ԼՈՒԾՈՒՄԸ ՄԵԿՆ Է. ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՓՈՂՈՑ

2018թ. ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ամբիոնից Փաշինյանը հնչեցրեց իր հայտնի արտահայտությունը. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով ու առաջարկով, կա՛մ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ 6 տարի անց այդ արտահայտությունը կհնչեր այսպես. «Կա՛մ ես կմնամ Հայաստանի վարչապետի պաշտոնում, կա՛մ չի լինի բուն Հայաստանը»։

Իշխող վերնաշերտի պարագլխի վերջին ելույթները խորհրդարանի ամբիոնից հաստատեցին, որ սահմանազատման գործընթաց չկա, այլ կա Ալիևի պահանջով միակողմանի տարածքային զիջումներ անելու պատրաստակամություն: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատեց կողմերի միջև կոնսենսուսի բացակայությունը քարտեզների հարցում: ՔՊ խմբակցության պատգամավորների շուրթերով բացահայտվեց ճշմարտությունը, որ Ալիևն ամենևին էլ չի պնդում սկսել սահմանազատումը Տավուշի 4 գյուղերի հանձնումով. այլ կերպ ասած՝ դա Փաշինյանի անձնական նախաձեռնությունն է։

Երբ նրան հիշեցրին քարտեզների գոյության մասին, որոնց հիման վրա հանձնաժողովը Վլադիմիր Մովսիսյանի գլխավորությամբ իրականացրել է սահմանագծումն ու սահմանազատումը (այդ քարտեզների համաձայն՝ նշյալ 4 գյուղերը պատկանում են Հայաստանին), նա պատասխանեց, թե ներկայումս «ուսումնասիրվում են բոլոր իրավական փաստաթղթերը»։ Ուշադրությո՛ւն. վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը գնացել էր Տավուշ, շանտաժում էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին պատերազմի սպառնալիքով, եթե չհանձնենք 4 գյուղերը, և այդ ամենը՝ առանց բոլոր փաստաթղթերն ուսումնասիրելու:

Օրըստօրե ժողովուրդն ավելի ու ավելի է համոզվում, որ Փաշինյանը միայն կործանում ու պատվազրկում է Հայաստանը։ Դրա ըմբռնումն արդեն դառնում է գերիշխող, սակայն մնում է անդունդը ռիսկերի գիտակցման և զանգվածների պայքարի պատրաստակամության միջև: Խորհրդարանական ընդդիմությունը որոշել է կրճատել այդ անդունդը համազգային դիմադրության կոչով։

2021թ. ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական տվեց, իսկ քաղաքական ուժերը սկսեցին նախապատրաստվել հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այն, որ խորհրդարանի և նախագահի կողմից ընդունված հրաժարականից հետո նա իրավունք չուներ պահպանելու վարչապետի բոլոր լիազորությունները, բազմիցս մատնանշվել է որպես ընտրական իրավունքի կոպտագույն խախտում: Այսօր ժամանակն է՝ հիշեցնելու, որ այդ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսից էլ պակաս թվաքանակ (49,5%)։ Փաշինյանի գլխավորած ՔՊ ցուցակը ստացավ հունիսի 20-ին տեղամասեր եկած ընտրողների ձայների 53%-ը, այսինքն՝ բոլոր ընտրողների 26%-ի ձայնը։ Կրկնվեց 2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների պատմությունը։

Հաջորդած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին քաղաքացիների իրական վերաբերմունքը ռեժիմի նկատմամբ՝ հաստատելով ավելի վաղ հնչած այն եզրակացությունը, որ եթե 2021 թվականին Փաշինյանը իսկապես հրաժարական տար, ապա ՔՊ կուսակցությունը քվեարկության արդյունքում դժվար թե հաղթահարեր անցողիկ շեմը։ Իր ձեռքում պահելով ողջ իշխանությունը, Փաշինյանն անձամբ էր ղեկավարում ընտրական գործընթացը՝ իր կուսակցության համար ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Այն մասին, թե ինչպես շանտաժի և բռնաճնշումների միջոցով ՔՊ-ին հաջողվեց մի շարք խոշորացված համայնքներում փոխել օրինական ընտրված ղեկավարներին, ասվել ու գրվել է բազմիցս:

Դրանից մեկ տարի անց իշխող վերնաշերտի պարագլխի վարկանիշն ընկավ 8%-ի։ 2018-2023թթ. ընտրությունների ողջ պատմությունը Փաշինյանի լեգիտիմության անկման գործընթաց է։ Զարմանալի չէ, որ Ալիևը չի շտապում միջպետական համաձայնագիր ստորագրել գործադիր իշխանության ղեկավարի հետ, որը սրընթաց կորցնում է լեգիտիմությունը։

Խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի վերջին ելույթները արդիականացրեցին իր հրաժարականի թեման։ Չի կարելի չհամաձայնել նրանց հետ, ովքեր պնդում են, որ ներկա պայմաններում ընթացիկ օրակարգի գլխավոր հարցը վերաբերում է Փաշինյանի հրաժարականին։

ՄՆԱՑԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԵՆ։ Այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու են նման հարցադրման հետ համամիտ մարդիկ շարունակում վեճը, թե արդյոք հրաժարականը պետք է տեղի ունենա փողոցի ճնշման տակ, թե՞ Փաշինյանը պետք է հեռանա խորհրդարանի ճնշման միջոցով։ Երկու գործոնները փոխկապակցված են. խորհրդարանական մեծամասնությունը Փաշինյանի հրաժարականի օգտին կարող է քվեարկել միայն փողոցի ճնշման տակ, եթե փողոց ելնի ամբողջ ժողովուրդը: Ասենք, այդ հեռանկարը հիմնավորված կասկածներ է առաջացնում…

Ակնհայտ է, որ ընդդիմության առաջնորդները ցանկանում են խուսափել արյունահեղությունից։ Փաշինյանը կդիմի ցանկացած քայլի՝ փողոցային պայքարը ճնշելու համար։ Առայժմ նա պետք է արևմտյան կոալիցիային ռուսատյաց քաղաքականությունը շարունակելու համար, նրա ձեռքերն ազատ են։ Արևմուտքն աչք կփակի իշխանության ղեկին մնալու ռեժիմի պարագլխի ցանկացած ջանքի վրա։ Նրան ամեն ինչ կներեն։ Այս բանավեճի չոր մնացորդում անմխիթար եզրահանգումն է, որ Փաշինյանի հրաժարականի համաժողովրդական պահանջը կարող է մնալ առանց խորհրդարանի աջակցության և ավարտվել արյունահեղությամբ: Փաշինյանը կասի, թե կրակել է Ռուսաստանի գործակալների վրա…

Տարօրինակ իրավիճակ է ստեղծվում. ժողովրդի գերակշիռ մասը պահանջում է Փաշինյանի հրաժարականը, սակայն իշխանությունը մնում է ռեժիմի պարագլխի ձեռքում, որը հենվում է միայն ուժայինների և խորհրդարանական մեծամասնության վրա: Պատմությունը կրկնվում է զավեշտի տեսքով։ Նրանք, ովքեր 2018-ի գարնանն անկեղծորեն հավատում էին, թե Փաշինյանի «հեղափոխությունը» ժողովրդի ընտրությունն է, այլ ոչ թե ԿՀՎ-ի կողմից իրեն պարտադրված հատուկ գործողություն, այսօր հասկանում են, որ ո՛չ 6 տարի առաջ, ո՛չ էլ առավելևս այսօր ժողովուրդը չի վճռում իշխանության հարցը: Արժե՞ արդյոք զանգվածներին դուրս բերել փողոց և տանել նոր ցնցումների ճանապարհով, որոնք կարող են հանգեցնել միայն ոստիկանական տեռորի և արյունահեղության, բայց ոչ իշխող վերնաշերտի փոփոխության։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի վերջին ելույթների արդյունքներով մատնանշեց, որ վարչապետի աթոռին նստած անձը հրապարակավ հրաժարվել է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությունները: «Մենք գործ ունենք խամաճիկի հետ, որը սպասարկում է այլ պետության շահերը»,- ընդգծեց նա՝ մատնանշելով, որ իշխանության ներսում Փաշինյանի գործողություններին դիմադրություն չկա, նրա կողմից են բոլոր ուժային կառույցներն ու Գլխավոր դատախազությունը:

