ՌԵԺԻՄԻ ՎԵՐՆԱԽԱՎԸ ԴԵՍՈՒԴԵՆ Է ԸՆԿՆՈՒՄ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ, ՈՂՋ ՀՈՒՅՍԸ ՀԱՆՑԱԽՄԲԵՐԻ ՎՐԱ Է

44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ 7 մլն դրամ գրավի և տնային կալանքի սանկցիա տված դատավոր Ժորա Չիչոյանը ժամանակին կալանքի սանկցիա է տվել զոհված հերոսի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ։ Ռեժիմը, հիշեցնեմ, նրան մեղադրել էր Փաշինյանի որդուն՝ Աշոտին առևանգելու փորձի մեջ։ Չիչոյանը դատավոր է դարձել 2022 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ մինչ այդ դատախազ էր։ Նրա անունը հայտնի դարձավ, երբ ՀՀ նախագահը Չիչոյանի նշանակման վերաբերյալ առարկություններ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդին, սակայն ԲԴԽ-ում անտեսեցին նախագահի դիրքորոշումը: Բանն այն է, որ Ժորայի համար միջնորդել էին հայրը՝ Շիրակի դատախազ Արմեն Չիչոյանը, և հորեղբայրը՝ ԲԴԽ դատավոր Սերգեյ Չիչոյանը։

« ԾԵԾԵԼՈՎ ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ՆՐԱՆՔ ՄԱԶԵՐԻՑ ԲՌՆԱԾ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ ԳԼՈՒԽԸ ԳԵՏՆԻՑ ՈՒ ԹՔԵԼ ԴԵՄՔԻՆ»։ 44-օրյա պատերազմի մասնակցի, քաղաքական դրդապատճառներով բռնություն հրահրելու մեջ մեղադրվող երիտասարդի նկատմամբ վայրագ հաշվեհարդարի մանրամասներին անդրադարձան ընդդիմադիր բոլոր պարբերականները: Վարդանյանը, ի թիվս այլոց, արձագանքել է ավտոբուսում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հայտնվելուն։ Այլ կերպ ասած, Սամվելի ողջ հանցակազմը խոսքերի մեջ էր։ Նրա հետ հաշվեհարդար են տեսել խոսքերի համար։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը փաստեց, որ տեղի է ունեցել արտառոց բռնություն, որը գերազանցում է ոստիկանական կամայականության սահմանները: Մելիքյանի խոսքերով, իշխանությունը խուլիգանության մասին հոդվածը դիտավորյալ վերաորակավորել է այնպիսի հոդվածի, որի պարագայում որպես խափանման միջոց ենթադրվում է կալանավորումը: Ակնհայտ է, որ դիմակավորված ավազակների հարձակում կարող էր նախաձեռնել միայն Փաշինյանը՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի միջոցով։

Վարդանյանի նկատմամբ հաշվեհարդարից հետո հայ հասարակության մեջ հիշեցին ՆԳՆ-ում գործող քիլերների հանցախումբը՝ Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ։ Նրա բանդան զբաղվում էր ՀՀՇ-ի քաղաքական հակառակորդների ֆիզիկական ոչնչացմամբ։ Իրավիճակը կրկնվում է Փաշինյանի օրոք։ Հանցախումբը ստեղծվել է այն մարդկանց վախեցնելու համար (առայժմ), ովքեր կհամարձակվեն կրկնել Վարդանյանի գործողությունները, այսինքն՝ դավաճան անվանել դավաճանին։

Վարդանյանի բախտը դեռ բերել է, որ ողջ է մնացել, չէ՞ որ Փաշինյանի հասցեին նման արտահայտություն անելու համար զինված ՔՊ-ականները 2022 թվականի հունիսի 18-ին Նիգավան գյուղի մոտ գնդակահարեցին 44-օրյա պատերազմի մասնակից Հմայակ Միքայելյանին։ Միքայելյանն անցել էր պատերազմի միջով սկզբից մինչև վերջ, կորցրել ընկերներին, պարգևատրվել Արիության մեդալով, իսկ զոհվեց ՔՊ-ի կուստոմսերով տականքների ձեռքով: Մարդասպանները մնացին անպատիժ

Որոշ պարբերականների վարկածով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը մտադիր չէր դատի տալ իրեն վիրավորողին, մանավանդ որ ինքն էր հարվածել Վարդանյանին՝ ի պատասխան իրեն ուղղված մեղադրանքի, սակայն դատարան դիմել պնդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նույն ինքը, ով խուսափեց պատժից Կարեն Մկրտչյանի դեմքին թքելու համար, երբ իր թիկնապահները թևերից բռնած պահել էին խոսնակին դավաճան անվանող երիտասարդին...

Բռնությունը մնում է անպատիժ: Ապրիլի 26-ին լրանում է Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու 2-րդ տարելիցը: Փաշինյանի ավտոշարասյան վարորդ, մայոր Արամ Նավասարդյանը մայրաքաղաքի կենտրոնում վարել էր մեքենան ժամում 108 կմ արագությամբ։ Վրաերթի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց, Փաշինյանը նույնիսկ չմոտեցավ վրաերթի ենթարկված կնոջը։ Սպանության համար պատասխանատվություն չկրեց նաև Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանման հրամանատար Արթուր Սահակյանը: Տուժող կողմի փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ԶԼՄ-ներում հայտարարեց, որ պատշաճ քննություն չի եղել: Դե, հարկավ:

Փաշինյանին ծառայող մարդկանց թույլատրված է ամեն ինչ. նրանք կոմայի մեջ գցելու աստիճան ծեծեցին Արցախյան պատերազմի վետերան փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Փաշինյանի դրածոն՝ Ստեփանավանի ՔՊ-ական քաղաքապետ Արմեն Գրիգորյանը հարձակվեց այցելուի վրա և դանակը դրեց նրա կոկորդին. տուժողը դիմեց ոստիկանություն, սակայն քաղաքապետն անպատիժ մնաց: ՔԿ-ում դաժան ծեծի մասին ցուցմունքներ հրապարակեցին հասարակական գործիչ Տիգրան Առաքելյանը և «Հանրային ձայն» կուսակցության առաջնորդ Արտակ Գալստյանը: Երկուսն էլ մատնանշեցին ՔԿ պետ Արգիշտի Քյարամյանի մասնակցությունը ծեծին, բայց դրան ոչ մի պատիժ չհաջորդեց։

Այդ գործիչների խոշտանգման հետ կապված դրվագներին անդրադարձ կա «Հելսինկյան նախաձեռնության» ղեկավար Ավետիք Իշխանյանի 2023թ.1-ին կիսամյակի զեկույցում: 2022թ. սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող հերոսների ծնողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները նույնպես անպատիժ մնացին: Պատասխանատվության չենթարկվեց մորեգույն բերետավորների հրամանատար Հայկազ Ջոմարդյանը՝ ապօրինի հրաման արձակելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքի մասնակիցների առողջությանը սպառնացող հակաիրավական գործողությունների համար:

2022 թվականի գարնանն ու ամռանը Դիմադրություն շարժման մասնակիցների նկատմամբ մորեգույն և սև բերետավորների աննախադեպ բռնության դրվագների մասին հաղորդվել է բազմիցս, ուստի չենք կրկնի, մանավանդ որ ուժի անիրավաչափ գերազանցման օրինակները լիառատ են, և բոլոր դրվագներն անպատիժ են մնում։ Ասեմ ավելին. իշխող ռեժիմն օրինականացրել է բռնության կիրառումը՝ անպատժելիություն երաշխավորելով զղջման դեպքում։ Այս դրույթը գործում է միայն ռեժիմի դրածոների համար և չի տարածվում հասարակ մահկանացուների վրա։ Խոսքն, ընդգծեմ, ծանր և նույնիսկ առանձնակի ծանր հանցագործությունների մասին է։ Փաշինյանի զինակիցներին բավական է զղջալ, որպեսզի խուսափեն պատժից։ Սա աննախադեպ երևույթ է համաշխարհային պրակտիկայում. ավաղ, եվրոպական ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները, չգիտես ինչու, համառորեն անտեսում են դա…

Վարդանյանի գազանաբարո խոշտանգումը, 44-օրյա պատերազմի մասնակցի արժանապատվության ոտնահարումը չպետք է անպատիժ մնա։ Այն փաստը, որ նա ճանաչվել է տուժող, ամենևին չի երաշխավորում բռնության կազմակերպիչների և կատարողների պատասխանատվությունը: Այդ վայրագությունների հեղինակները նստած են իշխանական աշխատասենյակներում և շատ են վախենում արդար հատուցումից իրենց բոլոր արարքների դիմաց։ Այդ կենդանական վախը չլսված վայրագությունների է դրդում նրանց սեփական հայրենակիցների նկատմամբ։

Բոլորովին վերջերս հանրապետական Էդուարդ Շարմազանովն արդարացիորեն նկատեց, որ Ալիևը կարող է աշխատանքից ազատել իր արտգործնախարարին, քանի որ նրա փոխարեն ողջ աշխատանքը կատարում է Փաշինյանը։ Նույն տրամաբանությամբ՝ Ալիևը կարող է ցրել «Յաշմայի» և «Կոմանդոյի» ադրբեջանցի պատժիչներին։ Նրանց փոխարեն ողջ աշխատանքը կատարում են Բաքվի և Անկարայի խամաճիկին ծառայող ավազակախմբերը։

Այն, ինչ արել են դիմակավորված անձինք 44-օրյա պատերազմի մասնակից Վարդանյանի հանդեպ, անում են գերեվարված հայերի հետ ադրբեջանական գերության մեջ: Ռեժիմի պարագլուխը հատել է ամեն չափ ու սահման և անցել դեպի բացահայտ գազանությունների, կանխատեսելով, որ շուտով իր ամենաթողության վերջը գալու է։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ լավատեսական կանխատեսում հնչեցրեց. «Հայաստանում իշխանափոխության գործընթացը շատ արագ կընթանա»։ Տեսանելի հեռանկարում Ռուսաստանին և Իրանին տարածաշրջանում անհրաժեշտ է ինքնուրույնության բարձր մակարդակ ունեցող Հայաստան։ Այդ նպատակին մեր երկիրը կարող է հասնել՝ հենվելով տարածաշրջանում իր գործընկերների վրա»։ Փորձագետի գնահատմամբ՝ հավաքական Արևմուտքն արդեն ընկալում է Փաշինյանին որպես հեռացող քաղաքական կերպար, ուստի առավելագույն ջանքեր է գործադրում, որպեսզի կտրի հայ հասարակության բոլոր հետադարձ ուղիները դեպի Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցության վերականգնում։

Որքան մոտենում է ռեժիմի տապալումը, այնքան ավելի դաժան են դառնում հաշվեհարդարներն այլախոհների նկատմամբ։ Փաշինյանի որդին դատի տվեց զոհված հերոսի մորը։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատի տվեց զոհված հերոսի հորը՝ բանտ նետելով նրան։ Փաշինյանն ու Վահե Ղազարյանը սադիստական հաշվեհարդար կազմակերպեցին 44-օրյա պատերազմի մասնակցի նկատմամբ։ Ռեժիմը գնալով ավելի հաճախ է ցուցադրում իր իրական դեմքը, ավելի ճիշտ՝ գազանի երախը, որով փորձում է վախեցնել ժողովրդին և փակել նրանց բերանը, ովքեր օգտագործում են ՀՀ քաղաքացիների օրինական իրավունքը՝ հանրային պարսավանքի ենթարկելու նրանց, ովքեր արժանի են դրան։