ԱԽ քարտուղարը հայտնել է` ինչո՞ւ են ռուս խաղաղապահները ուղևորվել Գորիս և Սիսիան

ԼՂ ռուս խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ և ավտոշարասյուն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար: «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում այսօր շրջանառվում էր տեսանյութ, համաձայն որի ԼՂ–ում տեղակայված ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Հակարի կամրջով մտել է ՀՀ տարածք և շարժվել դեպի Գորիս:

«ԼՂ–ում տեղակայվելու և խաղաղապահ գործունեություն ծավալելու համար ՌԴ խաղաղապահ զորախմբին ՀՀ կառավարության կողմից ժամանակավոր տեղակայման վայրեր են հատկացվել Գորիսում և Սիսիանում: Տեղանքը ընտրվել էր այդ թվում Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ»,– ասել է նա:

Գրիգորյանի խոսքով` եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը լքում է Լեռնային Ղարաբաղը, հասկանալիորեն չի կարող մնալ նաև Հայաստանի Հանրապետությունում:

Sputnik Արմենիա