ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՈՒՐՎԱՆՇՎՈՒՄ ԵՆ 1990-ԱԿԱՆՆԵՐԸ…

Ո՞ր խելամիտն է այլ պետությանը հանձնում մայրուղիների վերահսկումը

Փաշինյանի կառավարությունը փորձում է մեզ ներշնչել, թե խոսքն ընդամեը Տավուշում փոքրիկ տարածքային զիջումների մասին է, որոնք, ինչպես ասվել է բազմաթիվ այլ դեպքերում, Հայաստանի համար առանցքային նշանակություն չունեն։ Հիշենք իբր «դժգույն ու դժբախտ» Շուշին, Իշխանասարի «անպետք» ձյունածածկ գագաթները, «անտեր» Սև լիճը

Մինչդեռ Ադրբեջանին են հանձնվում ոչ միայն հիմնականում անապատային հողատարածքներ. թշնամու վերահսկողության տակ են անցնում ռազմավարական ենթակառուցվածքներ. Վրաստան տանող միջպետական մայրուղին և գլխավոր գազատարը, իսկ դա ուղղակի և անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգային անվտանգությանը՝ ֆիզիկական իմաստով, այլև էներգետիկ և տնտեսական անվտանգությանը

Իշխանավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանն իջեցրել է ազգային անվտանգության տարբեր տեսանկյուններն ու բնութագրիչները «պլինտուսից ցածր» մակարդակի և շարունակում է անպատիժ գործել նույն ուղղությամբ: Մասնավորապես, գլխավոր գազատարի մի հատվածի անցումն Ադրբեջանի վերահսկողությանը կդառնա մեր երկրի վրա ճնշում գործադրելու ևս մեկ ծանրակշիռ լծակ, Հայաստանի իշխանություններին ցանկացած ապազգային որոշում կայացնել հարկադրելու արդյունավետ միջոց չարակամների ձեռքում:

Կենցաղային պարզունակ օրինակներով մարդկանց հիմարացնելու սիրահար, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետագայում Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին հարցին դրական պատասխան է տալիս. իբր, եթե դուք ինչ-որ բան գնել եք մի խանութից, բայց հետո նկատել եք, որ հարևան խանութում նույնը կրկնակի էժան է, ապա եզրահանգումն ակնհայտ է։

Ահավասիկ ՔՊ-ականների համար այդպիսի «ակնհայտ» եզրահանգումներով Հայաստանը կրկին կարող է բախվել 1990-ականների առաջին կեսի մութ ու ցուրտ տարիներին, երբ ամբողջ բնակչությունը տագնապով հետևում էր հանրապետությանը կապույտ վառելիքի մատակարարման հետ կապված  իրավիճակին, իսկ լրատվամիջոցներն ամենօրյա ռեժիմով հաղորդում էին այդ տվյալները, քանի որ մեկ օրում Հայաստան մտնող գազի ծավալից էր կախված, թե քանի ժամով կմիացնեն տների հոսանքը և կմիացնեն արդյոք ընդհանրապես։

Իշխանությունները, դատելով ամենից, լիովին պատրաստ են փոխարինել ռուսաստանյան արտոնյալ գազը ադրբեջանականով, որը ամենևին չի լինի ո՛չ էժան, ո՛չ էլ հուսալի։ Իրենց բնավ ոչ փոքր քթից դենը տեսնելու անընդունակ «թավշե» պատգամավորների ու չինովնիկների պարզունակ տնտեսական հաշվարկներ արդեն զզվեցրել են ամենքին՝ նորանոր պատուհասներ բերելով քաղաքացիների գլխին։ Եվ ոչ մի բան, այդ թվում Արցախում իր ձեռքն անցած գազատարի պարագայում թշնամու ճակատագրական մանիպուլյացիաները դաս չեն դառնում սրանց համար։

Անցած տարեվերջին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում հույս հայտնեց, թե տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, «և մենք կկարողանանք համագործակցել ու տարբերականացնել մեր էներգահամակարգերը, ինչպես նախկինում», նկատի ունենալով խորհրդային ժամանակաշրջանը, երբ Հայաստանը գազ էր ստանում Ադրբեջանից:

Ուղղակի զարմանալի է, թե որքան կարճամիտ են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, որոնք, ըստ երևույթին, նույնիսկ չգիտեն, որ «չի կարելի երկու անգամ մտնել  նույն գետը»։ Մի՞թե կարելի է այնքան անհեռատես լինել, որ ինքնակամ հանձնես քո էներգետիկ և համապատասխանաբար տնտեսական անվտանգության բանալիները թշնամական պետությանը։

Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների ողջ գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հետապնդում է ցանկացած հասուն մարդու համար միանգամայն հասկանալի երկարաժամկետ նպատակներ, որոնց էությունն այն է, որ զրկեն մեր երկիրը ոտքի կանգնելու ցանկացած հնարավորությունից, մեկուսացնեն նրա տրանսպորտային-լոգիստիկ և էներգետիկ հաղորդակցությունները, որպեսզի վերածեն Հայաստանը կամազուրկ բնակչությամբ և ապագայում զարգացման ու բարգավաճման զրոյական հնարավորություններով երրորդական տարածքի։ Եվ Փաշինյանը, իսկական տխմարի պես, օժանդակում է նրանց՝ խաղաղության մասին գունագեղ, բայց բացարձակապես անհիմն խոսակցությունների ներքո։ Դե, հո իզուր չէ, որ հակահայկական հանրահավաքներում ադրբեջանցիների և թուրքերի ամբոխը վանկարկում է նրա անունը