ԿԱԶՄՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՍԱԿԱՎԱՀԱՅՏ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ
Մեր մոլորակն իսկապես մեծ է, և նույնիսկ հիմա Երկրի վրա կան վայրեր, որտեղ մարդ դեռ ոտք չի դրել. Մարսի արտառոց պայմաններն ընդօրինակող, ուտտի և ՆԱՍԱ-ի կողմից հետազոտությունների համար օգտագործվող Կանադական Արկտիկայի «անմարդաբնակ» կղզուց մինչև Հիմալայների աննվաճ լեռներ: Focus-ը կազմել է մեր մոլորակի դեռևս չուսումնասիրված ամենահետաքրքիր վայրերի ցանկը։
Պիտքերն կղզիներ
Օքլենդից (Նոր Զելանդիա) հեռավոր Փիթքերն կղզիներ հասնելու համար զբոսանավով 32-ժամյա ուղևորություն է անհրաժեշտ: Մինչ օրս այնտեղ ոչ մի ինքնաթիռ կամ ուղղաթիռ վայրէջք չի կատարել։
Փիթքերն կղզիները Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք է, իսկ կառավարությունը Նոր Զելանդիայում է:
Տարածքը նաև աշխարհի ամենաքիչ բնակեցվածներից մեկն է, որտեղ 2011 թվականի տվյալներով ապրում էր ընդամենը 67 մարդ։
Բժշկական օգնություն ստանալու համար կղզու բնակիչները ստիպված են մեկնել Նոր Զելանդիա կամ Ֆիջի։
Հարավային Նամիբիա
Աշխարհի հնագույն անապատներից մեկը Աֆրիկայում է։ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն այն նկարագրում է իբրև գործնականում չուսումնասիրված տեղանք, թեև նշվում է, որ անապատում առանձնապես բուսականություն չկա:
Սյուրթսեյ կղզի
Հրաբխային Սյուրթսեյ կղզին Իսլանդիայի հարավային ափերի մոտ է, ձևավորվել է 1963-1967 թվականներին՝ հրաբխի ժայթքումից։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ մարդու միջամտությունից զերծ Սուրթսեյ կղզի կարող են ոտք դնել սոսկ բարձր որակավորում ունեցող գիտնականները։ Այլ կերպ ասած, այնտեղ դեռ ոչ մի մարդ չի ապրում։
Շոն Դոնգ քարանձավ
Նախապատմական ժամանակներում ձևավորված քարանձավը Վիետնամի ազգային պարկերից մեկում է։ Այն վերահայտնաբերվել է միայն 2008 թվականին։
Հետազոտողները Շոն Դոնգ քարանձավն առաջին անգամ հայտնաբերել են 1990 թվականին, սակայն հետո, չգիտես ինչու, դրա գտնվելու վայրը կորսվել է։
Միայն 2008-ին էր, որ բրիտանական քարանձավագիական հետազոտությունների ասոցիացիայի հետազոտողները նորից հայտնաբերեցին այդ վայրը:
Շոն Դոնգ քարանձավը հայտնի է որպես աշխարհի ամենամեծ բնական քարանձավ և ենթադրվում է, որ ձևավորվել է 3 միլիոն տարի առաջ:
2013 թվականին քարանձավն առաջին անգամ բացվել է հանրության համար։
Հյուսիսային Սենտինել կղզի
Այս կղզին Հնդկական օվկիանոսի Անդամանյան կղզիների մի մասն է և դեռևս անձեռնմխելի է ժամանակակից մարդու համար: Ենթադրվում է, որ այս մեկուսի կղզին սենտինելյան բնիկ ցեղի տունն է:
Կղզուն մեծ ուշադրություն դարձրին, երբ այնտեղ կրոնական առաքելություն իրականացնող ամերիկացի միսիոներ սպանվեց։
Թեև 1960-70-ականներին մարդաբաններն ու նկարահանող խմբերն այցելել են կղզի, այս վայրի մասին շատ բան հայտնի չէ։
Վալե դու Ժավարի գյուղ
Ամազոնյան մեկուսացված գյուղը Պերուի հետ Բրազիլիայի սահմանի մոտ է։
Բրազիլիայի կառավարական գործակալության վերջերս հրապարած տեսանյութից պարզվում է, որ անօդաչու թռչող սարքով հաջողվել է նկարել Վալե դո Ժավարի ցեղի անդամներից մեկին։ Ըստ հետազոտողների՝ դա արտաքին աշխարհի հետ կապ չունեցած մեկուսի ցեղի մասին առաջին տեսանյութն է:
Գանգկխար Պունեսում լեռը
Գանգկխար Պունեսումը Բութանում է՝ Տիբեթի հետ սահմանին: Համարվում է աշխարհի ամենաբարձր աննվաճ լեռը։
Լեռան բարձրությունը ծովի մակարդակից 7570 մետր է։ Գանգկխար Պունեսումի գագաթ դեռ ոչ ոք չի մագլցել, քանի որ տեղական իշխանությունները լեռնագնացներին դեռևս 1994 թվականից արգելել են բարձրանալ լեռան գագաթը:
Առհասարակ արգելված էր բարձրանալ Բութանի մնացած ամենաբարձր լեռները ևս՝ տեղական հոգևոր հավատալիքների նկատմամբ հարգանք ցուցաբերելու նկատառումներով։
Անտարկտիդա
Այս մայրցամաքը դեռևս հիմնականում անմարդաբնակ է և լի չուսումնասիրված տարածքներով:
Անտարկտիդայի բնակչության մեծ մասը գիտնականներ են, ովքեր բնակություն են հաստատում հետազոտական կայանների մոտակայքում, քանի որ լանդշաֆտը հիմնականում անմարդաբնակ է:
ՆԱՍԱ-ի սարքավորումներով արված լուսանկարները ցույց են տալիս Անտարկտիդայի անմարդաբնակ տարածքները:
Դևոն կղզի
Երկրի ամենամեծ անմարդաբնակ կղզին Կանադայի ափերի մոտ է: ՆԱՍԱ-ն կղզին անվանում է «բևեռային անապատ»:
Սառույցի տակ թաքնված Դևոն կղզին Կանադական Արկտիկայի տարածքում է: Ծայրահեղ ջերմաստիճանների և պայմանների պատճառով կղզին 1930-ականներից կամ 1940-ականներից չի բնակեցվել:
Սակայն ծայրահեղ պայմաններով հանդերձ կղզին կիրառություն գտավ: NASA-ն այն օգտագործում է որպես հարթակ իր սեփական հետազոտությունների համար:
Ըստ գիտնականների՝ կղզու պայմանները նման են Մարսի եղանակին, ուստի ՆԱՍԱ-ի մասնագետները Դևոնում սարքավորումներ և տիեզերական հանդերձանք, ինչպես նաև տիեզերական այլ տեխնոլոգիաներ են փորձարկում։