Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի հանդեպ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան

Սիրիան 2020 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը եւ այդ ճանաչման համատեքստը ներկայացված էր Սիրիա-Հայաստան բարեկամական հանձնաժողովի կողմից: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Սիրիայի արտակարգ և դեսպանՆորա Արիսյանը։

«Սիրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց դա եւ կոչ ուղղեց այլ խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սիրիայի արաբ ժողովուրդն առաջին ականատեսն էր Հայոց ցեղասպանություբնից փրկված հայերի: Սրտաբաց ընդունել են հայերին: Այսօր մենք մեզ հետ ունենք Սիրիայի ազգային ժողովից պատվիրակություն: Նրանք եկել են զորավիգ կանգնելու Հայաստանին եւ կրկին անգամ հիշատակելու, որ Ցեղասպանությունն այսօր միայն պատմական արարք չէ, դա պետք է անպայման ճանաչել»,-ասաց նա:

Նա ընդգծեց, եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի ահաբեկչական  արարքներ, գործողություններ իրականացներ Սիրիայի հանդեպ. «Արդեն 12 տարի է Սիրան դիմադրում է, բայց, անշուշտ, որոշ չափով  հաղթանակած ենք դուրս եկել   այդ ահաբեկչական պատերազմից։ Դժբախտաբար, պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են Սիրիայում, տարածաշրջանում»,- ասաց դեսպանը։

News.am