ՄԱՅԻՍԻ 1-Ի ԵՎ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԻ ՄԱՍԻՆ…

2018թ. մայիսի 1-ին՝ Աշխատավորների համերաշխության միջազգային օրը (մինչև 1889թ. նշվում էր որպես Ինտերնացիոնալի օր) Փաշինյանն առաջին անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում անայլընտրանքային հիմունքներով: 45 «կողմ», 55 «դեմ» ձայներով ընտրությունները տապալվեցին: Փաշինյանը պատրաստ չէր նման արդյունքի՝ կարծելով, թե ՀՀԿ խմբակցության պատգամավորներն այնքան են վախեցած դագաղներով ու սգո ծաղկեպսակներով փողոցային կայթպարերից, որ հեշտությամբ զիջումների կգնան։

Ցանկանալով սրել իրավիճակը՝ նա խորհրդարանի ամբիոնից արտաբերեց այսպիսի խոսքեր. «Հանրապետական կուսակցությունը, ՀՀԿ խմբակցությունն իրեն ոչնչացրեց անշրջելիորեն, սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժը չի կարող գոյություն ունենալ»։ Հարց. ի՞նչ պատերազմի մասին էր խոսքը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել՝ առանց գեթ մեկ կաթիլ արյուն հեղելու: Փաշինյանին հակադարձեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը։ Նա ասաց, որ կատարվող ամենը արտաքին ուժերի կողմից ուղղորդվող վատ սցենարի սկիզբն է։ Նրան անուշադիր էին լսում…

Քվեարկության տապալումից հետո Փաշինյանը միացավ Հանրապետության հրապարակում հավաքված բազմությանը և հայտարարեց. «ՀՀԿ-ի այսօրվա գործողությանն արձագանքելու ենք շատ արագ: Վաղը ողջ հանրապետությունում հայտարարվում են գործադուլ և դասադուլ: 08:15-ից շրջափակում ենք բոլոր փողոցները, մետրոն, օդանավակայանը, երկաթուղիները: Ամեն ինչ, ինչ հնարավոր է, շրջափակում ենք: ՀՀԿ-ական վերնախավին պետք է թողնել հայաստանյան քաղաքական կյանքի լուսանցքում»։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջին փորձի 6-րդ տարեդարձը «սիրո և համերաշխության հեղափոխության» առաջնորդը դիմավորում է 8% վարկանիշով, իսկ նրա կուսակցությունը կես քայլի վրա է «առնետավազքից»։ Այսօր ՔՊ-ն և դրա առաջնորդը դուրս են մնացել քաղաքական գգործընթացներից, ժամանակն աշխատում է նրանց դեմ։

Ի դեպ, Փաշինյանի օգտին քվեարկած 45 պատգամավորներից մեկը ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանն էր: «Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր անունը ոսկե տառերով գրեց ժողովրդի սրտերում»,- հայտարարեց Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը վարձատրեց գեներալին դավաճանության համար՝ նշանակելով արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում: Ցոլակյանն այդ պաշտոնից հեռացավ 2020 թվականին։

«Հեղափոխությունից» հետո երկրորդ անգամ Փաշինյանը դիմավորեց Մայիսի 1-ն արդեն որպես վարչապետ։ 2019 թվականի մայիսի 1-ին նա աշխատավորների հետ կիսվեց տնտեսական հեղափոխության մասին մեծադղորդ հայտարարությամբ։ Անցած տարիների ընթացքում շատերն արդեն մոռացել են, որ իշխող ռեժիմի պարագլուխը ժողովրդին խոստացել էր նաև այդպիսի հեղափոխություն։ Այդ օրը նա ասաց, թե այսուհետ Հայաստանը չի լինելու երկիր, որը միայն էժան աշխատուժ է մատակարարում միջազգային շուկա։ Նա ընդգծեց, որ «հեղափոխությունից» հետո մեր երկրում լինելու է միայն բարձր որակավորում ունեցող աշխատուժ. դե, նույն այն 3 մլն վարչապետները…

2020թ Մայիսի 1-ին նա արդեն ոչ մի բառ չասաց տնտեսական հեղափոխության և ցածր որակավորում ունեցող էժան աշխատուժը բարձր որակավորում ունեցող աշխատողներով փոխարինելու անհրաժեշտության մասին։ Պարզապես շնորհավորեց ժողովրդին տոնի առթիվ և ասաց, որ «մենք բոլորս աշխատավոր ենք»։ Այդ օրը մտածող հանրության ուշադրությունը սևեռված էր Փաստաբանների պալատի այն ժամանակվա նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարության վրա, որը մատնանշել էր, որ Փաշինյանի շրջապատը հայհոյանքներով ու վիրավորանքներով է արձագանքում իր հասցեին հնչող քննադատությանը, և որ դրան պետք է վերջ տրվի: Զոհրաբյանն արձանագրել էր «սիրո և համերաշխության» հեղափոխության գլորքը դեպի համատարած բռնության սերմանում և ժողովրդի տարանջատում սևերի ու սպիտակների։

2021թ. Մայիսի 1-ին Փաշինյանն իր ճառում փորձեց Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի հանձնման և 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի մահվան մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա: Իշխող վերնաշերտն այդ օրերին ակտիվորեն համոզում էր ժողովրդին, թե 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը չի գերազանցել 5 հազարը։ Ադրբեջանական զավթիչների Սյունիք ներխուժելուն մնացել էր 11 օր։

«2020թ. ճգնաժամը ցույց տվեց բոլոր այն խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ անկախությունից ի վեր թերացել ենք, դրանց լրջությամբ չենք վերաբերվել՝ լինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներով: Վերջին 3 տարիների ընթացքում մեր կառավարության հիմնական խնդիրն է եղել քաղաքացիներին խրախուսելը՝ աշխատելու, գործելու, տնտեսական գործունեություն ծավալելու, հավատալու սեփական ուժերին և հաջողությանը։ Կարծես դա սկսել էր արդյունք տալ, սակայն նախորդ տարվա ճգնաժամերը, ցավոք սրտի, խաթարեցին մեր առաջընթացն ու զարգացմանը միտված գործողությունները»,- հայտարարեց Փաշինյանը 2021 թվականի մայիսի 1-ին, փորձելով իր կառավարության գործունեության բոլոր սխալները բարդել Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիայի հետևանքների վրա։

44-օրյա պայմանավորված պատերազմում պարտությունը Փաշինյանը որակեց ճգնաժամ, իսկ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակը բնութագրեց իբրև ճգնաժամի հաղթահարում, թեև ոչ մի հաղթահարում չկար: 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը 2021 թվականի մայիսի 12-ին հանգեցրեց 3 մարզերի տարածքի սողացող բռնազավթման, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսվեց 3-օրյա ագրեսիան ՀՀ սահմանների դեմ, իսկ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին շրջափակվեց Լաչինի միջանցքը։ Շրջափակմանը հաջորդեցին էթնիկ զտումներն ու 100 հազարից ավելի արցախահայության բռնի տեղահանումը 2023-ի սեպտեմբերի 19-20-ին։

2022 թվականի Մայիսի 1-ը մտապահվեց նրանով, որ Երևանի Սուրբ Աննա եկեղեցու հարևանությամբ մեկնարկեց «Ստոպ Նիկոլ» ակցիան։ Դրա մասնակիցները միացան ընդդիմության կողմնակիցներին Ֆրանսիայի հրապարակում, որտեղ երեկոյան կողմ տեղի ունեցավ ընդդիմադիր ուժերի հանրահավաքը։ Այդ օրը «Դիմադրություն» շարժմանը միացան Տիգրանաշենի, Ապարանի, Սարդարապատի, Իջևանի բնակիչները։ Ցուցանշական է, որ համանման ակցիա տեղի ունեցավ ապրիլի 18-ին կառավարության շենքի մոտ։ Դրա մասնակիցների ձեռքին նույնպիսի պաստառներ էին՝ «Ստոպ Նիկոլ» մակագրությամբ։

Պատմության դասագրքից հիշում ենք, որ 1926 թվականի մայիսի 1-ին աշխարհի քաղաքների փողոցներ է դուրս եկել 800 հազար մարդ, իսկ մեկ տարի անց՝ ավելի քան 1 միլիոն։ Տոնը Ռուսաստան է եկել Արևմուտքից, իսկ մեզ փոխանցվել է Ռուսաստանից։ 1992-ին Ռուսաստանի Դաշնությունում մայիսի 1-ը անվանակոչեցին «Գարնան և աշխատանքի տոն»: Հայաստանում, «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, մայիսի 1-ը նշվում է որպես Աշխատավորների օր և համարվում ոչ աշխատանքային:

Նույն օրենքի համաձայն՝ մայիսի 9-ին Հայաստանում նշվում է Հաղթանակի և խաղաղության տոնը, այդ օրը նույնպես համարվում է հանգստյան օր: Մայիսի 28-ը օրենքում նշված է որպես Հանրապետության տոն, այդ օրը նույնպես աշխատանքային չէ: Առջևում մայիսն է և հույսը, որ հայ ժողովուրդը ևս մեկ քայլ կմոտենա հաղթանակին դավաճանի ռեժիմի դեմ, որպեսզի վստահությամբ նայի ապագային…

Փաշինյանը գլխավորեց կառավարությունը երկրորդ փորձից, 2018 թվականի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման հաղթական գործողության մեկնարկի հերթական տարեդարձի օրը։ Բայց դա այլ խոսակցության թեմա է, և սա Մայիսի 1-ի և առաջին փորձի մասին էր: