«Ժողովուրդ»․ ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ ՄԵԿ ՍՊԱ ԵՎ ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐ

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով Սյունիքի մարզի դատարանում ապրիլի 11–ին վկաներ են հարցաքննվել։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Նիստը կայացել է, գործով հարցաքննվել են 3 վկաներ, որոնցից մեկը Ցոր զորամասի կապիտան է եղել, և երկու զինվորներ։ Զոհվածների հարազատները դատարանին միջնորդել էին գործը քննել Երևանում, որպեսզի իրենք բոլոր նիստերին կարողանան ներկա գտնվել, սակայն դատարանը մերժել էր»,–գրում է «Ժողովուրդը»։

Նշենք, որ դատարան է ներկայացել նաև Ջալալ Հարությունյանը։ Օրաթերթի ձեռքում է հայտնվել լուսանկար, թե ինչպես է նա դատարանում փաստաթղթեր ուսումնասիրում։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանը 2020թհոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունները կատարել է անբարեխիղճ և անփույթ ձևով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Հարությունյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է 2020թ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։

Ջալալ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020թ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ հանրային քրեական նոր հետապնդում է հարուցվել։

Sputnik Արմենիա