Ո՞Ր ՀԱՄԱՅՆՔԻՑ Է ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈՎԻՎԸ
ՀՀ ԱԱԾ-ն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ մոլորված հոտին փնտրող հովիվը սխալմամբ հայտնվել էր Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օկուպացված ՀՀ տարածքներում։ Կողմերի միջև փոխհրաձգություն էր սկսվել, ադրբեջանական կողմն արդյունքում ունեցել է մեկ վիրավոր, հովիվը և հոտը վերադարձվել են։
ՀՀ ԱԱԾ-ն նաև շտապել էր հայտնել Ադրբեջանի սահմանապահ զինված ուժերի հետ համատեղ քննություն անցկացնելու պատրաստակամության մասին և հայտնել էր իր ափսոսանքը միջադեպի կապակցությամբ։
«Հրապարակը» կապվեց Ներքին և Վերին Խնձորեսկ բնակավայրերի նախկին վարչական ղեկավար Երվանդ Մալունցի հետ, ով ասաց, որ մոլորված հովիվն իրենց բնակավայրից չէ, իրենց բնակիչներից ոչ ոք ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածք չի անցել:
«Մեր հովիվներից ոչ ոք տարածքը չի անցել, այդ հովիվը ոչ Ներքին, ոչ էլ Վերին Խնձորեսկի բնակիչ չէ»,-ասաց Մալունցը:
Կապ հաստատեցինք ԱԱԾ տեղեկատվության բաժնի հետ, սակայն մեզ ասացին, որ հաղորդագրությունում նշված տեղեկատվությունից բացի այլ տեղեկատվություն հաղորդել չեն կարող: