Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՈՐՈՇ ՀԱՅ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՍՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՏԱՐԱԾՈՒՄ

Որոշ հայ պատմաբաններ տարածում են թուրքական խոսույթներ` առաջ մղելով Անկարայի հետ հաշտեցման հանձնաժողովի գաղափարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

Նրա խոսքով` թուրքերը շրջանառության մեջ էին դրել պատմաբաններից բաղկացած, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի գաղափարը հայ-թուրքական արձանագրություններից (2009թ. – խմբ.) դեռ տարիներ առաջ։

Հանձնաժողովի նպատակն, ինչպես հայտնի է, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը վիճարկելն էր։ Այն ժամանակ պաշտոնական Երևանը կտրականապես մերժեց այդ գաղափարը։

Դանիելյանի կարծիքով` որոշ հայ պատմաբաններ, այնուամենայնիվ, ոչ միայն գայթակղվեցին այդ խորամանկ գաղափարով, այլև «համապատասխան փորձ ու հմտություններ» ձեռք բերելու ձգտումով տևական ժամանակով այցելեցին Թուրքիա:

«Որոշ ժամանակ անց այդ փորձը պիտանի եղավ հայագիտության բոլոր հիմքերը համակարգված խարխլելու «վեհ գործում»: Արդյունքում հայ-թուրքական բանավեճը սահուն տեղափոխվել է Հայաստանի ներքին կյանք, մենք ակամա փորձում ենք աքսիոմատիկ ճշմարտությունները ապացուցել, ցավոք, արդեն երկրի ներսում, «հաշտեցման հանձնաժողովի» գաղափարով անհաշտություն սերմանվեց հենց մեր հանրության մեջ: Թուրքն առայժմ անելիք չունի, դեռ սպասում է»,– գրել է նա։

Դանիելյանն այնուամենայնիվ վստահ է, որ հայ միտքը իրեն չի սպառել և կգա այն պահը, երբ էլ ավելի ծանր վիճակում կհայտնվեն Թուրքիան և իր արհեստական փոքր եղբայրը (նկատի ունի Ադրբեջանը, – խմբ.)

Ըստ նրա` դրա համար այդ երկրներում իդեալական նախադրյալներ կան։

Նախկին նախարարի գրառումն արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դատողությունների ֆոնին, թե պատմական Հայաստանը քաղաքացիների գիտակցության մեջ պետք է փոխվի իրական Հայաստանով:

Sputnik Արմենիա