Արման ԹԱԹՈՅԱՆ․ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՆԵՐԸ ԲԱԺԱՆՎԵԼՈՒ ԵՆ «ՀԱՅԿԱԿԱՆԻ» ՈՒ «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԻ»
Չի կարելի հենց այնպես քաղաքական որոշմամբ մարդուն տնից, իր միջավայրից զրկել ու հետո էլ հանուն քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու համար արդարանալ, թե այլ տուն այլ վայրում կտանք: Այս մասին գրել է Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ այցելությունից հետո։
«Սյունիքում ու Գեղարքունիքում GPS-ով կամ Google քարտեզով ու այլ անթույլատրելի մեթոդներով արդեն ավերվեց համայնքների ու ճանապարհների անվտանգությունը, մարդկանց զրկեց ընտանիքի եկամուտ վաստակելու հնարավորությունից, վերացրեց այն միջավայրը, որում նրանք ապրում են։ Հիմա էլ նույն իրավիճակը Տավուշին է սպառնում»,- գրում է Թաթոյանը։
Նա լուսանկարներ է հրապարակել, և մի քանի բնակչի օրինակով պատմել, թե ինչ է սպասվում «կառավարության հայտարարած մեխանիկական» սահմանազատման հետևանքով։
Օրինակ` Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկի տունը բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»։ Տան ամառային խոհանոցի և տնամերձ հողամասի մի մասը մնալու է Հայաստանում, իսկ տունը և տնամերձ հողամասի մի մասն անցնելու է Ադրբեջանին։ Մեկ այլ ընտանիքի դեպքում տունը, տնամերձ հողամասն ու այգին, վարելահողն ամբողջությամբ են անցնելու Ադրբեջանին, մինչդեռ մարդիկ այդ գույքի համար հարկեր ու տուրքեր են 30 տարուց ավելի վճարել։