։
Ըստ քաղաքագետի` երբ այս ամենը համադրում ենք, ապա հասկանում ենք, որ Ադրբեջանի դիրքորոշումը հիմա ավելի կոշտ է լինելու։
Հավելենք, որ բրյուսելյան հանդիպումից ընդամենը ժամեր անց ՀՀ ՊՆ-ն հայտնեց՝ այսօր ժամը 17:05-ին Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: