ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ-109. ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԻ ՎԵՐՍՏՈՒԳՄԱՆ ՏԵՍՔՈՎ

«Հայ ժողովրդին պետք է ոչնչացնել գլխովին... Հիմա պատերազմ է ընթանում, այսպիսի մեկ այլ առիթ այլևս չի լինի»,- բառացի արտաբերվել է 1915 թ. երիտթուրքական պետության բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի նիստում:

109-րդ տարելիցին նախորդում են Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու իշխող վերնաշերտի փորձերը, մասնագետները վստահ են, որ նախաձեռնությունը բխում է Անկարայից, իսկ դա նշանակում է, որ Ցեղասպանությունը շարունակվում է փաստի վերստուգման և մոռացության փորձի տեսքով: 109-րդ տարելիցի մոտենալուն զուգընթաց՝ ակնհայտ է դառնում, որ Փաշինյանի ռեժիմը ցեղասպան պետություններին իր կողմմակցությամբ մասնակցում է հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմին:

Զանգվածային սպանությունները Ցեղասպանության 1-ին փուլում (1878-1914 թթ.), երբ թուրքական կառավարությունը լուծում էր հայ բնակչությանը մեծամասնությունից փոքրամասնության վերածելու խնդիրը, 2-րդ փուլում (1915-1922 թթ.), երբ այդ կառավարությունը ոչնչացրեց հայկական էթնոսը Օսմանյան կայսրությունում, վաղուց ապացուցված են փաստաթղթերով, վկայություններով և գիտական աշխատություններով: Ինչո՞ւ է այսօր իշխող վերնաշերտի անդամը բարձրացնում զոհերի թվի հարցը, երբ աշխարհում դեռևս անցած դարից կոնսենսուս կա 1,5 մլն թվի շուրջ։ Ակնհայտ է, որ քամին փչում է Անկարայից, վերստուգման փորձեր արվել են նաև նախկինում, սակայն ՀՀ նախագահներից ոչ մեկն ընթացք չի տվել դրանց։

Ցեղասպանության 3-րդ փուլը ծավալվում է մեր աչքի առաջ։ Սկսվեց դա 44-օրյա պայմանավորված պատերազմով, շարունակվեց Լաչինի միջանցքի շրջափակմամբ, ինչն էլ ավարտվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի Ցեղասպանությամբ և ապարտեիդով։ 2024 թվականի ապրիլին 3-րդ փուլը հասել է մի մակարդակի, երբ իշխող վերնաշերտի ներկայացուցիչը խոսում է ՀՀ իշխանությունների կողմից մեկդարյա վաղեմության փաստի վերստուգման մասին։ Բնավ մենք չենք հեղինակն այն խոսքերի, որ մոռացության ցանկացած փորձ ցեղասպանության շարունակություն է. այսօր այդ փորձն ակներև է։

Գերմանական հյուպատոսներ և փոխհյուպատոսներ Շոյբներ-Ռիխտերը (Էրզրում), Ռեսլերը (Հալեպ), Հոֆմանը (Ալեքսանդրետտա), Բյուգեն (Ադանա), Հոլշտեյնը (Մոսուլ) և այլք զեկույցներ և իրազեկումներ են ներկայացրել հարյուրավոր ու հարյուր հազարավոր հայերի սպանության և բռնի տեղահանման մասին: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նշել բոլորին անուն առ անուն։ Այս առաջարկը 90-ական թվականներին պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թուրքերի գաղափարի շարունակությունն է։ Հայաստանը մերժել էր, քանզի փաստը լրացուցիչ հաստատման կարիք չունի։ Մինչև 2018 թվականը ՀՀ-ում կար իշխանություն, որը պաշտպանում էր հայերի շահերը, մինչդեռ այսօր իշխող վերնաշերտի շուրթերով խոսում է Անկարան։

Իզմիրում ամերիկյան հյուպատոս Ջորջ Հորթոնը 1922 թ. գրել է. «Աթաթուրքը նոր հալածանք է սկսել հայերի նկատմամբ. երկաթուղային վագոնները լցնելով կանանցով ու երեխաներով՝ հրամայել է ածուխ լցնել նրանց վրա, ապա հրկիզել»: ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է ճշտել բոլոր այրվածների անունները՝ ընդհուպ մինչև ամենափոքր երեխա՞ն: Ինչպե՞ս կարելի է պարզել այն երեխաների անունները, որոնց մասին խոսվել է 1919 թվականի մարտի 26-ից մինչև մայիսի 17-ն ընթացած դատական 20 նիստերի ժամանակ ։ Մենք հատուկ ընտրեցինք Տրապիզոնում թուրքական արդարադատության դրվագը, որպեսզի Ա.Քոչարյանի համար հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը։ Դատախազ Ֆերիդունը պահանջեց մահապատժի դատապարտել գեներալ-նահանգապետ Քեմալ Ազմիին՝ հայ երեխաների ոչնչացման փաստի համար։ Տրապիզոնի առողջապահական ծառայության տեսուչ Զիյա Ֆաուդը գրավոր զեկույցում արձանագրել է, որ ծառայության տնօրեն Ալի Սայիբը «դարձել է աներևակայելի քանակությամբ հայ երեխաների մահվան պատճառ, որոնց մորֆին է ներարկվել»: Երեխաներին մորֆին են ներարկել, այնուհետ ջրախեղդ արել։

Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է հաշվե՞լ այդ «աներևակայելի քանակը»։ Նրան բավարար չե՞ն օտարերկրյա առաքելությունների ղեկավարների հաշվետվությունները Արևմտյան Հայաստանի տարածքում կատարվող վայրագությունների մասին, թե՞ իրեն, ինչպես որ Փաշինյանին, «անհասկանալի է», թե ինչու են հայերը որպես հայհոյանք օգտագործում «թուրք» բառը, այլ ոչ թե «նորզելանդացի»-ն։ Ռեժիմի պարագլուխն այդ հարցը բարձրացրեց ՔՊ ժողովրդավարության դպրոցում դասախոսության ժամանակ։ Ցեղասպանության զոհերի ծոռների թոռները լսում էին Նիկոլի դասախոսությունն ու ծիծաղում նրա տափակ կատակների վրա։ Կադրը ցուցադրել են Հանրային հեռուստատեսությամբ։ Այդպիսի տեսք ունի այսօր հայ երիտասարդ սերնդի մանկուրտացման ցուցադրական գործընթացը։

Թուրքերն ու նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները հայ հասարակության վրա ազդում են իրենց դրածոների ու հետևորդների միջոցով։ Հարցրեք, թե ինչո՞ւ են այդ փորձերը շարունակվում 21-րդ դարում, երբ նախորդ դարի կարծես թե բոլոր իրադարձություններին գնահատական է տրվել համաշխարհային ամենաբարձր մակարդակով։ Պատասխանը պարզ է. Թուրքիայի Հանրապետության ՝ որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդի, նյութական հատուցման պարտավորությունը ներկայիս Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդին, կազմում է նվազագույնը 41 միլիարդ 514 միլիոն 230 հազար 940 ամերիկյան դոլար: Սա պաշտոնական թիվն է, և դեռ ոչ ոք այն չի չեղարկել:

«Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունը դեռ սպասում է Թուրքիայի պատասխանին. Ցեղասպանությունը պետք է ճանաչվի, և վնասը պետք է փոխհատուցվի։ Սրանք ուտոպիական նպատակներ չեն: Որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ թուրքական պետությունն ունի միջազգային իրավական պարտավորություններ։ Միջազգային իրավունքի համաձայն՝ հանցագործությունների համար պատասխանատվությունն ընկնում է դրանք իրականացրած երկրի վրա, ինչպեսև իրավահաջորդության և պատասխանատվության սկզբունքով՝ նրա իրավահաջորդի»,- հայտարարել է Իրավաբանների միջազգային հանձնաժողովի գլխավոր իրավախորհրդատու Ֆեդերիկո Անդրեու-Գուզմանը (Ժնև)։

Իշխող վարչախմբի վերնաշերտը ոչ միայն վախենում է ցեղասպանություն անվանել Արցախում սեպտեմբերի 19-20-ի ծավալված իրադարձությունները, այլև խուսափում է արտաբերել «Արցախ» բառը: 20-րդ դարում Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում, պատերազմ պարտադրեց Արցախին։ Անպատժելիությունը հանգեցրեց հանցագործության կրկնությանը 21-րդ դարում: Անցյալ հարյուրամյակում ցեղասպան պետությունները հասկացան, որ անկարող են կասեցնել Արևմտյան Հայաստանում Ցեղասպանության ճանաչման գործընթացը համաշխարհային հանրության կողմից, ուստի 21-րդ դարում դիմեցին հենց հայերի կողմից փաստի վերանայման մեթոդաբանությանը։ Այլ կերպ ասած, Անկարան և Բաքուն օգտագործում են նրանց, ովքեր հայ են միայն ծնունդով, իսկ մեր օրերում հոժարակամ հանդես են գալիս սեփական պատմությունից հրաժարվել փորձող ցեղասպան պետությունների խոսափողի դերում։ Ցեղասպանությունը շարունակվում է մեր օրերում՝ փաստի վերստուգման և ժխտման տեսքով…

Փաշինյանի կողմից հայ ժողովրդի պատմության հրապարակային ժխտումը, որը, նրա խոսքով, մեզ պարտադրել են վատ պատմաբանները Սովետների կայսրության թելադրանքով, ենթատեքստում բովանդակում է Ցեղասպանության բոլոր փուլերի ժխտում։ Հենց այս ժխտման մեջ է ամփոփված եզրափակիչ փուլը, երբ հայերի շուրթերով կասկածի տակ են դրվում հայրենակիցների զանգվածային բնաջնջման բոլոր փուլերը։ Փաշինյանը ժխտում է Ե.Լուդշուվեյտի «Թուրքիան Առաջին աշխարհամարտում» գիրքը (1963 թ.), Ջ.Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը» աշխատությունը (1966 թ.), Ս.Պիոտրովսկու «Թուրքիայի լույսն ու ստվերները» աշխատությունը (1981 թ.), ՀՍՍՀ ԳԱ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» ժողովածուն՝ պրոֆեսոր Մ.Ներսիսյանի խմբագրմամբ (1982 թ.), ինչպես նաև խորհրդային իշխանության տարիներին ոչ միայն Հայաստանում, այլև արևմտյան երկրներում ստեղծված հարյուրավոր ու հազարավոր այլ աշխատություններ:

Ըստ խամաճիկային ռեժիմի պարագլխի՝ դրանք ԽՄԿԿ-ի «վարձու» պատմաբաններն էին, որոնք «սխալ» պատմություն են գրել։ Այդ «սխալ» պատմությանը հավատարիմ են մնացել անկախ Հայաստանի 3 նախագահները, իսկ հիմա եկել է Նիկոլը, որ Ա.Քոչարյանի շուրթերով ժողովրդին ասի «ճշմարտությունը», թե 109 տարի հետո պետք է հաշվել զոհերի ճշգրիտ թիվը։ Ինչո՞ւ իրենք չեն հրապարակում 44-օրյա պատերազմում զոհվածների ստույգ թիվը։ Վախենում են, որ թիվը կանցնի՞ 5 հազարից։ «Ինչո՞ւ է Փաշինյանի ռեժիմը բարձրացնում Ցեղասպանության 1,5 մլն զոհերին անուն առ անուն նշելու հարցը. Նիկոլը մտադիր է փոխհատուցո՞ւմ վճարել նրանց ժառանգներին,- հարցադրում է արել պատմաբան Ռուբեն Մելքոնյանը, որը ոչ վաղ անցյալում զգուշացրել էր հայ հասարակությանը, որ ՀՀ զինանշանի վրա Արարատ լեռան պատկերի շուրջ Փաշինյանի շահարկումները տեսանելի հեռանկարում կհանգեն Ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու փորձի…

109-րդ տարելիցը նշանավորեց ցեղասպան պետությունների հիբրիդային պատերազմի շարունակությունը Հայաստանի և հայ ժողովրդի դեմ: Նրանց կողմից է հանդես գալիս ռեժիմի վերնաշերտը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Գործընթացը մի պահ անգամ չի դանդաղում. Հայրենիքի և պետության հակադրումից մինչև պատմության կոպիտ խեղաթյուրում դպրոցական դասագրքերում, հայ ժողովրդի հասցեին դասալքության կեղծ մեղադրանքներից մինչև տևական խաղաղության առասպելի դիմաց միակողմանի տարածքային զիջումների քարոզներ։

«Չպետք է ասեք՝ վայ, Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է, այլ պետք է ասել. «Լավ է, որ Ադրբեջանը 50 մետր հեռավորության վրա է, այնտեղ առևտուր կանենք»,- այս տեսքն ունի Տավուշի բնակիչներին Փաշինյանի ուղղած ամենաթարմ հրահանգը, որը հնչեցվեց մարզ կատարած վերջին այցի ժամանակ։ Այսպիսով իշխող վերնաշերտի պարագլուխը առաջարկեց սահմանամերձ տարածքի բնակիչներին մոռանալ 90-ականներին իրենց ընտանիքի անդամների, ընկերների և հարևանների նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած հաշվեհարդարների մասին, մոռանալ, թե ինչպես հայկական ստորաբաժանումները հետ շպրտեցին հակառակորդին հայկական սահմաններից՝ գեներալ Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ։ Այդ ժամանակից ի վեր Տավուշը խաղաղ էր ապրում։ Այժմ Փաշինյանի մեղքով խաղաղության վերջը եկել է…