ԲԱՔՎԻ ՌԵԺԻՄԸ ԴԻԱԿԱՊՏԻՉՆԵՐԻ ԲԱՆԱԿ Է ԳՈՐԾԱՐԿԵԼ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ

Օտարերկրացի բազմաթիվ զբոսաշրջիկները, այցելելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) մայրաքաղաք Ստեփանակերտ, ապշում էին նրա փողոցների մաքրությամբ ու կոկիկությամբ. դրանք վաղ առավոտից խնամքով մաքրում ու լվանում էին, ասես մարդիկ տոնի էին պատրաստվում։ Եվ իսկապես, այդպիսի մաքրությունը ուրախ ու լուսավոր տրամադրություն էր պարգևում։ Ծխախոտի քնթուկներ անգամ անհնար էր գտնել մայթերին ու շենքերի բակերում։ Ստեփանակերտցիների մաքրասիրությունն արտահայտվում էր ոչ միայն փողոցներում աղտեղությունների բացակայությամբ, այլև անմաքուր մտքերի ու արարքների բացառումով, ավանդական հյուրընկալությամբ, որը հրապուրում էր զբոսաշրջիկներին աշխարհի տարբեր անկյուններից:

ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՄԵԾ ԱՂԲԱՆՈՑ։ Այնպիսի տպավորություն է, թե քաղաքում խոզերի բոլուկ է բնակվել։ Բայց ո՛չ, շատ ավելի վատթար. դրանք դիակապտիչներ են, քաղաքի ժամանակավոր տերերը՝ ադրբեջանցի զավթիչները, ձեռնամուխ են եղել ( իհարկե, ոչ առանց վերևից ստացած հավանության) իրենց սովորական զբաղմունքին՝ ուրիշի ունեցվածքի թալանին։

Մինչդեռ բոլորովին վերջերս ոմն Ֆարիդ Շաֆիև, որը ներկայանում էր որպես Միջազգային հարաբերությունների վերլուծության Բաքվի կենտրոնի վարչության նախագահ, վստահեցնում էր, թե Ադրբեջանում «կստեղծվեն բոլոր պայմանները հայերի վերադարձի համար»։ Ընդ որում նա հավաստիացնում էր, թե բռնազավթված Լեռնային Ղարաբաղում բնակարանները, մշակութային հուշարձանները իբր «պահպանվում են պետության կողմից»։ «Կարծում եմ, որ, ինչպես արդեն հայտարարել Է Ադրբեջանի կառավարությունը, վերադառնալ ցանկացող բոլորին ժամանակ կտրամադրվի։ Այսինքն նրանք, ովքեր ուզում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ոմանք ցանկանան գալ ու վերցնել իրենց իրերը, ապա նրանց, ամենայն հավանականությամբ, այդ հնարավորությունը կտրվի»,- փորձեց լայն հասարակայնությանը մոլորեցնել այդ երեսպաշտը։

Մինչդեռ իրականությունը, ինչպես պարզվեց, ճղճիմ է, զուտ ադրբեջանական։ Այն մասին, թե ինչպես են «պահպանվում», ավելի ճիշտ՝ օրը ցերեկով ոչնչացվում մշակութային և հոգևոր հուշարձանները, պղծվում քրիստոնեական սրբավայրերն ու արցախցիների ինքնության և ազատության, ժողովրդի ինքնորոշման իրավունքի ու ժողովրդավարական անկախ պետության կառուցման համար մղված պայքարի մասին հիշեցնող խորհրդանիշները, ինչպես են ճանապարհներ կառուցվում բռնազավթված Արցախի հայկական գերեզմանատների միջով, մենք գրել ենք բազմիցս, ներկայացնելով վանդալիզմի, բարբարոսության ու սրբապղծության նորանոր փաստեր: Ինչ վերաբերում է քաղաքացիների անձնական ունեցվածքին, ապա դա թողել էին հետագային՝ համաշխարհային հանրության մոտ մարդասիրության և միջազգային իրավունքի պահպանման ինչ-որ պատրանք ստեղծելու համար։ Բայց ճշմարտության պահը իրեն երկար սպասել չտվեց. այսօր դիակապտիչներն արդեն բացահայտ թալանում են Արցախի հանրային հաստատություններն ու քաղաքացիների տները, իրենց ոչ պետքական ամենը շպրտելով փողոց և վերցնելով ամեն արժեքավորը։

