Պահեստազորի գնդապետը խոսել է տավուշցիների հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ իր վերջին հանդիպմանը հակասական հայտարարություններ է հնչեցրել, NEWS.am -ի հետ զրույցում հայտնել է Ոսկեպարի բնակիչ, պահեստազորի գնդապետ Միհրան Մահսուդյանը։ Նա նաև նշել է, որ վարչապետի հայտարարությունները տարաձայնություններ են առաջացրել գյուղի բնակիչների շրջանում։

Նրա խոսքով՝ Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում մեկ այլ: «Ոսկեպարում գյուղացիներին ասել է, որ Բերքաբերի մի կտորը՝ 850 հեկտար հողը, կփոխարինվի Ոսկեպարի ներքին հատվածով, հակառակորդը Բերքաբերում գետից այս կողմ չի անցնի: Բերքաբերում էլ ասել է՝ դուք ձեր հողի տերն եք, ոչ մի զիջում չի լինելու»,- նշել է Մահսուդյանը:

Մահսուդյանը հայտնել է, որ երկու գյուղերի՝ Ոսկեպարի և Բերքաբերի ժողովրդի միջև տարակարծություն է առաջացել, տեղեկատվական պայքարել է սկսվել: «Բերքաբերցիները ոսկեպարցիներին մեղադրում են իրենց գյուղի հողերը Ոսկեպարի հողերով փոխանակելու ցանկության մեջ, ոսկեպարցիներն էլ ասում են՝ ինչու՞ չփոխանակենք, եթե մեր տարածքներն ավելի վտանգավոր են: Խեղաթյուրված տեղեկություններ են ներկայացնում ժողովրդին, տարբեր մարդիկ էլ տարբեր  մեկնաբանություններ են տալիս»,- նրա խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը:

Մահսուդյանի խոսքով՝ վարչապետը ոսկեպարցիների հետ զրույցում նաև ասել է, որ այլընտրանքային ճանապարհ են կառուցելու:

Ապրիլի 18-ին Փաշինյանը Բերքաբեր և Կիրանց գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ չի նախատեսում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Նա նաև հայտարարել էր սահմանազատման հանձնաժողովներում վարչական շրջանների ղեկավարներին ընդգրկելու որոշման մասին։

«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտարարել էր, որ ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

Կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ վարչապետը Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Վերջին երկու ամսվա ընթացքում սա Փաշինյանի երկրորդ հանդիպումն է տավուշցիների հետ: Նա այս տարի առաջին անգամ Տավուշ էր այցելել մարտի 18-ին և խոստացել 10 օր անց վերադառնալ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։

Մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակն անվանել էր այն սահմանամերձ գյուղերը, որոնք Բաքուն պահանջում է Երևանից։ Մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Բաքվի կողմից սահմանազատման նախապայմանների մասին։ Վարչապետի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ: