Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ԱՐՑԱԽՈՒՄ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության հեռանալուց հետո, տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայության պատճառներն ավելի քիչ են։ Газета.рu-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նրա խոսքով, Ադրբեջանը դեռ չի բարձրացրել զորքերը դուրս բերելու հարցը, որպեսզի Ռուսաստանը դա չընկալի որպես պարտություն կամ զիջում։
«Այսօր Ղարաբաղում խաղաղապահների ներկայությունը փոխկապակցված է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հետ։ Փաստորեն, քանի որ Ղարաբաղում հայ բնակչություն չկա, հարց է առաջանում՝ ի՞նչ են անում այնտեղ մեր խաղաղապահները։ Կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը դրանց դուրսբերման մասին դեռ հարցեր չի բարձրացրել միայն այն բանի համար, որ դա Ռուսաստանում չընկալվի որպես պարտություն, որպես զիջում, որպես Ռուսաստանի Դաշնությունից դուրս մեր զինվորականների ներկայության պատճառած վնաս։ Բայց իրականում մեր խաղաղապահների՝ Ղարաբաղում գտնվելու պատճառներն ավելի քիչ են»,- ասել է նա։
Պատգամավորը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում կարող է երաշխավորել, որ հայ բնակչության տների հետ ոչինչ չի պատահի։
«Ես մեր խաղաղապահների ներկայության իմաստը հետևյալում եմ տեսնում, որպեսզի ոչինչ չպատահի, օրինակ՝ հայ բնակչության կողմից լքված տների, պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք ունեն համաշխարհային պատմական բնույթ։ Որոշակի հույս կա, որ հայերի մի մասը կվերադառնա Լեռնային Ղարաբաղ, սակայն այն պայմանները, որոնք Ադրբեջանը պաշտոնապես առաջադրում է հայերի վերադարձի համար, դժվար թե նպաստեն նրանց վերադարձին։ Ուստի ռուս խաղաղապահների ներկայությունն այստեղ շատ դժվար է։ Տեղի բնակչության արտագաղթը Ղարաբաղից խաթարեց նրանց այնտեղ գտնվելու պատճառները»,- եզրափակել է նա: