Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն

Միանում ենք մեր եվրոպացի դաշնակիցներին՝ Վրաստանին կոչ անելով չընդունել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության՝ Եվրամիությանը լիարժեք ինտեգրվելու ցանկությանը հակասող օրենսդրություն։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։ Ըստ նրա՝ ինչպես հայտարարել է ԵՄ-ն, այդ օրենքի ընդունումը վտանգելու է Վրաստանի առաջընթացը Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Խորապես հիասթափված ենք Կրեմլի կողմից ոգեշնչված «Արտաքին ազդեցության մասին» օրենքն առաջ մղելու՝ Վրաստանի խորհրդարանի որոշումից:

Խոսնակը հավելել է, որ Վրաստանն ունի իր քաղաքացիներին ծառայող և Վրաստանի տնտեսությունը բարելավել ձգտող կենսունակ քաղաքացիական հասարակություն: Միլլերը զգուշացրել է, որ առաջարկվող օրենսդրությունն ընդունելու դեպքում սահմանափակվելու է խոսքի ազատությունը, խարանվելու են  վրացիներին օգուտ բերող կազմակերպություններն ու արգելվելու են վրացիներին բարձրորակ տեղեկություն տրամադրելու ուղղությամբ աշխատող անկախ լրատվամիջոցները:

«Կրեմլի կողմից ոգեշնչված նման օրենսդրությունն անհամատեղելի է, եթե նպատակը թափանցիկության ապահովումն է։ Բոլոր կողմերին հորդորում ենք հարգել խաղաղ հավաքների իրավունքը»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարը։

News.am