Մի խոսքով, ալիևյան ռեժիմի պարզունակ քարոզչական հնարքը չաշխատեց։ Ծանուցված «մարդասիրությունը» բռնապետական Ադրբեջանում, որտեղ երեխաների մեջ դեռ օրորոցից արմատավորում են հայերի հանդեպ անասնական ատելության զգացում, սկզբունքորեն անհնար է, իսկ Սումգայիթում ու Բաքվում հայկական ջարդերի պատմությունը միանշանակ վկայում է այն մասին, թե ինչ մահացու վտանգներով է սպառնում «գալու և իրերը վերցնելու» կամ «վերջնականապես վերադառնալու» ադրբեջանական առաջարկը։

Ընդ որում Բաքվի ռեժիմը փորձում է օրենսդրորեն ամրագրել օտար տարածքների ու ունեցվածքի հանցավոր յուրացման գործընթացը։ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբն օրերս հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «...Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքային դատարանի դատավոր և նախագահ նշանակելու մասին։ Մենք կարծում ենք, որ այս նշանակումները կրում են հեռուն գնացող, չարիքաբեր/կործանարար մտադրություններ, որոնք ուղղված են գույքի բռնագրավման և ֆիզիկական անձանց հետապնդման անօրինական գործընթաց սկսելուն»: Ըստ որում նշվում է, որ «ցանկացած քաղաքական նշանակում օկուպացված Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքում կամ տարածաշրջանում, հատկապես էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի ներքո իրենց տներից բռնի կերպով վտարված բնակչության բացակայության դեպքում, և՛ անօրինական է, և՛ դատապարտելի»:

Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 17-ին Միջազգային դատարանը վճիռ կայացրեց, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և արագ» վերադարձը: Իսկ սույն թվականի մարտին Եվրախորհրդարանը բանաձև ընդունեց, որով Ադրբեջանին կոչ էր արվում «իրական համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ մտնել Ղարաբաղի հայերի հետ, որպեսզի ապահովվի նրանց իրավունքների հարգումը և երաշխավորվի նրանց անվտանգությունը, այդ թվում՝ իրենց տներ վերադառնալու և այնտեղ արժանապատվորեն ու անվտանգ ապրելու իրավունքը միջազգային ներկայության պայմաններում»:

Բաքվի ռեժիմը շարունակում է համառորեն անտեսել միջազգային հեղինակավոր մարմինների որոշումներն ու կոչերը և անել ամեն ինչ ճիշտ հակառակը՝ փորձելով օրինականացնել օտար տարածքների զավթումը և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում մարդկության դեմ կատարված հանցագործությունների արդյունքները:

«Արագ վերադարձ» ապահովելու փոխարեն՝ նախկին քոչվորները հայկական հինավուրց հողում հապճեպ ու բարբարոսաբար ոչնչացնում են եզակի հոգևոր-մշակութային ժառանգությունը, լկտիաբար խեղաթյուրում պատմությունն ու պարտադրում իրենց կեղծ տեղանունները։

Ինչ վերաբերում է արցախահայի համար օրգանապես խորթ «խանքենդի» ծաղրանունը ստացած բուն Ստեփանակերտին, ապա Արցախի մայրաքաղաքի հետ Ադրբեջանը կապ ունի միայն նրա ոչնչացման մշտական փորձերի տեսանկյունից. 1991-1994 թվականների առաջին ազատամարտի ժամանակ՝ մշտական գնդակոծություններով ու ռմբակոծություններով, 2020 թվականի «44-օրյա» թուրք-ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ թիրախային հրթիռակոծումներով, իսկ այսօր՝ բարբարոսական ավերման միջոցով, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «հողի վրա», ժամանակավորապես բռնազավթված հինավուրց հայկական հողի։

Մինչդեռ Ստեփանակերտը սպասում է իր իրական տերերին։ Հարյուրամյա հայկական, միշտ մաքուր քաղաքում չարքեր չպետք է լինեն։