ԶՈՀԵՐԻ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԴԱՐՁՆՈՒՄ Է ՇԱՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ
Հայոց ցեղասպանության զոհերի ամբողջական ցուցակ կազմելու Հայաստանի իշխանությունների գաղափարն ընդհանուր առմամբ բացասական արձագանք է առաջացրել հասարակության շրջանում։ Քննադատները կարծում են, որ ողբերգության 109-րդ տարելիցի նախաշեմին իշխանությունները գիտակցաբար ջուր են լցնում Անկարայի ջրաղացին՝ հաշվի առնելով, որ զոհերի թվի վերաբերյալ ցանկացած քննարկում Ցեղասպանության փաստը դարձնում է առևտրի և շահարկման առարկա, ինչը ձեռնտու է բացառապես այդ ոճրագործությունը չճանաչող ժամանակակից Թուրքիային։ Ցուցակների «ստուգման» գաղափարը ոչ միայն վտանգավոր է քաղաքական առումով, այլև անիրագործելի է զուտ տեխնիկապես, նշում են մասնագետները։
Ավելի վաղ ամբողջական ցուցակի անհրաժեշտության մասին խոսել էր իշխանամետ պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ի թիվս այլ բաների նա ասել էր, որ եթե հրեաներին հաջողվել է նույնականացնել Հոլոքոստի բոլոր զոհերին, ապա ինչու չի կարելի նույնը անել Հայոց ցեղասպանության զոհերի հետ։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի կարծիքով՝ զոհերի ցուցակներ կազմել հնարավոր չէ, և դրա պատճառները մի քանիսն են: Հայկական գյուղերը, այդ գյուղերի բնակիչներն ամբողջովին ոչնչացվում էին, իսկ Օսմանյան կայսրության բնակչության մեծամասնությունն անգրագետ էր, մարդկանց ոչ մի ցուցակ չկար։ Եվ ողբերգությունից ավելի քան մեկ դար անց մարդկանց անունների և ազգանունների վերականգնումը ֆանտաստիկայի ոլորտից է:
Վիրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ եթե իշխող ուժի ներկայացուցիչներն անկեղծորեն ցանկանում են այդ ցուցակն ունենալ, և որևէ այլ ենթատեքստ նրանց հայտարարություններում չկա, ապա նրանք պարզապես պատմություն չգիտեն, չեն հասկանում, թե ինչ է Ցեղասպանությունը: Իսկ եթե նրանք այս ամենը գիտակցում են, բայց շարունակում են պնդել, թե ցուցակների «ստուգման» անհրաժեշտություն կա, ապա բոլորովին այլ օրակարգ են սպասարկում։ Ինքը՝ արխիվի նախկին տնօրենը, մի քանի տարի առաջ փորձել է ցուցակներ կազմել, բայց հետո հասկացել է, որ դա անհնար է։
«Լավագույն դեպքում, երկար, քրտնաջան աշխատանքի միջոցով կարելի է նույնականացնել 200-300 հազար զոհի։ Բայց դա երկար տարիներ կպահանջի, բացի այդ, լուրջ հաղթաթուղթ կտա մեր հակառակորդներին, որոնք անպայման կօգտվեն դրանից, որպեսզի նվազեցնեն հայ ժողովրդի ողբերգության մասշտաբները»,-ասել է Վիրաբյանը։
Հոլոքոստի հետ համեմատությունն Վիրաբյանն անիմաստ է համարում, քանի որ իրավիճակն այս դեպքում բոլորովին այլ է։ Հրեաներին կոտորել են եվրոպական երկրներում, որտեղ 10 տարին մեկ մարդահամար էր անցկացվում, կային քաղաքային և տնտեսական տեղեկատուներ, կային հեռախոսային տեղեկատուներ։ Այս ամենը պահպանվել է և հետագայում՝ նացիստական Գերմանիայի կործանումից հետո, օգնել է բացահայտել հրեաների ողբերգության զոհերին։ Նրանք նույնիսկ կարողացել են մոտ 3 միլիոն զոհի լուսանկարները գտնել։ Հոլոքոստի պարագայում իր կարևոր դերն է ունեցել նաև գերմանական հայտնի ճշգրտությունը, բծախնդրությունը, որով նացիստները հաշվում էին իրենց զոհերին:
Ի տարբերություն նրանց՝ ոչ Ցեղասպանության կազմակերպիչները, ոչ էլ կատարողները իրենց առջև խնդիր չէին դրել փաստաթղթավորել զոհերին։ Հայերին տասնյակ ու հարյուր հազարներով սպանում էին Մերձավոր Արևելքի անծայրածիր անապատներում, փաստաթղթավորումը ոչ մեկին չէր հետաքրքրում։
Գաղափարը վտանգավոր է համարում նաև Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը:
