ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ EUMA-ԻՆ, ԵԹԵ ՆԱ ԱՐԱԲԱՏ-ՕՄԵԳԱ ՈՒՆԻ

Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանում բարձրացվեց Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության (EUMA) կազմում Թուրքիայի ընդգրկման հնարավորության թեման: Հարցն ամենևին էլ հռետորական չէ, քանի որ դրա համար, ինչպես պարզվում է, անհրաժեշտ է երեք պայման. Հայաստանի համաձայնությունը, Թուրքիայի համաձայնությունը և ԵՄ որոշումը։ Այս պայմաններից ոչ մեկը ՀՀ գործող իշխանությունների օրոք անհնարին չի թվում. հակառակը, դրանք բոլորը բավական հեշտ իրագործելի են։

Ինչն էլ նույն օրը Հ1-ի եթերում հաստատեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարելով հետևյալը. «Տարածաշրջանում մեր բոլոր հարևանները պետք է ակտիվ դերակատարություն ունենան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Խոսքը մեր բոլոր հարևանների մասին է։ Եվ այդ դերը պետք է լինի առնվազն ոչ ապակայունացնող»։ Մնում էր միայն հավելեր՝ քա՜վ լիցի, ախր ի՞նչ ապակայունացում կարող է բխել Թուրքիայից։

Հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրամիության անդամ չէ, սակայն առաքելության աշխատանքը կարգավորող փաստաթղթում դա թույլատրվում է։ Դատելով ամենից, հայկական կողմը ամենևին դեմ չէ, ավելին՝ երկու կողմից էլ հավանաբար ենթադրվել է առաջին հերթին Թուրքիայի ընդգրկման հնարավորությունը, հաշվի առնելով, որ ԵՄ-ն բազմիցս նշել է նրա առաջատար դերը տարածաշրջանային գործընթացներում։

Այնուամենայնիվ Անկարայից դեռևս շարժ չի եղել, որը կվկայեր ԵՄ առաքելությանը միանալու ցանկության մասին։ Գուցե այլ զբաղմունք ունեն, իսկ գուցեև ամեն ինչ առայժմ ընթանում է ինչպես պետք է, և կարիք չկա միջամտելու և «կայունացնելու» իրավիճակը իրենց և Բաքվի համար շահավետ ձևով։ Բայց առավել հավանական է, որ անդրադառնում է այն անվիճելի փաստը, որ Երևանում իշխանությունը գերազանց է կատարում թշնամական տանդեմի ներկայացուցչի դերը։

Նման պահվածքի փայլուն օրինակ հերթական անգամ դրսևորեց Արարատ Միրզոյանը, նույն ինքը՝ Օմեգա ծածկանունով թուրքական նախկին գործակալը, նույն ինքը՝ Թուրքիայում Արաբաթ անվանյալ սուբյեկտը, որը զբաղեցնում է ԱԳ նախարարի աթոռը։ Այս վայ-դիվանագետը շաբաթ օրը Հ1-ին տված հարցազրույցում հուսահատ փորձում էր կատարել Նիկոլի կողմի՚ց իրեն հանձնարարված անիրագործելի խնդիրը. ապացուցել, թե Բրյուսելում հանդիպումն ամենևին էլ ձախողված չէր։

Նրան հասկանալ կարելի է, քանզի բոլոր տեսանկյուններից խայտառակ այդ գագաթնաժողովը դարձավ բացի ամենից նաև իր, այսպես ասած, «դիվանագիտական» աշխատանքի ակնհայտ ձախողումը, ապացուցելով և՛ Միրզոյանի, և՛ նրա ղեկավարած գերատեսչության մասնագիտական ողջ ապիկարությունը։ Սակայն տվյալ դեպքում կանդրադառնանք ոչ թե բրյուսելյան հանդիպման վերաբերյալ «նախարարի» անօգնական-ծիծաղելի պնդումներին, այլ նույն օրը սահմանամերձ գյուղերում տեղի ունեցածի առնչությամբ նրա մեկնաբանություններին։

ԵՎ ԱՅՍՊԵՍ, ԸՍՏ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅԱՆ: Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական ԶՈւ դիրքերի ուղղությամբ սահմանային գոտու մի շարք ուղղություններով: Հիշատակվում էին, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Սոթք և Վերին Շորժա, Արավուս (Սյունիք), Տավուշի մարզի Չինարի և Մովսես գյուղերը: Նշվում էր, որ կրակոցների ճնշող մեծամասնությունը եղել է առանց նշանառության և անկանոն։

Սակայն, ինչպես լրատվամիջոցներին պատմեց Մովսեսի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը, իրականում կրակել են նշանառությամբ։ «Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են բուն գյուղը, ոչ թե դիրքերը։ Շատ վնաս է եղել գյուղին, վնասել տների տանիքները, պատերը, գերեզմանատան տապանաքարերը ։ Սկսել են երեկոյան 11:15-ից մինչև առավոտյան 4-ը ու խփել են միայն գյուղին։ Մի հատ տուն էլ մտել է, պատուհանով ընկել, պատուհանի տակ քնած երեխան հրաշքով է փրկվել»,- պատմել է նա։

