Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Անահիտ Մանասյանի հետ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը քրեակատարողական հիմնարկից դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

«Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում»,–նշել է Տոնոյանը։

Նա ընդգծել է, որ գործը քննող դատարանը, և վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններն անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման:

Տոնոյանը շեշտել է, որ մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իր որոշումը պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը:

«Պատրաստվում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»,–գրել է նա։

Sputnik Արմենիա