«Ինչպես գիտենք, դեռևս անցյալ դարի կեսերից թուրքական պետությունը, նրա պատմաբանները հայկական կողմի պնդումները հերքելու իրենց փորձերում պահանջում էին իրենց ցույց տալ 1,5 մլն զոհերի ցուցակները։ Բայց դա անհնար է։ Պետք է հասկանալ, որ Ցեղասպանության արդյունքում ոչնչացվում էր ոչ միայն հայ բնակչությունը, այլև եկեղեցական և աշխարհիկ փաստաթղթերը, ունեցվածքը, հայերի մասին ցանկացած վկայություն: Պահպանված փաստաթղթերի մի մասը մնացել է թուրքական արխիվներում, որոնք փակ են շատ հետազոտողների համար»,-ասաց պատմաբանը մեզ հետ զրույցում։
Տարբեր ժամանակներում օտարերկրյա դիվանագետները, միսիոներները, հայ մտավորականները փորձել են վերլուծել փաստաթղթերը, ուսումնասիրել դրանք։ Սակայն վերը նշված հանգամանքների բերումով 1,5 մլն մարդու անուն վերականգնելն ուղղակի անհնար է։
Հովհաննիսյանը նույնպես զուգահեռներ է անցկացնում Հոլոքոստի հետ՝ նշելով, որ թեև պաշտոնապես խոսվում է 6 մլն մարդու սպանության մասին, սակայն բոլորի անունները դեռևս չի հաջողվել պարզել, թեև դրա համար շատ ավելի հարուստ գիտատեղեկատվական հիմք կա։
Դեկանն իշխանությունների խոսույթը դիտարկում է այն արատավոր քաղաքականության համատեքստում, որը, նրա կարծիքով, վարում է հայկական ղեկավարությունը՝ թուրք գործընկերներին հաճոյանալու նպատակով։ Պատմաբանի խոսքով՝ Երևանի վարած քաղաքականության հետևանքները, «պատմական» և «իրական» Հայաստանի շուրջ այս բոլոր վեճերը կործանարար են հայկական պետության համար:
Պետությունն ու հայրենիքը երկու բարձրագույն արժեքներ են, և իշխանությունները հիմա դրանք հակադրում են, հակահերոսներ են դարձնում, մինչդեռ նորմալ իրավիճակում դրանք պետք է համատեղել։ Հայրենիքը այս կամ այն ժողովրդի պատմական բնօրրանն է, իսկ պետությունը սահմաններն են։ Հայոց պատմության մեջ եղել է մի շրջան, երբ սահմանները դուրս են եկել հայրենիքից՝ նույն Տիգրան Մեծի կայսրությունը, եղել է նաև շրջան, օրինակ՝ մեր օրերը, երբ սահմանները 10-12 անգամ փոքր են պատմական հայրենիքից։ Պետությունների սահմանները պատմության տարբեր փուլերում փոփոխվել են և շարունակում են փոփոխվել, և անհասկանալի է, թե ինչու է ներկայիս իշխանությունն ուզում հակադրվել սեփական երկրի պատմությանը:
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր հերթին նշեց, որ եթե նախկինում հայ ժողովուրդը պայքարում էր կեղծիքների և պատմությունը վերաշարադրելու Թուրքիայի փորձերի դեմ, ապա այսօր նա ստիպված է դիմակայել նաև սեփական իշխանությունների նմանատիպ քայլերին: Ընդ որում, հայկական ազգային շահերին հասցված վնասը մի քանի անգամ ավելի մեծ է, երբ պատմական փաստերը ստուգման են ենթարկում և զոհերի ցուցակի բացակայության մասին խոսում են սեփական պաշտոնյաները։ Բացի այդ, եթե հայ պաշտոնյաներն այդքան մտահոգված են Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներով, ապա անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա այդպես էլ չեն հրապարակվել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների ցուցակները։
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Զանգվածային բնաջնջումն ու տեղահանությունը ծանր հետք են թողել ոչ միայն հայ ժողովրդի հետագա ողջ պատմության, այլև նրա ազգային ինքնագիտակցության վրա:
1915-1923 թվականներին, ըստ պատմաբանների, ոչնչացվել է մոտ 1,5 միլիոն հայ, հրկիզվել և կողոպտվել է ավելի քան 60 հայկական քաղաք և 2,5 հազար գյուղ։ Մոտ մեկ միլիոնը փախել կամ թուրքերի կողմից տեղահանվել են Միջագետք, Լիբանան, Սիրիա։ Ժամանակակից Թուրքիան մերժում է Հայոց Ցեղասպանության մասին մեղադրանքները և չափազանց ցավոտ է արձագանքում այդ հանցագործության միջազգային ճանաչման գործընթացին: