«ՈՂԲ»՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՈՒՄ…
Կարեն Սարգսյանը, որը ներկայանում է իբրև սոցիոլոգ-վերլուծաբան, իշխանական հեռուստաընկերություններից մեկի եթերում ասաց. «Ժամանակն է փակել ինչ-որ «Դոստոևսկու տունն» ու «Ռուսական գրքի տունը»: Քրիստոնեա-դեմոկրատների գաճաճ կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը իշխանական մեկ այլ հեռուստաալիքի եթերում հայտարարեց, թե «հայերը պետք է ազատվեն ամեն իսկական ռուսականից», օրինակ՝ գրող Դոստոևսկուց, որը «իսկական ռուս» էր: Ուկրաինայում պարոն սոցիոլոգից ավելի հեռուն գնացին, այնտեղ պարզապես այրեցին ռուսերեն գրքերը։ Իսկ Դոստոևսկին երբեք «իսկական ռուս» չի եղել, մեծ գրողի հայրը լիտվացի էր՝ Դոստաուսկաս ազգանունով:
Կուսակցության գծով Շիրինյանի տեղակալ Հայկ Սուքիասյանը հրապարակավ բաժանեց հայերին նրանց, ում մոտ առկա է հայկական մտածողությունը, և ռուսախոս հայերի, որոնց մոտ այդ մտածողությունը բացակայում է: Ինքն այդպես է որոշել: Ավաղ, ներազգային պառակտման հրապարակային արմատավորումը իշխանությունների քաղաքականությունն է։ «Ղարաբաղցի-հայաստանցի» հակադրումը 2023թ. սեպտեմբերի 19-20-ից հետո նոր արդիականություն ձեռք բերեց, փոխարինելու եկավ հակադրումն ըստ մտածողության բնույթի։
Ռուսատյաց հիստերիայի առաջամարտիկը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենիչն է, որին չհաջողվեց երկարաձգել վարչապետի աթոռին իր պաշտոնավարումը Ռուսաստանի հետ սիրախաղերի միջոցով, ինչպես նաև հասարակական գործիչ Ստեփան Գրիգորյանը, որի դիվանագիտական կարիերան ՌԴ-ում ձախողվեց։ Մեր սահմանների ճանաչման մասին Փաշինյանի հարցին ՀԱՊԿ-ի պատասխանը, որից հետևում է, որ կազմակերպությունը ճանաչում է միայն կանոնակարգված սահմանները, նրան հանգեցրել է այն մտքին, թե ՀԱՊԿ-ը չի ճանաչում Ադրբեջանի հետ սահմաններն ու Ալմա-Աթայում ստորագրված հռչակագիրը։ Գրիգորյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ եկել է ՀԱՊԿ-ից ՀՀ-ի ելքի ուղղությամբ վճռական քայլերի ժամանակը։ «Այսօր ՀԱՊԿ-ից մեր ելքը լեգիտիմ է»,- ընդգծեց չկայացած դիվանագետը։
2014թ. պետական հեղաշրջումը դարձավ որպես ինքնիշխան պետություն Ուկրաինայի ինքնալուծարման գործընթացի մեկնակետը. այն ժամանակ ո՞ւմ մտքով կանցներ, որ 4 տարի հետո նմանատիպ մեկնարկ է տրվելու Հայաստանում։ Մեր օրերում հետխորհրդային երկու երկրների ճակատագիրը շատ մշուշոտ է թվում, իսկ ակնհայտ է մեկ բան. այն վճռելու են ոչ թե ժողովուրդները, այլ նրանք, ովքեր իշխանության են բերել Զելենսկու և Փաշինյանի ռեժիմներին։ Ամեն ինչ սկսվեց 2000 թվականի հոկտեմբերի 5-ին Բելգրադում Միլոշևիչի ռեժիմի տապալումով, այնուհետ 2003 թվականին տապալեցին Վրաստանի նախագահ Շևարդնաձեին, հետո եղավ նարնջագույն հեղափոխությունն Ուկրաինայում, բռնության պայթյունը Ղրղզստանում, ապստամբությունը ուզբեկական Անդիժանում և «արդար ցասման» այլ բռնկումները՝ հետխորհրդային տարածքում ԿՀՎ հատուկ գործողությունների սցենարով։
Ուկրաինայի եվ Հայաստանի ճակատագիրը վճռում են Բրյուսելում՝ այն պետության մայրաքաղաքում, որը ծնվել է 19-րդ դարասկզբին Մեծ Բրիտանիայի քմահաճույքով։ Բրիտանական առյուծին անհրաժեշտ էր խամաճիկային կազմավորում, որը կարող էր վերահսկել Լա Մանշի մերձափնյա ամենավտանգավոր (անգլիացիների տեսանկյունից) հատվածը: Բելգիան ստեղծվեց Հոլանդիայի մի մասի ինքնորոշման արդյունքում։ Հոլանդական բանակը փորձեց սանձահարել բելգիացի անջատողականներին, սակայն օգնության հասավ Ֆրանսիան։ Փարիզը շահագրգռված էր, որ Հոլանդիան թուլանա և նրա կազմից դուրս գան ֆրանսախոս նահանգները։ Պրուսիան և Ավստրիան նույնպես ցանկանում էին «կրճատել» Հոլանդիան։ Մի խոսքով, ուզեցին՝ պետություն ստեղծեցին, թե ուզենան՝ կոչնչացնեն, ընդ որում՝ հենց քաղաքացիների ձեռքով։ Ինքնաոչնչացման մեխանիզմ գործարկելու համար կիրառում են սուտն ու հեղափոխական պոպուլիզմը։
Երբ Կիևում ԱՄՆ-ի փողերով տապալեցին Յանուկովիչին, ուկրաինացիներին հրամցնում էին ապագայի հիասքանչ հեռանկար։ Եվրոպական կուշտ կյանք («Ուկրաինա ցե Եվրոպա»), բարձր աշխատավարձեր, կոռուպցիայի վերացում, ընդ որում Ռեգիոնների կուսակցությունը և անձամբ Յանուկովիչը պաշտպանում էին այդ հեքիաթները մինչ այն պահը, երբ պետք էր ստորագրել ինտեգրման համաձայնագիրը։ Արևմուտքին դա ոչ մի բանի չէր պարտավորեցնում, իսկ Ուկրաինային ստիպում էր Բրյուսելին տալ իր ինքնիշխանությունը։ Յանուկովիչը հրաժարվեց. ճայթեց Մայդանը։ Յանուկովիչն ու Ռուսաստանը հռչակվեցին գլխավոր խոչընդոտներ Ուկրաինայի ժողովրդի պայծառ ապագայի ճանապարհին։ Իշխանության համար մղվող պայքարը միշտ պայքար է ապագայի պատկերագծման համար: Գնում էին դեպի Եվրոպա և ՆԱՏՕ, իսկ հայտնվեցին մսաղացի մեջ, որի վերջը չի երևում։ Ուկրաինայում նույնպես հրապարակավ մերժեցին Տոլստոյին և Դոստոևսկուն, բայց արևմտյան որոշ համալսարաններում պրոֆեսորական կազմը համախմբված դեմ արտահայտվեց ՀՌԳ-ի սկսվելուց հետո ռուսատյաց հիստերիայի խորապատկերին այդ գրողների ստեղծագործությունն ուսումնասիրելու արգելանքին։
Ուկրաինացիներն իրենց եվրոպացի են անվանում և սպասում, թե իրենց կընդունեն ԵՄ, ինչպես ընդունեցին Հունաստանին։ 2 տարի անց ժողովրդի մտածող զանգվածը լիովին հասկացավ, որ Վաշինգտոնում ու Բրյուսելում ուկրաինացիներին ոչ ոք չի համարում եվրոպացիներին հավասար ժողովուրդ, եվրոպական երկրներում ուկրաինացի փախստականներին վերաբերվում են որպես 2-րդ կարգի մարդկանց։ Հայաստանում ռուսատյաց քարոզչությունը՝ իշխող վերնաշերտի պարագլխի թիմակիցների կատարմամբ, արդեն գլորվել է խոհանոցային խոսքուզրույցի մակարդակի։ Դավիթ Ստեփանյանը, որը ներկայանում է իբրև քաղաքականության հարցերով փորձագետ, հրապարակավ հայտարարեց, որ լինելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի շրջանավարտ, ատում է ռուսերենը…
Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականությունը քննադատելը նորմալ է, բայց նորմալ չէ, երբ այդ քննադատությունը գլորվում է «Ռուսաստանն ապագա չունի, ողջ քաղաքակիրթ աշխարհը նրա դեմ է դուրս եկել, ռուս ժողովուրդը պարբերաբար ստալիններ ու պուտիններ է ծնում» հայտարարությունների մակարդակի։ Այս խոսքերի հեղինակը՝ Շիրինյանի վերոնշյալ կուստեղակալը, «մոռացել է», որ Ստալինին բնավ ռուսները չեն ծնել, իսկ այ գերմանացի ժողովուրդը «ծնել» է Ադոլֆ Հիտլեր, իտալացի ժողովուրդը՝ Մուսոլինի... Նրանք, ովքեր ժողովուրդների մասին դատում են ըստ բռնապետների առկայության, հաստատում են գաղափարական ազգակցությունը պարոն Շարիկովի սերնդի հետ…
Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունը (5-րդ դար) ավարտել է «Ողբ»-ով, որում կան այսպիսի խոսքեր. «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ Սուրբ Հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը»։
Խորենացին դիմում է «առևտուր և կատակերգություններ սիրողներին»։ Այնպիսի տպավորություն է, թե այդ խոսքերը գրված են այսօր և ուղղված նրանց, ովքեր պատրաստ են մի ակնթարթում ուրանալ անցյալը, հրաժարվել Արցախից, պետական զինանշանի վրա Արարատ լեռից, օրհներգի եզրափակիչ քառատողից, Անկախության հռչակագրից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. և այս ամենը՝ հանուն Հայաստանը Ուկրաինայի օրինակով հակաՌուսաստանի վերածելու զառանցալի գաղափարի։
Արևմտյան կոալիցիան հանուն Ռուսաստանի թուլացման զոհաբերում է ուկրաինացի ժողովրդին, Փաշինյանն ու իր թիմը համանման ճակատագիր են պատրաստում Հայաստանի համար։ Նրանց ձայնակցում են ժողովրդավարության զարգացման համար տրվող արևմտյան դրամաշնորհներով կերակրվող քաղաքագետները, փորձագետները, հասարակական և կուսակցական գործիչները։
Իշխող վերնաշերտը (Արմեն Գրիգորյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան և այլք) անհուսալիորեն հեռու է նրանից, ինչն ընդունված է անվանել պատկառելի իշխանություն։ Փաշինյանը վերջերս Զելենսկու օրինակով կրկնեց այն թեզը, թե ինքը չի հանձնվելու։ Դե, ոչ ոք չի էլ կասկածում: Պաշտոնից հեռանալ կարող էին իրենց թույլ տալ պատկառելի քաղաքական գործիչներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանք իրենք էին որոշումներ կայացնում. խամաճիկները նման հնարավորություն չունեն։ Դերասան Զելենսկին և դեղին թերթի խմբագիր Փաշինյանը կառչած կմնան իշխանությունից մինչև վերջին ուկրաինացին Ուկրաինայում և մինչ այն օրը, երբ Հայաստանը կկրկնի Արցախի ճակատագիրը։ ԵՄ-ն, հիշեցնեմ, Արցախի շրջափակման ժամանակ 2 մլրդ եվրո տրամադրեց Ադրբեջանին՝ տնտեսության տարբերականացման համար։
Վաշինգտոնում ու Բրյուսելում արդեն սկսում են կորցնել համբերությունը՝ սպասելով, թե երբ է Փաշինյանը հայտարարելու ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից Հայաստանի ելքի, ինչպես նաև Գյումրիից ՌԴ ռազմաբազան վտարելու պատրաստակամության մասին։ Շարիկովի ժառանգները ռեժիմի ռուսատյաց քաղաքականությանն իրենց հավանության ճիչերով մոտեցնում են նոր ցեղասպանություն, որպեսզի մեղքը բարդեն Ռուսաստանի վրա։ Դատելով իրադարձությունների արագացումից, Արևմուտքն արդեն անձնական անվտանգության երաշխիքներ է տվել Փաշինյանին ու իր ընտանիքին՝ Ադրբեջանի նոր ագրեսիայի դեպքում։ Ռեժիմի պարագլուխը կդիմավորի ծերությունը հարմարավետ վիլլայում՝ Կանադայում կամ ԱՄՆ-ում, նրա ապագայի համար կարելի է չանհանգստանալ…