ՈՐՏԵՂ ՓՆՏՐԵԼ «ՄՈՍԿՎԱՅԻ ՁԵՌՔԸ»…

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ Արշակ Կարապետյանի գլխավորությամբ նոր քաղաքական ուժի (սկզբում շարժման, հետո կուսակցության) ստեղծումն այնպիսի տևական հիստերիա առաջացրեց իշխանական քարոզչամեքենայի մոտ, որ ամենևին զարմանալի չէ, որ նա չեկավ սեփական կուսակցության համագումարին, այլ տեսակապով ողջունեց դրա մասնակիցներին։ Գիտակցելով, որ նախկին նախարարի կերպարն ինքնին սարսափազդու չէ (նրան են վերագրել գլխավոր դերը, այսպես կոչված՝ ՌԴ 5-րդ շարասյան մեջ), Կարապետյանին մոտեցրին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանի («Քեթրինի Միհրան») կերպարին, որը վաղուց արդեն հետախուզվում է և գտնվում փախուստի մեջ։

Պողոսյանը աշխատանքի մեծ փորձ ունի Արցախի և Հայաստանի ԱԱԾ-ում, և նրան արտահանձնելու նպատակով Մոսկվայի վրա ազդելու բոլոր փորձերն ապարդյուն գտնվեցին... Սույնի առնչությամբ հիշեցնեմ ԶԼՄ-ների այն հաղորդագրությունը, որ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանը նեղ շրջանակում խոստացել է Հայաստան վերադարձնել Պողոսյանին, սակայն գեներալն առաջվա պես ազատության մեջ է։ Նա հաջողությամբ զբաղվում է բիզնեսով՝ այն բանից հետո, երբ իր «Մրգենի» ընկերությանը ՀՀ տարածք թմրանյութերի մեծ խմբաքանակի ներկրում վերագրելու սկանդալային փորձ արվեց, ինչի մասին Պողոսյանը, հիշեցնեմ, ինքը հայտնեց ԱԱԾ-ին։

Այսօր Պողոսյանը քարոզչամեքենայի կենտրոնական թիրախն է, որը, ըստ իշխանական քարոզիչների՝ մարմնավորում է վարձու գեներալների ձեռքով մեր երկրի ներքին գործերին միջամտելու ՌԴ-ի փորձը։ Իրականում նրանք, ում ռեժիմը կասկածում է Ռուսաստանի հետ կապեր ունենալու մեջ, ակնհայտորեն չեն ձգում ծանրակշիռ քաղաքական գործոնի դերի, ինչպես, օրինակ, վերոնշյալ համագումարի կազմակերպիչ, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը։ Առհասարակ բոլոր կառույցները, որոնց վրա իշխանական քարոզչամեքենան ռուսական 5-րդ շարասյան պիտակ է փակցրել, շատ հեռու են Մոսկվայի «ցուցանող» և «ուղղորդող» ձեռքը մարմնավորելուց։ Այդ բոլոր գաճաճ շարժումները, ճակատներն ու կուսակցությունները համատարած իմիտացիա են, քանզի նույն այդ «ցուցանող» և «ուղղորդող» ձեռքը պետք է փնտրել իշխանության վերին էշելոնում, այլ ոչ թե գաճաճ ուժերի և նրանց մերժյալ առաջնորդների մակարդակում, որոնցից շատերը վաղուց արդեն սպառել են իրենց…

Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, վկայակոչեմ շատ խոսուն մի փաստ։ 2021 թվականին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը (և ոչ միայն նա) բազմիցս անդրադարձել է ՌԴ-ին, հիշեցնելով, որ 1997 թվականի պայմանագրով Ռուսաստանը պարտավոր է ապահովել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հետո այդ պարոնը հայտարարեց, թե Ռուսաստանը ստիպում է մեր երկրին դառնալ Միութենական պետության անդամ. Մոսկվայից հաջորդեց հերքումը...

Իսկ հիմա՝ այն փաստերի մասին, որոնք իշխող վերնաշերտը ձգտում է մոռացության տալ, քանզի դրանք պերճախոս կերպով բացահայտում են իր կողմից սերմանվող ռուսատյաց հիստերիայի իրական հիմքը։ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 1997-ին ստորագրված բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի գործողության ժամկետը լրացել է 2023-ին: Փաստաթուղթը ստորագրվել է 25 տարի ժամկետով, երկարաձգման հեռանկարով, եթե կողմերից մեկը հերթական ժամկետի ավարտից մեկ տարի առաջ չհայտարարի դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին:

Անցած տարի ՀՀ ղեկավարությունը ոչինչ չի հայտարարել, ուստի պայմանագիրն ինքնաբերաբար երկարաձգվել է 10 տարով։ Մի՞թե այդպես է վարվում իշխանությունը, որը տարիներ շարունակ խոսում է Ռուսաստանի կողմից սեփական պարտավորությունների չկատարման և բոլոր պայմանագրերի ու համաձայնագրերի չեղարկման անհրաժեշտության մասին, ներառյալ Գյումրիում 102-րդ ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը:

