ԱԲՍՈՒՐԴ. ՆՐԱՆՔ ԳՆԴԱԿՈԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԳՅՈՒՂԵՐԸ, ԻՍԿ ՄԵՆՔ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԵՆՔ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԵՏ

Հայաստանը Ադրբեջանին է ուղարկել խաղաղության պայմանագրի նոր խմբագրումը։ ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը հայտարարեց, որ խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների 8-րդ խմբագրման մասին է:

Այսինքն իրավիճակը հետևյալն է. Ադրբեջանի զինված ուժերը ողջ թափով գնդակոծում են խաղաղ հայկական գյուղերը, նույն ՀՀ ԱԳՆ-ը հայտարարում է, որ ապրիլի 6-7-ին ադրբեջանցիների ռազմական սադրանքն ուղղված էր ի վերջո լայնածավալ հարձակում սանձազերծելուն, և դրան արդարացում չկա։ Եվ այդ ամենին զուգահեռ հանգիստ հայտարարվում է, որ Բաքվին է ուղարկվել «խաղաղության պայմանագրի» հերթական խմբագրումը։ Դուք առհասարակ լսո՞ւմ եք ձեր ասածը։

Ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարելի է ընդհանրապես խոսել, երբ նույն այդ պայմանագրի կողմերից մեկը «քննարկում է» դա՝ պարբերաբար գնդակոծելով մյուսին, ընդ որում նշանառությամբ կրակում է քաղաքացիական օբյեկտների, խաղաղ գյուղացիների ուղղությամբ։ Ու թեև Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ռազմական ագրեսիայի հետևանքով զոհեր չկան, բայց գյուղերում վնասվել են տներ և տապանաքարեր: Մինչդեռ կարող էին նաև մարդկային զոհեր լինել։

Նույնիսկ օվկիանոսից անդին օտարերկրյա լրագրողները հասկանում են, թե ինչ է կատարվում։ Ինչպես գրում է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը՝ «մտահոգիչ է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանը կոշտացրել է իր տարածքային պահանջները Տավուշի մարզում»:

Իսկ հայկական ղեկավարությանը, դատելով ամենից, ոչինչ չի հուզում, եթե հնարավոր է համարում տեղի ունեցող ամենի խորապատկերին շարունակել «խաղաղության պայմանագիր» քննարկել ագրեսորի հետ։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման» հարցում շահագրգիռ բոլոր դերակատարներին և միջազգային հանրությանը հստակ և միանշանակ ուղերձ հղելու փոխարեն. Ադրբեջան ֆաշիստական, ահաբեկչական պետության հետ ցանկացած բանակցություններ դադարեցվում են այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական կողմը չի սկսել իրեն կարգին պահել, ինչպես վայել է իրական խաղաղության գործընթացով և իրական խաղաղության պայմանագրի ստորագրմամբ շահագրգիռ երկրին:

Դա պետք է արվեր շատ ավելի վաղ, գոնե այս տարվա հունվարին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ սպառնաց Հայաստանին տոտալ շրջափակմամբ և պատերազմով, եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը»։ Բաքվի բռնապետը հայտարարեց հետևյալը. «Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների։ Եթե Հայաստանը չբացի «Զանգեզուրի միջանցքը», ապա մենք էլ չենք բացի Հայաստանի հետ սահմանը, և նա կհայտնվի փակուղում։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ տեղում»։

Սույն լպիրշ վերջնագրին (այն դեպքում, երբ բոլորը, ներառյալ ՀՀ ղեկավարությունը, պնդում են, թե բանակցություններում չկա «Զանգեզուրի միջանցքի» թեման) ոչ ոք պատշաճ կերպով չարձագանքեց. ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը։ Մյուս կողմից, եթե ՀՀ ղեկավարությունը չի արձագանքում՝ շարունակելով «խաղաղության պայմանագրի» տարբերակներ փոխանակել Բաքվի հետ, ապա ինչո՞ւ պիտի այդ գործառույթն իրենց վրա վերցնեն ուրիշները, որոնք շահագրգռված են առաջին հերթին նրանում, որ հայ-ադրբեջանական այս «գլխացավանքից» վերջապես ազատվեն։

Այն ժամանակ՝ հունվարին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «բովանդակային առումով ադրբեջանական առաջարկների մեջ մենք տեսնում ենք որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղություններով»։ Թե ինչ այլ ուղղություններ նա նկատի ուներ, անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ հայ ռազմագերիները մինչ օրս գտնվում են ադրբեջանական բանտերում, ինչպեսև Արցախի նախկին ղեկավարները, որոնք Բաքվում դատվում են իբրև ահաբեկիչներ, իսկ իրական և գլխավոր ահաբեկիչ Ալիևը Հայաստանին սպառնում է շրջափակմամբ և պատերազմով:

Այն, որ «մի քանի այլ ուղղություններով» որեվէ առաջընթաց չկա, ակերևաբար ցույց տվեց փետրվարը, երբ Ադրբեջանի կողմից հայկական Ներքին Հանդ գյուղի գնդակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող, իսկ երկուսը վիրավորվեցին։

Եվ կրկին հաջորդեց ԱԳՆ-ի հերթապահ հայտարարությունը. «Խստիվ դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմող Ադրբեջանի գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցություններին»:

Ինչո՞ւ է այդքան դժվար հասկանալ ակնհայտը, այն է՝ Բաքուն տրամադրված է ոչ թե խաղաղ բանակցությունների, այլ հայկական կողմի յուրաքանչյուր նոր զիջմանը և Բաքվի սադրանքներին դիմադրության բացակայությանը զուգընթաց հասնելու մեծ զիջումների և, ի վերջո, ոչնչացնելու Հայաստանը՝ որպես աշխարհաքաղաքական գործոն։ Եվ ստեղծելու մի այդպիսի «Էրմենիստան» ռեզերվացիա, որը նույնիսկ կանվանեն «Արևմտյան Ադրբեջան»։ Չէ՞ որ ալիևյան ռեժիմը չի էլ թաքցնում իր նպատակները, բացահայտ խոսում է ամեն ինչի մասին, և նույնիսկ նրանց խորհրդարանն է փաստաթղթեր ընդունում, նկրտելով ինքնիշխան Հայաստանի ողջ տարածքին՝ «Արևմտյան Ադրբեջան» անվանումով։

Այսօր կրկին նույն պատմությունն է. գնդակոծություններ Ադրբեջանի կողմից, ոչ մի համարժեք արձագանք Հայաստանի ղեկավարության կողմից, և ասես ոչինչ չի պատահել, աշխատանքային ռեժիմով քննարկում են բացարձակ անկենսունակ փաստաթղթի հերթական՝ 8-րդ (թեկուզ 88-րդ) խմբագրումը։ Անկենսունակ՝ հենց թեկուզ այն պատճառով, որ անհնար է ահաբեկչին ու ագրեսորին խաղաղության կոչ անել մշտական զիջումների և նրա ահաբեկչական գործողությունների արդարացման (պատշաճ արձագանքի բացակայությունը նույնպես արդարացում է) հաշվին։ Այս ճանապարհը նույնքան փակուղային է, որքան բռնությանը չդիմադրելը՝ ադրբեջանցիների կողմից հայկական գյուղերի գնդակոծման հետ կապված վերջին միջադեպին ՀՀ պաշտպանության նախարարության արձագանքի ոգով. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»: Թե որքան ժամանակով է հանդարտվել՝ հռետորական հարց է։