ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՀՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԴ
Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխում են Ռուսաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Քանի որ ՀՀ–ում արտադրված ապրանքների վաճառքի 70 և ավելի տոկոսը իրականացվում է ՌԴ–ում, մարդը, այնուամենայնիվ, որոշում է կայացնում տեղափոխվել հենց այդ շուկա։ Որոշ կազմակերպություններ արդեն այդ որոշումը կայացրել են` տարածքի փնտրտուքների փուլում են, որոշները տատանվում են։ Մյուս մասն էլ, թերևս, ներկա իրավիճակով պայմանավորված` կգա այդ որոշման, որ պետք է իրենց բիզնեսը տեղափոխեն ՀՀ–ից»,– ասաց Սարգսյանը` ձեռնպահ մնալով ՌԴ տեղափոխվելու որոշում ընդունած կազմակերպությունների անուններ նշել` դրանց հարվածի տակ չդնելու համար։
Փոխարենը ասում է, թե որ ոլորտների մասին է խոսքը` խմիչքի, ծխախոտի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության։
«Մենք ամեն տարի ունենք վնաս կրող գյուղատնտեսական նշանակության բիզնեսներ, ջերմոցային տնտեսություններ։ Եվ ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր իրենց ջերմոցային տնտեսությունները տեղափոխել են Կրասնոդարի և Ռոստովի շրջաններ։ Իմ ճանաչած այդպիսի մարդիկ պատկառելի թիվ են կազմում»,– ասաց Սարգսյանը։
Հայաստանցի գործարաների հիմնական խնդիրը ոչ միայն ՀՀ–ում արդյունաբերական արտադրանքի բարձր ինքնարժեքն է` ներառյալ արտադրական ծախսերն ու հարկերը, այլև արտահանումը` Վերին Լարսի անցակետը պարբերաբար փակվելը և լոգիստիկ ծախսերի ազդեցությունը ապրանքի վերջնական ինքնարժեքի ձևավորման վրա։
Արդյունաբերական բիզնեսից բացի, մեր զրուցակիցը արձանագրում է նաև ՏՏ ոլորտի կազմակերպությունների լուրջ արտահոսք։
Նրա խոսքով` ՀՀ–ից արդեն հեռացել և շարունակում են հեռանալ 2022թ–ին ՌԴ–ից Հայաստան տեղափոխված կազմակերպությունները, ինչը արձանագրում են նաև ոլորտի մասնագետները։ Նրանց առաջիկայում կարող են հետևել նաև տեղական ընկերությունները։
«ՀՀ–ում պայմանների ոչ շահութաբեր լինելը ռելոկանտներին ստիպեց տեղափոխվել այլ երկրներ։ Հաջորդ քայլով արդեն ՏՏ ոլորտի տեղական կազմակերպությունները ևս որոշում կկայացնեն տեղափոխվել ՀՀ–ից, որովհետև պետության կողմից խոստացված խթանիչ քաղաքականությունը ոչ միայն բավարար չափով չի իրականացվում, այլև խոչընդոտող քաղաքականություն սահմանվեց` շահութահարկի դրույքաչափի 10 տոկոսի չափով»,– նկատում է Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ Հարկային օրենսգրքով կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով։
ՏՏ ոլորտի ընկերությունների համար 2022թ–ին սահմանվել էր արտոնություն` շահութահարկի 0%-ի հաշվարկով։ 2023-ին որոշվեց այս արտոնությունը երկարացնել մինչև 2024-ի ավարտը, բայց մասնակի` գործող 2 հիմնական արտոնություններից` շահութահարկի 0%-ից և եկամտայինի հարկի՝ 10%–ից մնաց միայն եկամտայինի հարկի մասով արտոնությունը։
Արդյունքում, մեր զրուցակցի կանխատեսմամբ, ՀՀ–ում տնտեսության ճյուղերից կմնան միայն առևտուրն ու ծառայությունները, որոնց դեպքում էլ բյուջեի համար էական չէ, թե ում ու ինչ ծավալի ծառայություն են մատուցում։ Իսկ առանց հիմնական ճյուղերի, տնտեսությունը վաղ թե ուշ դատապարտված է փլուզման։
Աուդիտորների պալատի նախագահը նկատում է, որ արդյունք ստեղծող բիզնեսը ՀՀ–ից հեռանում է, դրա փոխարեն ստեղծվում են խաղատնային և օնլայն խաղերի նորանոր ծառայություններ, ինչի մասին վկայում է այս ոլորտում անընդհատ գրանցվող աճը։
Համաձայն ՊԵԿ հրապարակած տեղեկատվության` ՀՀ–ում շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող 3 խոշոր ընկերությունների եկամուտներն այս տարի նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։ Եթե 2023թ–ի առաջին եռամսյակում բուքմեյքերական 3 ընկերությունները միասին 4 մլրդ 917 մլն դրամի հարկ էին վճարել, ապա 2024-ի առաջին եռամսյակում` 8 մլրդ 724 մլն։
Նելլի Դանիելյան, Sputnik Արմենիա