ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻՏԻՆԳ ԾՐԱԳՐՎԱԾ ՉԷ

Այն բանից հետո, երբ 2018-ի գարնանը զանգվածներն աջակցեցին «սիրո և համերաշխության հեղափոխության» ցուցանակի տակ իշխանության հակասահմանադրական զավթմանը, Փաշինյանն ու իր թիմը սկսեցին շփվել ժողովրդի հետ էժանագին մանիպուլյացիաների լեզվով։ Ամենաթարմ օրինակն այն թեզի արմատավորումն է, թե իբր՝ Փաշինյանի ջանքերի շնորհիվ Տավուշում ադրբեջանցիներին կհանձնվի ոչ թե 4, այլ 2,5 գյուղ։ Հաշվարկը կառուցված է այն բանի վրա, թե սահմանամերձ մարզի բնակիչներն աննկարագրելի հրճվանք կապրեն, կուրախանան ու կփառաբանեն Նիկոլին։ Ռեժիմի վերնաշերտը խաղադրույք է կատարում զանգվածային դեգրադացիայի վրա…

Ադրբեջանցիները ցնծում են՝ փառաբանելով Ալիևին այն բանի համար, որ նա առանց գեթ մեկ կրակոցի Ադրբեջանին է միացնում նորանոր տարածքներ։ Հընթացս էլ շնորհակալություն են հայտնում Փաշինյանին։ Տավուշի բնակիչներին որպես ուրախության առիթ հրամցրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին պայմանավորվածության փաստը։ Ճիշտ ժամանակն է հիշեցնելու, որ Ալիևը մտադիր չէ դուրս բերել իր ստորաբաժանումները բռնազավթած հայկական տարածքներից. 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի մայիսի 12-ին Իշխանասարի և Սև լճի շրջակայքում ներխուժումից (առանց գեթ մեկ կրակոցի)  հետո զավթիչները վերահսկում են ինքնիշխան Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածք։

Այս պայմաններում իշխող վերնաշերտի պարագլուխը հանձնում է հայկական տարածքները սահմանազատման շրջանցումով՝ առանց դավաճանության հոդվածով դատապարտվելու մտավախության։ Բռնազավթման և ուժի սպառնալիքի պայմաններում սահմանազատում չի՛ լինում։ Միջազգային իրավական նորմերի համաձայն՝ պետություններն այդ գործընթացին ձեռնամուխ են լինում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, երբ չկան վիճելի հարցեր։

Հայաստանը տարածքներ է հանձնում միակողմանի կարգով, գտնվելով բռնազավթված վիճակում, տասնյակ գերիներ ունենալով Ադրբեջանում, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ: Հասկանալի չէ, թե ինչու է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունում միջպետական հարաբերություններում իրավական նորմերի ակնհայտ խախտումը, իսկ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ձևացնել, իբր «չեն նկատում», թե ինչպես է Ադրբեջանը ռազմական ներխուժման սպառնալիքով շարունակում տարածքներ խլել ինքնիշխան պետությունից։ Նրա՞նք էլ են մանիպուլյացիայի օբյեկտի տեղ դրել հայ ժողովրդին։ Իսկ գուցե նրանց ուրախացնո՞ւմ է այն հանգամանքը, որ ՀՀ բանակային ստորաբաժանումների հետ մեկտեղ  սահմանը կլքեն ռուս սահմանապահները։ Նրանց փոխարինելու կգան թեթև զինատեսակներով զինված հայ սահմանապահները։

Այս խորապատկերին «Հայաստանի կողմից 30 տարի բռնազավթված 4 գյուղերի ազատագրման» Թուրքիայի ԱԳՆ-ի ողջունումը ոչ մի հարց չի առաջացնում. մի ցեղասպան պետությունը սատարում է մյուսին, չխորշելով պատմության խեղաթյուրումից...

Երևանցիները հիշում են, թե ինչպես էր վարչախմբի վերնաշերտը նշում Քաղաքացու օրը «սիրո և համերաշխության հեղափոխությունից» հետո առաջին տարիներին. Մաշտոցի պողոտայում շարած էին մանղալները, շամփուրներով խոզի միս ու քյաբաբ էր խորովվում, փողոցներում զուռնա-դհոլ էր հնչում, գինին հոսում էր գետի պես: «Տոնը», հիշեցնեմ, հորինել է Նիկոլը, այն նշում են ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի օրացույցի այդ սև օրն ընկավ ամսի 27-ին։

ՔՊ-ի ղեկավարությանը մտերիմ աղբյուրներից տեղեկություններ արտահոսեցին, որ ռեժիմի վերնախավը ցանկացել է ցուցադրաբար հերքել իր ղեկավարի վարկանիշի (8%) մասին տեղեկությունը, Հանրապետության հրապարակում կազմակերպելով բազմահազարանոց միտինգ։ Համապատասխան խորհրդակցություններ են սկսվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ, սակայն շուտով նախաձեռնողները մտափոխվել են, հասկանալով, որ իրենց չի հաջողվի այդ օրը հրապարակ բերել մոտակա մարզերի տասնյակ հազարավոր բնակիչների: Երկրի գլխավոր հրապարակում թվաքանակ ապահովելու փորձը կարող էր փոխարկվել մեծ սկանդալի, սակայն հանրահավաքի չեղարկման գլխավոր պատճառ է դարձել հատուկ ծառայությունների դիրքորոշումը, որոնք անվտանգության նկատառումներից ելնելով խորհուրդ չեն տվել Փաշինյանին հանդես գալ ժողովրդի մեծ բազմության առաջ։ Արդյունքում միտինգը չեղարկել են՝ փոխարինելով 19 մլն 500 հազար դրամի անվնաս միջոցառումներով։

Պետական բյուջեից գումարներ են հատկացվել տոնական միջոցառումների կազմակերպման համար, իսկ կազմակերպիչը (գումարն ստացողը) «Գլոբալ սըփորթ» ընկերությունն է։ Նշյալ գումարի դիմաց նա Երևանում և մի շարք մարզերի խոշոր համայնքներում կազմակերպում է քննարկումներ և դասախոսություններ: Այդ միջոցառումները կանցկացնեն հատուկ ընտրված մարդիկ։ Մոդելը փորձարկվել է անցած տարի։ Իշխող ռեժիմի գաղափարներն ու ծրագրերը տարածելու համար որպես դասախոսներ մոբիլիզացվել են ՔՊ ղեկավար մարմնի անդամներն ու ծախված մտավորականությունը, ընդ որում, ինչպեսև նախորդ տարի, դասախոսների ցուցակը կազմել են կառավարությունում։ Փաշինյանը հիմնական շեշտը դնում է տևական խաղաղության հաստատման, արտաքին քաղաքական վեկտորի փոփոխման, ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից ՀՀ-ի ելքի գաղափարների հանրահռչակման վրա։

Արդեն հաստատվել է ապրիլի 27-ի ժամը 11-ից մինչև 16-ը կայանալիք քարոզչական միջոցառումների ժամանակացույցը: Իշխող ռեժիմի պարագլուխը մեծ ուշադրություն է հատկացնում իր գաղափարների քարոզմանը, ինչի մասին վկայում են նրա դասախոսությունները ՔՊ ժողովրդավարության դպրոցում, որոնք ռեժիմի քարոզչամեքենան ակտիվորեն գովազդում է, դեռ չամրացած երիտասարդ գիտակցության մեջ ներարկելով այն միտքը, թե իշխանական կառույցներում կարիերայի աճի կարելի է հասնել միայն ՔՊ ժողովրդավարության դպրոցում սովորելուց հետո։ Այդ դպրոցը ԽՄԿԿ կուսակցական կադրերի դպրոցի նմանակման նմուշ է:

Իշխող վերնաշերտի պարագլուխը, որը չունի բարձրագույն կրթության դիպլոմ, դասախոսություններ է կարդում երիտասարդ ունկնդիրների համար և ամեն կերպ խրախուսում աճող սերնդի հետաքրքրությունը Հայաստանի պատմության նկատմամբ: Ընթերցողները կարող են պատկերացում կազմել այդ դասախոսությունների բովանդակության մասին. հղում անենք դրանցից մեկին՝ «Հայաստանի Հանրապետության սոցիալական հոգեբանությունը» անվանումով։ Դասախոսության ընթացքում Փաշինյանը հայտնել է, որ Իջևանում անցած մանկության տարիներին Արցախի գոյության մասին իմացել է խորհրդային տարիների ամենաէլիտար ռեստորանի անունով: «Երեխա ժամանակ ես և իմ հասակակիցները երազում էինք, որ երբ մեծանանք, անպայման գնալու ենք «Արցախ» ռեստորան»,- ասել է նա:

Ղարաբաղյան շարժման մեկնարկից հետո «հեղափոխության» ապագա առաջնորդը հասկացել է, որ Արցախը միայն ռեստորան չէ։ 13 տարեկանում (1988 թ.) Նիկոլը գրել է «Արցախ» վերնագրով բանաստեղծություն, որը հրապարակման համար փոխանցել է նրա խորթ մայրը՝ Երջանիկը։ Հայտնի է, որ Փաշինյանը համակրում է հայոց պատմության առանձին հերոսների։ 2018-ին թիմակիցները նրան համեմատում էին Մահաթմա Գանդիի հետ, իսկ ինքն իրեն համեմատում է հայոց Պապ թագավորի հետ, ճիշտ է, իր սեփական իմաստն է դնում այդ համեմատության մեջ:

Օրինակ, վերջերս Կոտայքի մարզի Զառ գյուղում Փաշինյանը ներկա էր իր սիրելի կերպարին նվիրված դպրոցական ներկայացմանը։ ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ նախքան նրա այցը դպրոցի տնօրեն Ամալյա Հովհաննիսյանը հրահանգել է պատերից հանել Արցախի հերոսների դիմանկարները և թաքցնել Արցախի Հանրապետության դրոշը: Համեմատելով իրեն թագավորի հետ, Փաշինյանը մի առիթով ասաց. «Եթե պատմությունը գրի այն նույն ձեռքը, ինչ գրել է Պապ թագավորի մասին, պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, սրբապիղծը, հողատուն… Իսկ եթե պատմությունը գրի մեկ ուրիշ ձեռք, որի համար առանցքային ուղենիշը և արժեքը Հայաստանի Հանրապետությունն է, կասի, որ մարդ էր, որ ուզում էր և բոլոր ջանքերը գործադրեց, որ ՀՀ-ն լինի ինքնիշխան, անկախ և ժողովրդավարական պետություն»։

Ցուցանշական է, որ Պապ թագավորի բացասական կերպարը Փաշինյանի բուռն երևակայության արգասիքն է։ Պատմության դպրոցական դասագրքերում այդ թագավորը ներկայացված է որպես Մեծ Հայքի սահմաններում հայկական հողերի միավորող, որը սանձեց խռովարար մարզպետներին և զորացրեց հայոց բանակը: Ո՞ւր է այստեղ նմանությունը Նիկոլի հետ։

Ինչ վերաբերում է տոնական միջոցառումների կազմակերպման համար հարկատուների գրպանից բազմամիլիոնանոց գումարներ ստացողին, ապա նշենք, որ «Գլոբալ սըփորթ» ընկերությունը ստեղծվել է 2018 թվականի «հեղափոխությունից» անմիջապես հետո: Կառավարության պաշտոնական գործընկեր ընկերությունը դարձել է 2022 թվականին: 2 տարվա ընթացքում իշխանությունը 6 գնում է կատարել նրանից։ Գնորդների դերում հանդես են եկել Երևանի քաղաքապետարանը, Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Իջևանի համայնքապետարանը և այլք: Որպես ընկերության տնօրեն նշվում է Լևոն Ամիրզյանը։