ԻՆՉ ՇԱՐԺՈՒՄ Է ՍԿՍՎՈՒՄ. Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.

"Ինչ շարժում է սկսվում

Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունիքաղաքական ձևակերպումների և այդդեպքում այն կբերի հաջողության։ Եթե  մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չենհասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք էհասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային հանրության համար։

Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին չէ։ Այս շարժումը Հայաստանի’ մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է։ Մենք ուզում ենք ներսում կարգավորել մեր տունը, մաքրել այն, դուրս գալ ստի ու ներքին թշնամանքի հնգամյակից։ Եվ հենց նմա’ն շարժումը բնականորեն պետքէ խրախուսի կամ առաջնորդի եկեղեցին ու հանրային դաշտը։

Ինչի պետք է հանգեցնի շարժումը

Հենց լինի կոնսենսուս ու լայն գիտակցում՝ ներքին հաշտության և ազգային արժանապատվության վերագտնման , անմիջապես ձևակերպվելու է նոր իշխանության սուր պահանջը։ Նոր միջավայրը պահանջելու է նոր իշխանություն։ Սա շաբաթների խնդիր է, թող ոչ ոքի չթվա, թե սա անժամկետ պրոցես է։ Այս պահի էմոցիաներից մենք պետք է կարողանանք աճեցնել և ձևակերպել քաղաքական հարցեր, տալ քաղաքական հարցերի լուծման ճանապարհային քարտեզ։ Ինչի դեմ ենք ոտքի ելել

Հայ հասարակության զգալի մասն առայժմ էմոցիոնալ մակարդակի վրա է մերժում գյուղ տալը, բայց չի հասկանում, թե որն է դրա իրական այլընտրանքը։ Նրան ամեն կողմից ներարկում են, որ այլընտրանք չկա՝ կա’մ զիջում է, կա’մ պատերազմ։ Զիջումը չի պատկերացնում ինչ է, իսկ պատերազմ բնականաբար չի ուզում։ Հենց սրա համար է նախ պետք բացատրել, որ թափ առնող շարժումը Հայաստանի’ մասին է, մե’ր մասին է, և որ վերագտնված Հայաստանը բնականաբար շարունակելու է բանակցություններն Ադրբեջանի հետ, և դա անելու է արդեն որպես սեփական շահը գիտակցող պետություն։ Բայց մինչև այդպետք է կետ առ կետ, բոլոր հնարավոր տեխնոլոգիաներով բացատրել, որ.

1. Առանց ամբողջական սահմանազատման անթույլատրելի է Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց շփման գոտում տարածքների միակողմանի հանձնումը,

2. Հանձնման այս պրոցեսը բերելու է ՀՀ ԶՈւ պաշտպանական գծի կազմաքանդմանը, ինչը ոչ թե պակասեցնելու, այլ հակառակը մեծացնելու է պատերազմի վտանգը,

3. Մինչև Հայաստանի Հանրապետության սահմանի ամբողջական սահմանազատումը պարտադիր է զերծ մնալ զորքերի տեղաշարժից և սահմանագծման աշխատանքներից,

4. Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում։

Շատ կարևոր է արձանագրել, որ այս վիճակը ո’չ թե 2020-ի պատերազմի, այլ՝ 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Սա մեզ կհուշի ճիշտ քաղաքական լուծումը։ Սա, ամենից բացի, մեզ կհուշի նաև, թե ընդդիմադիր իրապես լայն համախմբման ճանապարհին ինչպես խուսափել նախկին կոպտագույն սխալներից։ Այսօր “ընդդիմադիր գետնի վրա" արդեն բոլորովին նոր իրավիճակ է, բնական պրոցեսի արդյունքում նոր անուններ ու գործիչներ են առաջ եկել, մարդկանց մոտ բոլորովին նոր որակի դիմադրության տրամադրություն կա, և այս ամենի հետ պարտադիր պետք է հաշվի նստել մի կողմ թողնելով հինունոր բոլոր վեճերը ու նաև հավակնությունները":

Verelq News