«Սկզբում ամեն ինչում մեղավոր էին «նախկինները», հետո՝ Ռուսաստանն ու արցախցիները, իսկ այսօր Փաշինյանը ողջ մեղքը գցում է զանգվածային գիտակցության մեջ պատմական Հայաստանի առկայության վրա, կարծես թե մենք պահանջում ենք վերադարձնել Կարսը կամ Վանը, մինչ թշնամին արդեն Ջերմուկո՛ւմ է։ Ի՞նչ պատմական Հայաստան, երբ խոսքը գոյատևման մասին է։ Շուտով նա կասի, թե Հայոց ցեղասպանություն Արևմտյան Հայաստանում չի եղել»,- ընդգծեց պատգամավորը։ Փաշինյանը շարունակում է հրապարակային տարածք պարբերաբար ցնցող թեզեր արտանետելու մարտավարությունը, որպեսզի ընդդիմությունը զբաղմունք ունենա։ Արդյունքում ժողովուրդն այլևս չի լսում ո՛չ Փաշինյանին, ո՛չ ընդդիմությանը՝ գիտակցելով իր անզորությունը ոչ միայն արտաքին, այլև ներքին թշնամու դեմ։

Բոլորն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ խոսելով նոր պատերազմի հավանականության մասին՝ Փաշինյանն ի սկզբանե պարտադրում է ժողովրդին անխուսափելի պարտության միտքը։ Իրավիճակն իսկապես փակուղային է, թեև հնչում է համահայկական դիմադրության մասին խորհրդարանական ընդդիմության գաղափարը։ Տավուշցիների դիմադրությունը գլխավորելու պատրաստակամության մասին հայտարարել է տեղի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը ձևավորում է «Պատիվ և Հայրենիք» անվանումով շարժումը: Արդեն տեղեկություններ կան, որ դիմադրության են պատրաստվում Սյունիքի և Գեղարքունիքի բնակիչները։ Ոչ վաղ անցյալում Տավուշը ամենից նիկոլամետ մարզն էր։ Այստեղ ՔՊ-ն ավանդաբար ամենաշատ ձայներն է հավաքել Փաշինյանի հնչեցրած այն ստի պատճառով, թե իբր՝ ավելի շուտ կտրելու կտա իր ձեռքերը, բայց Տավուշի հողի մի միլիմետր անգամ չի զիջի։ Այսօր մարզի բնակիչներն իրենց խաբված են զգում։ Գալստանյանը խնդրում է չկապակցել իր շարժումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ՝ նշելով, որ հանդես է գալիս որպես մասնավոր անձ, սակայն Եկեղեցու վերաբերմունքը իշխող վերնաշերտի պարագլխի նկատմամբ հայտնի է: Արքեպիսկոպոսը դեռ չի ցանկանում բացել բոլոր խաղաքարտերը՝ խոսելով նախապատրաստական ակտիվ աշխատանքների մասին։

Քննարկումների ժամանակը վաղուց անցել է, Փաշինյանն անկարող է վտարել զավթիչներին երեք մարզերի տարածքից, փոխարենը արդեն պարծենում է նրանով, որ 2021 թվականի մայիսի 12-ին նրանք ներխուժել են մեր երկիր առանց գեթ մեկ կրակոցի։ Այդ թեմայով նրա վերջին անկեղծացումները հաստատեցին ի սկզբանե մեր հնչեցրած այն վարկածը, որ ադրբեջանցիների ներխուժումը Սև լճի և Իշխանասարի մատույցներ պայմանավորված բնույթ էր կրում և 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման շարունակությունն էր։

Զանգվածային բողոքի ակցիաները ճնշելու Փաշինյանի պատրաստակամությունը, ընդհուպ մինչև արյունահեղություն՝ նշանակում է, որ ելքը մեկն է. փողոց պետք է դուրս գա ամբողջ ժողովուրդը, միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից, իսկ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը կդառնա տեխնիկայի հարց: «Հարյուր մահապարտների» գաղափարը արդիական է լոկ որպես համազգային վերելք ապահովելու միջոց, խորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է ցույց տալ անձնական համապատասխանությունը ազդարարված նպատակին…