ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների հետ քննարկել է ապրիլի 5-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքները, գրում է «Հրապարակ»-ը։ Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 19-ին՝ «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակում։

Ըստ թերթի՝ Փաշինյանը ընդամենը երեք րոպեանոց ելույթ է ունեցել, սակայն տպավորություն է ստեղծվել, որ նա այնքան էլ գոհ չէ հանդիպման արդյունքներից։ Հրատարակությունը նշում է, որ վարչապետը հասկացրել է՝ երաշխիքներ չի ստացել, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը պատրաստ են հարթել խոչընդոտները և վերացնել անցանկալի հետևանքները Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացում։

«Եթե Ռուսաստանը փակի Լարսը կամ այլ խոչընդոտներ ստեղծի, Եվրոպան չի խոստանում, որ այլընտրանք կառաջարկի, Արևմուտքը միայն հայտարարել է, որ Հայաստանի տնտեսության և անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներն իրենց համար քննարկելի են, եթե մեզ ինչ-որ բան է պետք, իրենք պատրաստ են նստել ու քննարկել, կտա՞ն, թե՞ չեն տա, կլուծե՞ն, թե՞ չեն լուծի որևէ խնդիր, դա արդեն մեծ հարցական է»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում «Հրապարակ»-ը։

«Քաղաքացիական պայմանագրի» որոշ անդամներ, ըստ թերթի, վարչապետին հարցրել են նաև Արևմուտքի հետ համագործակցության անցանկալի հետևանքների մասին, ինչպիսիք են ԼԳԲՏ համայնքի շահերը պաշտպանելու պարտավորությունները և Ստամբուլի կոնվենցիայի վավերացումը, որոնք Եվրոպական արժեհամակարգի մաս են կազմում:

Փաշինյանը փորձել է խուսափել պատասխանելուց, սակայն հաստատել է, որ նման պահանջները քննարկվել են և «հասկացրել է, որ կոնվենցիան վաղուց է եղել Հայաստանի օրակարգում, և վաղ թե ուշ այն պետք է վավերացվի»,- պարզաբանում է հրապարակումը։

Լրատվամիջոցներն ապրիլի 6-ին հայտնել էին, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները հիասթափություն են հայտնել ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման արդյունքների հետ կապված:

Բրյուսելում ապրիլի 5-ին եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի միջև։ Հանդիպումից հետո հայտնի էր դարձել, որ Եվրամիությունը 270 մլն եվրո կհատկացնի Հայաստանի զարգացմանն առաջիկա չորս տարվա կտրվածքով, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է 65 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել։

Armenia Today