Այն փաստը, որ կրակոցները եղել են ոչ թե մարտական դիրքերի, այլ քաղաքացիական օբյեկտների, այդ թվում բնակելի տների ուղղությամբ, հաստատեց, որքան էլ տարօրինակ է, ՀՀ ՆԳՆ-ը։ «Ի լրումն ՊՆ հաղորդագրության», գերատեսչությունը հայտնեց քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին՝ նշելով, որ Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանատան տապանաքարեր, Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ ավտոմեքենա:

Դրանից հետո անցնում է մեկուկես-երկու ժամ , և ասպարեզ է ելնում ԵՄ առաքելությունը։ Եվ առույգ հայտարարում, թե իբր՝ իր դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում, և այնտեղ իրավիճակը եղել է «կայուն և հանգիստ»։ Ավելորդ է ասել, որ դիտորդներն այս անգամ հանդես են եկել որպես «մանանեխ՝ ճաշից հետո», պարեկության ելնելով արդեն այն բանից հետո, երբ գնդակոծումը դադարել էր։

Անմիջապես ծլեց մշտապես անհասկանալիորեն զվարթ Տոյվո Կլաարը։ «Չնայած զինվորականների տեղաշարժի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ-ի առաքելությունը կարող է հերքել դրանք: Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացություններն ու կեղծ պատկերացումները և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրեց նա X-ում՝ մտքով անգամ չանցկացնելով դատապարտել կամ գոնե հիշատակել հայկական գյուղերի գնդակոծումը։

Լավ, եվրոպացիների պարագայում ամեն ինչ պարզ է։ Բայց այնուհետ իրեն մեջ է գցում Հայաստանի վերոհիշյալ «արտգործնախարարը»։ Եվ ի՞նչ է նա ասում: Դատապարտո՞ւմ է Բաքվի գործողությունները, վրդովվո՞ւմ է ՀՀ քաղաքացիների իրավունքների կոպտագույն ոտնահարումից, մտահոգությո՞ւն է հայտնում նրանց անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ, վճռական բողո՞ք է արտահայտում՝ որպես Հայաստանի կառավարության անդամ, կո՞չ է անում միջազգային հանրությանը՝ արտահայտել վերաբերմունքը Բաքվի անթույլատրելի գործողությունների նկատմամբ և այլն:

ԱՄԵՆԵՎԻ՛Ն, ԴՐԱ ՆՇՈՒՅԼՆ ԱՆԳԱՄ ՉԿԱՐ: Օմեգա-Արաբաթն ընդամենը հայտարարում է, նախ, թե «անկանոն գնդակոծությունները չեն նպաստում խաղաղ գործընթացին և անհասկանալի են մեզ համար» (??)։ Երկրորդ, թե «ՀՀ-ն շահագրգռված չէ իրավիճակի սրմամբ, իսկ էսկալացիայի արդարացման որոնումը սադրանք է» (??)։ Եվ վերջապես՝ «բալեհատիկը տորթի վրա». «Այս իրավիճակի ապաահագնացման համատեքստում ընդգծում եմ ԵՄ դիտորդական առաքելության հայտարարությունը։ Ուզում եմ արձանագրել, որ այդ առաքելությունը դարձել է հայ-ադրբեջանական սահմանի կայունության իրական, շոշափելի, արդյունավետ գործոն»:

Ապա հաջորդում է հերթապահ բառակույտն այն մասին, թե որքա՜ն են ինքն ու Փաշինյանը կողմ խաղաղությանը:

Այսինքն, արձանագրենք. բնակելի տների գնդակոծության, գյուղերի ենթակառուցվածքներին հասցված էական վնասի, գնդակներից ու արկերից թաքնվել հարկադրված խաղաղ բնակիչների կյանքին սպառնացող վտանգի խորապատկերին (այս ամենը պաշտոնապես հաստատում են երկու նախարարությունները), ԱԳ նախարարն ընդգծում Է ԵՄ առաքելության դերը՝ որպես սահմանին «կայունության» գործոնի. ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱ՛Ն

Այստեղ հնարավոր է ընդամենը երկու տարբերակ. կա՛մ այդ մարդն անկարող է հասկանալ իրավիճակը մտավոր սահմանափակ ունակությունների պատճառով, կա՛մ նա մինչ օրս կատարում է օտարերկրյա լրտեսի դերը, որի գլխավոր խնդիրն է ստորաքարշություն անել, քծնել, սիրաշահել և հաճոյանալ եվրոպացիներին՝ ի վնաս սեփական երկրի շահերի: Ասենք, թե ինչ շահերի և որ «սեփական երկրի» մասին կարելի է խոսել Օմեգա-Արաբաթի դեպքում, դեռ մեծ հարցական է։

Ըստ իս, երկրորդ վարկածը շատ ավելի արժանահավատ է. սակավամտության ողջ ակներևությամբ հանդերձ, նույնիսկ Միրզոյանն է ի վիճակի հասկանալ, թե ինչ է կատարվում սահմանամերձ գոտում ։ Պարզապես նա, ինչպեսև դավաճանների ոհմակի իր թիմակիցները, այլևս հարկ չի համարում թաքցնել, որ այդ էությունը համապատասխանում և լիովին տեղավորվում է իր իսկական տերերի շահերի ու նպատակների մեջ։