Ակնհայտ է, որ Մոսկվան կարիք չունի ՀՀ տարածքում ձևավորելու իր 5-րդ շարասյունը, քանի որ նա խոսում է անմիջականորեն Փաշինյանի հետ և բոլոր հարցերն էլ լուծում միայն նրա հետ։ Իսկ Մարիա Զախարովայի հետ Փաշինյանի շրջապատի լեզվակռիվները ձևի համար են, իբր՝ թող Արևմուտքում իմանան, թե ինչ համարձակ ենք մենք։

Պաշտպանության նախկին նախարարն ու նրա կուսակցությունը, ինչպեսև մյուս ուժերը, որոնք փորձում են իրենց վրա վերցնել քաղաքականության ռուսական վեկտորն առաջ տանողի դերը, առնվազն անհեթեթ են դիտվում, քանզի Փաշինյանը ՌԴ-ի հետ համագործակցության հարցում խզում է կապերը լոկ խոսքերով, կարծելով, թե արևմտյան կոալիցիան կհավատա իր հռետորաբանությանը։ Փաշինյանը փորձում է այնպես ներկայացնել իրավիճակը, իբր՝ ոչ թե ինքն է ուզում ՀՀ-ն դուրս բերել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը, ոչ թե ինքն է փորձում փոխել արտաքին քաղաքական վեկտորը, այլ Ռուսաստանն է մերձեցման գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ հայկական շահերի հաշվին։

Համաշխարհային և տարածաշրջանային ընթացիկ գործընթացների համատեքստում շատ կարևոր է զատել հռետորաբանությունը կոնկրետ քայլերից։ Պուտինի հետ բանակցությունները մայիսի 7-ի երդմնակալության ձևաչափով կամ այլ համատեքստում կոչված են պարզաբանելու իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում՝ համաձայն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարության, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի:

Մոսկվան Փաշինյանից պահանջում է կոնկրետ հարցերի կոնկրետ պատասխաններ, բարձր մակարդակով առաջիկա բանակցություններից (պաշտոնական կամ ոչ պաշտոնական) շատ բան է կախված։ Բրյուսելյան հանդիպումից հետո ռուսատյաց հռետորաբանությունն ուժգնացել է, ինչը, սակայն, բնավ միանշանակ չի վկայում խարսխակառանը կտրելու և ազատ նավարկության ելնելու Փաշինյանի պատրաստակամության մասին։ Նա շատ լավ հասկանում է, որ արևմտյան կոալիցիայի աչքում իր քաղաքական ողջ արժեքը ՌԴ-ի հետ կապերն են։ Հենց որ Ռուսաստանը հրաժարվի համագործակցությունից, Փաշինյանի վարկանիշը կընկնի նույնիսկ 8%-ի նշագծից և կհավասարվի պլինթուսին։

Ռեժիմի պարագլուխը չի կտրի այն ճյուղը, որին նստած է, դրա համար նա հիմքեր չունի. ռուսական կողմը, մեծ հաշվով, ոչինչ չի արել իր իշխանության դեմ: Փոխարենը Փաշինյանը մեծ մտավախություն ունի, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է հարձակման անցնել պետական սահմանի մի քանի ուղղություններով։ Եթե Ալիևը դրա համար ստանա Պուտինի համաձայնությունը, ապա նրան չի կասեցնի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի զանգը, ավելի ճիշտ՝ Բլինքենն ինքն էլ չի զանգի նրան, հասկանալով, թե ինչ ուժեր են կանգնած ներխուժման հետևում…

Ի դեպ, Ալիևի մասին. 44-օրյա պատերազմի ավարտից հետո նա հայտարարեց, որ հայերն Արցախում 6 մլրդ դոլարի սպառազինություն են թողել։ Որտեղի՞ց այդ զենքը: Այս հարցի պատասխանն ակնհայտ է և վկայում է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքի մասին նախքան Փաշինյանի ու իր հանցախմբի իշխանության գալը…

Փաշինյանը կրակի հետ է խաղում՝ իրեն լիովին հաշիվ չտալով ստեղծված իրավիճակի մանրամասների հարցում։ Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայում և չի ցանկանում երկրորդ ճակատ բացել Հարավային Կովկասում։ Իրանի նկատմամբ ահագնացման հետ կապված աճում է Հայաստանի դերը՝ որպես սահմանամերձ պետության։ Ռուսաստանը կցանկանար իր վերահսկողության տակ պահել իշխող վերնաշերտի գործողությունները։ Փաշինյանը ցանկանում էր թանկ վաճառել իր հավատարմությունը հավաքական Արևմուտքին, բայց նրան հիասթափեցրին Բրյուսելի և Վաշինգտոնի հատկացրած չնչին գումարները։ Այդ մայրաքաղաքներում չհավատացին դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձ կատարելու նրա պատրաստակամությանը։

Այլ կերպ ասած, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը գոյություն ունի դեռևս լոկ խոսքերով. դատելով ամենից, մայիսին ռուս-հայկական հարաբերությունները նոր ազդակ կստանան, իսկ դրական կլինի այդ ազդակը, թե բացասական, կարծում եմ, դժվար չէ կռահել, եթե իհարկե Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ, չորոշի նորից գժի տեղ դնել իրեն…