Իրանի դեսպան․ Պետք է հույսդ դնես ինքդ քեզ վրա և պաշտպանես սեփական անվտանգությունդ

Երբ միջազգային կազմակերպություններն անտեսում են մյուս անդամների իրավունքները, հզորները աչք են փակում, պետք է հույսդ դնես ինքդ քեզ վրա, պաշտպանես սեփական շահերդ և անվտանգությունդ։ Այսօր Երևանում ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իսրայելի դեմ Իրանի իրականացրած գործողությանը։

«Տարածաշրջանում լարվածությունը և պատերազմը կանխելու նպատակով մենք կոչ արեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ հրավիրել, սակայն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Անգլիայի խոչընդոտների պատճառով, ցավոք, ԱԽ-ն նույնիսկ ագրեսիան և անձեռնմխելիություն ունեցող վայրերի վրա հարձակումները դատապարտող հայտարարություններ չարեց, իսկ միջազգային իրավունքն ու ազգերի խարտիայի սկզբունքներն անտեսվեցին, հերթական անգամ դրսևորվեց արևմտյան երկրների երկակի ստանդարտները»,- ասաց դեսպանը։

Նա նշեց, որ Իրանը 10 օր սպասել է դիվանագիտական ջանքերին՝ դատապարտելու և սիոնիստական ռեժիմի դեմ պատժամիջոցները դիտարկելու համար։ Սակայն արևմտյան երկրները ոչ միայն չդատապարտեցին սիոնիստական ռեժիմի գործողություները, այլև զսպվածության կոչեր էին անում Իրանին։

Սոբհանիի խոսքով` Իսրայելին ուղղված պատասխան հարվածների ֆոնին Հայաստանում օտարերկրյա որոշ դեսպանատներ փորձում են վարկաբեկել Իրանին: Արևմտյան երկրների դիվանագիտական գերատեսչությունները սոցցանցերում տարածում են հակաիրանական պատմություններ հայերենով և պարսկերենով՝ փորձելով մոլորության մեջ գցել տեղի բնակչությանը։ Դեսպանը շեշտեց, որ ժամանակն է դադարեցնել այդ կեղծիքը և Հայաստանին չներքաշել աշխարհաքաղաքական հակամարտության մեջ։

Sputnik Արմենիա