Փաշինյանի կնոջը Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ, ցեղասպան» և այլ վանկարկումներով

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը` Աննա Հակոբյանին, քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, մարդասպան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հուշահամալիր էր այցելել վաղ առավոտյան` ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ միասին։ Վարչապետի կինը հուշահամալիր էր եկել դստեր` Արփիի հետ։

Նա տևական ժամանակ չէր կարողանում մոտենալ անմար կրակին` ծաղիկներ խոնարհելու համար։

Թիկնապահներից մեկն ընթացքում ինչ–որ բան շշնջաց Հակոբյանի ականջին` ենթադրաբար առաջարկելով հեռանալ, սակայն նա հրաժարվեց։

Որոշ ժամանակ սպասելուց հետո թիկնապահների ուղեկցությամբ նա, այնուամենայնիվ, կարողացավ մոտենալ անմար կրակին ու ծաղիկները խոնարհել։

Դրանից հետո Հակոբյանն արագ հեռացավ` առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

Sputnik Արմենիա