Ռուբեն Վարդանյանի աջակիցները երթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ
Ակցիայի համար հենց այս օրն են ընտրել, քանի որ ապրիլի 24-ին Հայաստանը հայտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերները, գործընկերներն ու համախոհները երթով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ի զորակցություն Բաքվում գտնվող բոլոր հայ բանտարկյալների։
Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Ընտանիքը հայտնել էր, որ հացադուլից հետո դադարեցվել են հարազատների հետ հեռախոսազանգերը։ Ապրիլի 21-ին Ռուբեն Վարդանյանին թույլ էին տվել կապ հաստատել ընտանիքի հետ։ Վարդանյանը հայտնել էր, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավորություն չի ունեցել:
«Հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` առաջնային է չմոռանալ, որ ցեղասպանությունը շարունակվում է, առնվազն չի վերացել նպատակը: Դրա վառ դրսևորումն է այն, որ, ինչպես և մեկ դար առաջ, բազմաթիվ մեր հայրենակիցներ շինծու մեղադրանքներով անհասկանալի պայմաններում և անորոշ ապագայով ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում»,– հայտարարել են ակցիայի մասնակիցները:
Նրանք պահանջում են, որ Ադրբեջանն անհապաղ ազատ արձակի բոլոր հայ բանտարկյալներին։ Ակցիայի համար հենց այս օրն են ընտրել, քանի որ ապրիլի 24-ին Հայաստանը հայտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։