Փաշինյանը հասկանում է դա. Էրդողանը` Հարավային Կովկասում հաստատվող նոր կարգի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է դա: Թուրք առաջնորդն այդ մասին ասել է Իրաքից վերադառնալիս` ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական կողմը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին:

«Տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Եկել է ժամանակը, որ մի կողմ դրվեն անհիմն հիշողությունները: Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին համապատասխան, քան հենվել շինծու պատմությունների վրա, որոնք իրականության հետ ոչ մի կապ չունեն: Հիմա դա հասկացել է նաև Փաշինյանը»,-ասել է Էրդողանը։

(Նշենք, որ թուրք առաջնորդը, «շինծու պատմություններ» ասելով, ամենայն հավանականությամբ, նկատի ունի Հայոց ցեղասպանությունը, մի փաստ, որը ճանաչվել և դատապարտվել է մի շարք համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից)։

Նրա խոսքով՝ պատմաբաններն առաջինն են սկսում վերլուծել, թե ինչ է եղել անցյալում։

«Մենք հենց սկզբից բացահայտ խոսեցինք այդ մասին և հայտարարեցինք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք դա արեցինք։ Հիմա եկել է իրատեսական հիմքի վրա նոր ճանապարհային քարտեզ ստեղծելու ժամանակը»,-հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը «կընտրի վաղվա պայծառ օրվա համար նոր սկիզբ ստեղծելու ուղին», և «նոր դարաշրջան կսկսվի»:

Sputnik Արմենիա