Իսրայելը հարվածել է Իրանին. պայթյուններ են լսվել Սպահանի ռազմաբազայի մոտ

Վաղ առավոտից իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Իրանին, պայթյուններ են լսվել Սպահանի օդանավակայանի և ռազմաօդային բազայի տարածքում։ Իրանի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգեր են գործարկվել, հայտնում է IRNA պետական ​​գործակալությունը։ Հաղորդվում է, որ Իրանի տարածքում հրթիռային հարձակումներ չեն գրանցվել։

«Երեք պայթյուն է լսվել Սպահանի հյուսիս-արևելքում գտնվող ռազմաբազայի մոտ: ՀՕՊ-ը պատասխանել է մի օբյեկտի, որը, ենթադրաբար, փոքր անօդաչու թռչող սարք էր», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

ՀՕՊ ուժերի աշխատանքի կադրերը հրապարակել է Mehr գործակալությունը։

Reuters-ը, վկայակոչելով իրանցի պաշտոնյայի, գրում է, որ Իրանի վրա հարձակման ժամանակ հրթիռներ չեն կիրառվել, իսկ պայթյունների ձայները հակաօդային պաշտպանության հետևանք են։

Իսրայելի հարվածը Իրանի տարածքին սահմանափակ է եղել, հաղորդում է Fox News-ը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական աղբյուրը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ միջուկային օբյեկտները գտնվում են Սպահանում. իրանական լրատվամիջոցները գրում են, որ դրանք բոլորն էլ լիովին անվտանգ են։

CNN-ի փոխանցմամբ՝ Իսրայելը մտադիր չէր հարձակվել միջուկային օբյեկտների վրա։ Միաժամանակ ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելը նախօրեին տեղեկացրել է ԱՄՆ-ին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանին հարվածելու մտադրության մասին։

Նշվում է, որ իշխանությունները անորոշ ժամկետով չեղարկել են թռիչքները Թեհրանի, Սպահանի և Շիրազի վրայով։

Ըստ ԶԼՄ-ների՝ գրեթե միաժամանակ պայթյուններ են տեղի ունեցել Սիրիայում և Իրաքում։

Sputnik Արմենիա